Չկա մի հասարակական կազմակերպություն, որը տրամադրված չլինի իրականացնել մեր հայրենիքի ամրապնդմանը, մեր հայրենիքի զարգացմանը միտված գործունեություն.Սեյրան Օհանյան
Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական գերատեսչության եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանն ու համատեղ անելիքներին վերաբերող բազմաբնույթ հարցեր:
Պաշտպանական բարեփոխումների շրջագծում բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը միտված ներկայացուցչական կազմով հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով նշեց, որ վերջին շաբաթների ընթացքում հասարակության բոլոր շերտերի միասնական եւ համախումբ աջակցությունն է մեծապես նպաստել, որ հայկական բանակը հակառակորդի սանձազերծած աննախադեպ լարվածության պայմաններում պատվով կատարի իր առջեւ խնդիրները:
Ողջունելով ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալված հասարակական կառույցների ներկայացուցիչներին եւ կարեւորելով հասարակության ներգրավվածությունը երկրի պաշտպանունակության ամրապնդման եւ անվտանգության ապահովման գործում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին բանակի կողքին մշտապես կանգնելու, զինված ուժերին սատարելու համար:
“Կարծում եմ, չկա մի հասարակական կազմակերպություն, որը տրամադրված չլինի իրականացնել մեր հայրենիքի ամրապնդմանը, մեր հայրենիքի զարգացմանը միտված գործունեություն: Անկասկած, հասարակական բոլոր կազմակերպություններն էլ ձգտում են այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել են այս կամ այն ժամանակահատվածում, պատշաճ կերպով փոխանցել մատաղ սերնդին, օրինակ` հայրենասիրական դաստաիարակության, հանարակրթական, տարբեր մշակութային միջոցառումներ իրականացնելու շրջանակներում”,-նշեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Սեյրան Օհանյանն ընդգծեց նաեւ, որ պաշտպանության նախարարության եւ հասարակական կազմակերպությունների կողմից համատեղ ծրագրերի իրականացումը շարունակական է լինելու, եւ համատեղ այդ ծրագրերն այսուհետ եւս պետք է բխեն մեկ միասնական գաղափարից՝ նպաստելով բանակաշինության, երիտասարդության հայրենասիրական դաստիարակության, հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար մարտիրոսված քաջ հայորդիների մեծարման եւ նրանց հիշատակը մշտապես վառ պահելու գործին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ազատամարտիկներին միավորող, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության հեռանկարներին եւ համատեղ անելիքներին առնչվող մի շարք հարցեր:
Ներկայացված առաջարկների եւ խնդիրների ուղղությամբ Սեյրան Օհանյանը համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ տվեց պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին: