“Հարսնաքարի” գործը Վճռաբեկ դատարանում է. Աստված Ռուբեն Հայրապետյանի հետ

“Հարսնաքարի” գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վճիռը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, սակայն դեռ վարույթ չի ընդունվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին դատապարտվել են այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Ավելին, դատապարտյալներից երկուսին՝ Գարիկ Մարգարյանին եւ Նորայր Հայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որը դրսեւորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով):
“Պայքարելու ենք մինչեւ վերջ դիմելու ենք մինչեւ Եվրադատարան”,-ասաց տիկին Նունեն: Վերջինիս խոսքով, պիտի հասնեն նրան, որ ամեն մեկը պատասխանատվության ենթարկվի իր արածի համար:
“Այդ բժիշկները մեկը մեկի հետեւից սուտ ցուցմունքներ տվեցին: Արման Խաչատրյանը կռվի ժամանակ այտեղ չի եղել; Այդ նույն օրը Արմանը զանգել է Գարիկին հարցրել, թե ինչ է եղել “Հարսնաքար”-ում: Բժիշկներին թելադրել է Եգորյանը, այդ դիտավորությունը հենց իրենցն է բժիշկները փաստաբանի հետ սուտ ցուցմունք են տվել ”,-ասաց Նունե Մարգարյանը՝ մեկ անգամ եւս հայտարարելով, որ ամեն քայլի գնալու են արդարության հասնելու համար:
Մեզ հետ զրույցում Նունե Մարգարյանը նաեւ զարմացավ որոշ լրատավամիջոցների աշխատանքից, որոնք անհարկի շահարկում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունը “Հարսնաքարի” գործով հոդվածներ գրելուց/”Հարսնաքարի” սեփականատերը Ռուբեն Հայրապետյան է-ԽՄԲ/:
“Ես Ռուբեն Հայրապետյանին ոչ լավ ասելու ունեմ, ոչ վատ ասելու: Աստված իրա հետ: Չի կարելի հենց նենց գրել էդ մարդու անունը: Մեր պայքարը արդարության համար է”,-ասաց Նունե Մարգարյանը: