Նախարարն ու դեսպանն ամփոփեց “Թվինինգ”-ը
Երեւանում այսօր տեղի է ունեցել “Աջակցություն դատական համագործակցությանը” ԵՄ “Թվինինգ” ծրագրի փակման միջոցառումը, որին ներկա է եղել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ:
Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել “Թվինինգ” ծրագրի կազմակերպիչներին եւ նշել, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է միջազգային կառույցների՝ մասնավորապես ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունը, որը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական պետության ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ արդարադատության առավել արդյունավետ համակարգի ներդրման հարցում:
Նրա խոսքով՝ “Թվինինգ” ծրագիրը մեծապես նպաստել է թարգմանությունների ինստիտուտի կայացմանը, որի շրջանակներում իրականացվող քայլերն առանցքային նշանակություն ունեցան քրեական եւ քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության եւ բաժնետիրական ընկերությունների ոլորտում:
“ԵՄ փորձագետները մեծ ներդրում ունեցան եվրոպական փորձի հաղորդման, մեր մասնագետների հմտությունների կատարելագործման եւ համակարգչային ծրագրերի ներդրման գործում: Այս ընթացքում կազմակերպվել են վերապատրաստման ծրագրեր ոչ միայն Արդարադատության նախարարության աշխատակիցների, այլեւ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորների, դատախազների, փաստաբանների համար”,-նշել է նախարարը:
Ծրագրի մշտական խորհրդատու Բերնդ Մեսերշմիթի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը արդյունավետ էր:
” Հայաստանը լավագույնս կատարել է իր առջեւ դրված խնդիրները: Մեծ աշխատանքներ են տարվել օրենքների մոտարկման եւ օրենքի նախագծերի պատրաստման աշխատանքներում: Ծրագրի նպատակն էր համապատասխան մեթոդոլոգիական մոտեցումներով խթանել ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ ճիշտ մոտեցումներ մշակելու օրենքների մոտարկման գործընթացի ապահովման համար”,- նշել է բանախոսը՝ հավելելով, որ իրենց կողմից այդ աշխատանքների ապահովման համար ցուցաբերվել է նաեւ նյութական աջակցություն:
Թարգմանությունների կարճաժամկետ փորձագետ, Լատվիայի Թարգմանությունների կենտրոնի ներկայացուցիչ Ինես Տրեյմանեն ծրագրի բաղադրիչ 3-ի ամփոփման ժամանակ հատուկ շնորհակալություն է հայտնել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին ծրագրի շրջանակներում արդյունավետ աշխատանքի եւ համագործակցության համար:
“Թվինինգ” ծրագիրը մեկնարկել է երկու տարի առաջ: Նպատակն է օժանդակել Արդարադատության նախարարության ներքին նորմատիվ եւ կազմակերպչական համակարգին՝ հնարավոր դարձնել արդարադատության հատվածի՝ անդամ պետությունների կողմից կիրառվող ԵՄ չափանիշների եւ լավագույն գործելակերպի հետ համահավասարեցումը, ինչպես նաեւ օժանդակել “Թարգմանությունների կենտրոն”-ի՝ արդի թարգմանչական մեթոդաբանությամբ եւ տեխնիկայով վերազինելուն:
ՀՀ ԱՆ տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին