23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ քաղաքների բնակչությունը միագիծ պակասում է համարյա առանց բացատրության․ 168.am

168.am-ը գրում է․ «Ժողովրդագրության արձանագրվող տենդենցները չեն փոխվում: Տասնամյակներ շարունակ շարունակում ենք պակասել: Հրապարակվել է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ: Իհարկե, կարելի է մխիթարվել՝ ասելով, որ բնակչության թվի կրճատման տեմպը նվազել է: Բայց նույն «հիմնավորումով» արդեն մխիթարվում ենք մոտ 20 տարի: Այս տարի հունվարի 1-ին մենք 5600-ով պակաս ենք, քան անցած տարվա սկզբին:

Վիճակագրությունը մշտական բնակչության քանակը հաշվում է՝ ըստ մայրաքաղաքի, մյուս քաղաքների և մարզերի: Իսկ դա հնարավորություն է տալիս այս կամ այն չափով նկատելի տեսնել թե՛ արտաքին, թե՛ ներքին միգրացիան:

Ժողովրդագրությունն արձանագրում է, որ բնակչության 5600 կրճատումն ինչ-որ իմաստով համաչափ է բաշխվել քաղաքային ու գյուղական բնակավայրերի բնակչության մեջ: 2019թ. ընթացքում քաղաքային ու գյուղական բնակչությունները նվազել են տարօրինակ համընկնմամբ նույն թվով՝ 2800 մարդով:

2019թ. ընթացքում բոլոր մարզերի բնակչությունը նվազել է: Ամենամեծ՝ Արմավիրի մարզից մինչև ամենափոքր՝ Վայոց ձորի մարզ: Այստեղ չի գործում «շատից շատ է պակասել, քչից՝ քիչ» բանաձևը, ինչից ակնհայտ է դառնում, որ միգրացիան մեր երկրում հստակ սոցիալ-տնտեսական պատճառներ ունի:

Մեր խոշոր մարզերը (Արմավիր, Արարատ) հիմնականում գյուղատնտեսության բարենպաստ պայմանների շնորհիվ՝ պակաս են պատուհասվում արտագաղթից: Այստեղ բնակչության վերարտադրությունն էլ միջինից բարձր է: Մեր երկու խոշոր մարզերը 2019-ին պակասել են ընդամենը 100-ական բնակչով:

Ամենամեծ չափով պակասել է Լոռու մարզը (բնակչության քանակը կրճատվել է 2200-ով): Այստեղ մահերի քանակը 2019-ին գերազանցել է ծնունդների թվին: Այսինքն՝ բնակչությունը պակասում է՝ անկախ արտագաղթի տվյալներից:

Կրճատման թվով՝ 1900 մարդ, երկրորդ տեղում Շիրակի մարզն է: Զբաղվածության ու գործազրկության մասին այս մարզերի տվյալներն իրենք բավական հիմնավոր բացատրություն են: Ճիշտ այնպես, ինչպես գյուղատնտեսության համար բարենպաստ պայմաններին գումարված հանքարդյունաբերության աշխատատեղերը՝ Սյունիքի մարզի համար ապահովել են երկրորդ տեղն ամենափոքր կրճատում ունեցող մարզերի մեջ:

Հանրապետության միակ բնակավայրը, որ վերջին տարիներին, հակառակ բնակչության քանակի ավելացման, փաստ է արձանագրում՝ Երևանն է: 2019թ. ընթացքում Երևանի բնակչության քանակն ավելացել է 2200-ով: Բայց նույնիսկ այս ցուցանիշը վերջին տարիների համեմատ նվազել է: 2018թ. ընթացքում մայրաքաղաքի բնակչությունն ավելացել էր 4200-ով: Իսկ հանրապետության մյուս քաղաքների բնակչությունը միագիծ պակասում է: Համարյա առանց բացառության:

Տեսեք՝ Գյումրիի բնակչությունը վերջին տարիներին պակասում է 1100-1500-ով: Տարեկան:

Հանրապետության երրորդ քաղաքի՝ Վանաձորի կրճատման գործակիցը մի փոքր ավելի ցածր է՝ 900-1300: Կրկին՝ տարեկան: Եվ կրկին՝ միագիծ:

Առանց լրացուցիչ ուսումնասիրության կարելի է ենթադրել, որ մայրաքաղաքի բնակչության աճը բնական չէ:

Մայրաքաղաքից էլ, ինչպես մյուս բնակավայրերից, շարունակում են արտագաղթել: Պարզապես Երևանի բնակչությունն աճում է ներքին միգրացիայի հաշվին, որովհետև ներքին միգրացիայի համարյա միակ կիզակետն է:

Որպես եզրակացություն՝ կարելի է արձանագրել, որ վերջին տասնամյակների ժողովրդագրական տենդենցները շարունակում են կայուն մնալ: Ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանություններին տեխնոպարկերով, բիզնես-բանկային կենտրոններով, արտագնա նիստերով ու համանման ավել-պակաս միջոցառումներով չի հաջողվում բեկել իրավիճակը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ