17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Խուլիգանական հարձակում ՕԵԿ-ի վրա

Այսօր, ժամը 9:30-ի սահմաններում, Ագրարային համալսարանի Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի անմիջական հրամանով եւ պրոռեկտոր Պ. Էֆենդյանի, ֆակուլտետի դեկան Ն.Բազիկյանի, Ս.Մարգարյանի, ամբիոնի վարիչ Ա.Ամիրյանի, ամբիոնի դասախոս Ա. Հակոբյանի, ուսանողական խորհրդի նախագահի եւ այլ աշխատակիցների անմիջական ղեկավարությամբ եւ հրահանգով ԲՈՒՀ-ի աշխատակազմը նախապես ծրագրավորված խուլիգանական հարձակում են գործել “Օրինաց երկիր” կուսակցության վրա` ջարդելով եւ քանդելով ՕԵԿ-ին պատկանող տարածքի ցանկապատը եւ այլ շինություններ` կուսակցությանը պատճառելով նյութական վնաս:

Բացի այդ վիրավորական արտահայտություններով, սպառնալիքներով հարձակումներ են գործել տարածքում գտնվող ՕԵԿ անդամ պատգամավորների եւ անդամների վրա, որի արդյունքում մարմնական վնասվածներ են հասցվել ՕԵԿ անդամ պատգամավորներին: Մասնավորապես, ցանկապատը ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովիկ Մարգարյանի վրա նետելու արդյունքում Հովհաննես Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց, ինչի կապակցությամբ դիմել ենք իրավապահ մարմիններին:

Հարկ է նկատել, որ վերջին ժամանակահատվածում վերը թվարկված անձինք մամուլով պարբերաբար սպառնացել են քանդել ՕԵԿ-ին պատկանող շինությունները: Նույնաբովանդակ կոչեր ու սպառնալիքներ հնչել են այսօր եւ շարունակում են հնչել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս 2008թ. Հայաստանի պետական ագրարային համալսարանի խորհուրդը, ռեկտոր Արշալույս Թարվերդյանի գլխավորությամբ, ՕԵԿ-ին իր համաձայնությունն էր տվել համապատասխան տարածքում վարչական շենք կառուցելու, ինչի վերաբերյալ առկա է պաշտոնական փաստաթուղթ, եւ որը հիմք է հանդիսացել քաղաքապետարանի համապատասխան որոշում ստանալու, նոտարական վավերացմամբ պայմանագիր կնքելու, կադաստրի սեփականության վկայական եւ շինարարության համար այլ փաստաթղթեր ձեռք բերելու  համար:

Ագրարային համալսարանի ղեկավարությունը վերը նշված փաստի վերաբերյալ պրոֆեսորադասախոսական կազմի հիմնական մասին եւ ուսանողությանը փաստացի տեղյակ չի պահել եւ վերջիններիս դրդում է հակաօրինական գործողությունների:

Այսօրվա խուլագանական գործողությունների արդյունքում Ագրարային համալսարանի կողմից ուժային միջոցներով քանդված ցանկապատը տվյալ վայրում առկա է եղել շուրջ 10 տարի, ինչի վերաբերյալ նույն Ագրարային համալսարանից երբեւէ ոչ մի բողոք չի եղել:

Հարկ ենք համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ “Օրինաց երկիր” կուսակցության գործողություններն ունեն փաստաթղթային հիմք:

Եվ քանի որ ներկայումս ընթանում է դատական գործընթաց, ապա միայն դատարանն է իրավասու ընդունելու համապատասխան որոշումներ:

 

“Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհուրդը անթույլատրելի եւ անօրինական է համարում նախադեպը չունեցող այս վայրագությունը եւ խստագույնս դատապարտում է Կառավարության եւ նրա ղեկավարի խուլ լռությամբ ուղեկցվող Ագրարային համալսարանի ռեկտորի եւ աշխատակազմի գործողությունները կուսակցության նկատմամբ: Կառավարության կողմից մինչ այժմ որեւէ քայլ չձեռնարկելը ենթադրում է, որ ԲՈՒՀ-ի 70-ամյա ռեկտորը գործում է նույն կառավարության թողտվությամբ, ինչի մասին բարձրաձայնում են ԲՈՒՀ-ի ղեկավարները:

Քաղաքական խորհուրդը դիմում է ՀՀ Կառավարությանը, Ոստիկանությանը, Գլխավոր Դատախազությանը եւ այլ պատկան մարմիններին վերը նշված փաստի կապակցությամբ ձեռնարկել գործուն քայլեր` կանխելու ԲՈՒՀ-ի ռեկտորի, ղեկավարության կողմից իրականացվող այս ապօրինի գործողությունները, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ՕԵԿ-ի վրա  խուլիգանական հարձակում գործած կազմակերպիչներին եւ անձանց:  

Միջադեպով հետաքրքրված դիվանագիտական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ լրագրողներին տեղեկացնում ենք, որ “Օրինաց երկիր” կուսակցությունը հետեւողականորեն շարունակելու է իր իրավունքների համար մղվող պայքարը մինչեւ արդարության վերականգնումը:

 

ՕԵԿ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ