23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կունենանք գործազրկության կանխատեսելի կտրուկ աճ. «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության Տնտեսական հանձնախումբը հայտարարություն է տարածել.

Ճգնաժամի պայմաններում՝ սնանկության ու հարկային վարչարարության հարակից հարցերի վերաբերյալ

2020 թվականի ապրիլի 13-ին «Ազգային օրակարգ» կուսակցության Տնտեսական հանձնախումբը կազմակերպել էր տեսակոնֆերանս՝ նվիրված ճգնաժամի պայմաններում սնանկության ու հարակից հարկային վարչարարության հարցերի վերաբերյալ։ Կոնֆերանսին մասնակցել են մի քանի տասնյակ տնտեսագետներ, իրավաբաններ, ֆինանսիստներ և հանրային գործիչներ, որոնց համատեղ քննարկման արդյունքում մշակվել են ստորև ներկայացվող առաջարկությունները։

Նոր կոռոնավիրուսի (Covid-19) համավարակի արդյունքում ստեղծվել է մի առանձնահատուկ ֆինանսատնտեսական ճգնաժամային իրավիճակ, երբ պետություններն իրենք են սահմանափակել տնտեսական գործունեության բազմաթիվ ուղղություններ՝ հիմնականում ծառայությունների մատուցման։ Ուստի պետությունն ունի պոզիտիվ պարտականություն համաչափորեն նվազեցնելու իր կողմից պարտադրված սահմանափակումների սոցիալ-տնտեսական հետևանքները։ Այդ առումով պետությունները փորձում են համապատասխանեցնել իրենց ֆիսկալ քաղաքականությունները ստեղծված ֆինանսա-տնտեսական իրավիճակին։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է ծախսային քաղաքականության հիշյալ գործընթացը՝ մշակելով որոշակի աջակցության միջոցառումներ՝ սկսած ֆիզկական անձանց սոցիալական օժանդակությունից մինչև ձեռնարկություններին արտոնյալ պայմաններով վարկավորման ծրագրերը։ Սակայն ֆիսկալ քաղաքականության մասը կազմող մյուս՝ հարկային քաղաքականությունը բացարձակապես չի համապատասխանեցվել ստեղծված իրավիճակին։

Հարկային քաղաքականության նպատակը ոչ միայն պետության ֆինանսական միջոցների կուտակումն է այլ նաև երկրի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման կարգավորիչ ներգործությունն է։ Հարկային վճարումների հետաձգումը, հարկային պարտավորություններից ազատումը, հարկային դրույքաչափերի նվազեցումը, հարկային ստուգումների կասեցումը, ձեռնարկությունների դեմ սնանկության վարույթների հարուցման գործընթացի կասեցումն այն գործիքներն են, որոնք բազմաթիվ երկրներ կիրառում են համավարակի բացասական ֆինանսա-տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով։

Վերոնշյալ գործիքներից հատկապես կարևոր է հարկային մարմնի կողմից ձեռնարկություններին սնանկ ճանաչելու դիմումների ներկայացման գործընթացի կասեցումը։ Նման քաղաքականության շարունակումը ներկա պայմաններում կարող է հանգեցնել մի շարք մասշտաբային բացասական հետևանքների, ինչպիսիք են՝
 Քաղաքացիական շրջանառությունից դուրս կմղվեն իրական ներուժ ունեցող բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ,
 Քաղաքացիական շրջանառությունից դուրս մղված սուբյեկտների հետ տնտեսական հարաբերություններ ունեցող մնացած մասնակիցների համար նույնպես կառաջանան իրական ֆինանսական ռիսկեր,
 Համատարած սնանկությունների պարագայում կառաջանա օտարվող ակտիվների աննախադեպ աճ՝ արդյունքում հրապարակային սակարկությունների միջոցով այդ ակտիվների իրացվելի գները կնվազեն, ինչն էլ իր հերթին ուղղակիորեն կազդի պարտատերերի պահանջների բավարարման ծավալների վրա,
 Բացի այդ, այդ էապես էժան արժեքով օտարվող ակտիվները կենտրոնանալու են էական ֆինանսական ռեսուրսներ ունեցող «քչերի» ձեռքում,
 Հնարավոր բացասական ազդեցություն կունենա երկի սոցիալական իրավիճակի վրա։ Մասնավորապես՝ կունենանք գործազրկության կանխատեսելի կտրուկ աճ։

Տեսակոնֆերանսի մասնակիցները բացի հիմնական նպատակին վերաբերվող քննարկումներից, առաջարկներ հնչեցրեցին ներկայիս համավարակային և արտակարգ իրավիճակով պայմանավորված և սկիզբ առնող տնտեսական և սոցիալական ճգնաժամի վերաբերյալ։ Արդյունքում նախանշվեցին այն առաջնային գործողությունները, որոնք վերոնշյալ իրավիճակից խուսափելու նպատակով անհրաժեշտ է անհապաղ դիտարկել։ Մասնավորապես, առաջարկվում է վերանայել պետության հարկային քաղաքականության և վարչարարությունը հետևյալ ուղղություններով՝

I. Ձեռնարկությունների սնանկացման նախականխման միջոցառումներ
1. առանձնացնել իրացվելիության խնդիր ունեցող ոլորտները և մշակել այդ ոլորտներին թիրախային և եկարաժամկետ (բավարար) աջակցություն տրամադրելու ծրագրեր,
2. Կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման թիվ 1-ին ծրագրով նախատեսված է ձեռնարկություններին վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով օժանդակություն՝ հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների վճարման նպատակով։ Գտնում ենք, որ առավել արդյունավետ կլինի մշակել հարկային պարտավորությունների տարաժամկետման (հետաձգման) կարգավորումներ, քան ձեռնարկություններին վարկավորել, որպեսզի իրենք կատարեն իրենց հարկային պարտավորությունները։

II. Ձեռնարկությունների սնանկացման կանխարգելման գործողություններ
1. նախաձեռնել փոփոխություն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում և նախատեսել համապատասխան բացառություն՝ որոշակի արտակարգ իրավիճակներում (ընդ որում՝ ոչ միայն այն դեպքում, երբ հայտարարված է արտակարգ դրություն) պայմաններում ՀՀ կառավարության որոշմամբ օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետը չպահպանելու համար,։ Մասնավորապես՝ Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ՝ «Կառավարության որոշմամբ սահմանված կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին մասի ա) ենթակետով նախատեսված 6-ամսյա ժամկետը կարող է երկարացվել։»։
2. այս պահին արդեն հրաժարվել բոլոր այն դիմումներից, որոնք ընդունվել են դատարանի վարույթ, սակայն դեռևս առկա չէ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ,
3. ավելացնել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին սնանկ ճանաչվելու համար սահմանված պարտավորության չափը (1,000,000 ՀՀ դրամը)։

III. Սնանկության պրոցեսի մեջ գտնվող ձեռնարկություններին առողջացնելու և նորմալ քաղաքացիական շրջանառություն վերադարձնելու միջոցառումներ
1. օգտվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2019 թվականի փոփոխությամբ նախատեսված նոր իրավակարգավորումից և կառավարության որոշմամբ սահմանել սնանկության վարույթում ՊԵԿ կողմից պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու կարգ ու դեպքեր,
2. մշակել և ներդնել ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների սնանկության պարագայում ֆինանսական առողջացման մոդելային միջոցառումների ծրագիր։ Հիմնականում՝ ծրագրային վարկավորման և այլ ուղղակի ֆինանսավորման գործիքներով:

Վերոնշյալ միջոցառումները չիրականացնելու պարագայում ունենալու ենք սնանկացող տնտեսվարողների աննախադեպ աճ, որի պարագայում երկրի տնտեսության երկարատև անկումն անխուսափելի է դառնալու։ Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին՝ արագ արձագանքել բարձրացված խնդիրներին, և ներկայացված առաջարկների հիման վրա իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ՝ խուսափելու ձեռնարկությունների մասսայական սննանկություններից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ