23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հաշվետու ժամանակահատվածում Կառավարությանը հաջողվել է ապահովել ՀՀ ներքին ու արտաքին անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան

Ապրիլի 4-ին  ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում մեկ հարց էր. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Զեկույցը ներկայացնող Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի փոխանցմամբ՝ զեկույցի հաշվետվողականությունը համընկավ մի ժամանակաշրջանի հետ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է Կորոնավիրուսի համավարակի դեմ:

Ըստ նախարարի՝ համավարակը կաթվածահար է արել միջազգային համագործակցությունը, միևնույն ժամանակ՝ ընդգծելով այդ համագործակցության կարևորությունը:

 Նախարարն իր զեկույցով ներկայացրեց  2019 թվականին տարբեր ոլորտներում  կառավարության գործունեության արդյունքները, մասնավորապես, նրա փոխանցմամբ՝  «2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, և Կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է՝ ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով»,- նշված է զեկույցում։

 Արտաքին և ներքին անվտանգության ապահովում

Ըստ ներկայացված զեկույցի՝ «Հաշվետու ժամանակահատվածում Կառավարությանը հաջողվել է ապահովել Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությունը: Հայաստանի և Արցախի ռազմական պաշտպանունակության ամրապնդումը, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը և ներքին կայունության ապահովումը նպաստավոր պայմաններ են ստեղծել բարձր տնտեսական աճ արձանագրելու համար: Հավասարակշռված արտաքին քաղաքականության շնորհիվ հաջողվել է ընդլայնել և ամրապնդել միջազգային գործընկերային կապերը, իսկ տարբեր ոլորտներում արձանագրած առաջընթացի շնորհիվ՝ բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը»:

Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտում իրականացված քաղաքականությանը, ապա, ըստ զեկույցում ամրագրված ձևակերպման.

«Կառավարությունը համալրել է զինված ուժերի սպառազինությունը որակապես բարձր և ժամանակակից զինտեխնիկայով: Ձեռք է բերվել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐՄ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ:

Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, հարյուրավոր միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են 26%-ով։ Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր ընկերությունների կողմից իրականացվում է 41 զորամասի բարձրակարգ և որակյալ պարենավորումը: Բարելավվել է մարտական դիրքերի սննդակարգը: Շարունակվում են համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավման և հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները: Սահմանապահ 152 մարտական դիրք ապահովվել է ջրամատակարարմամբ, արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել է 53 մարտական դիրք։

Շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվի ևս 45 մարտական դիրք։ Շուրջ 388 լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր: Տեղադրվել են մարտական (կրակային) նոր դիրքեր: Շարունակվել են հենակետերը տեսադիտարկման, ազդարարման համակարգերով, ինքնաշխատ կառավարվող զենքերով կահավորելու աշխատանքները: Մարտական դիրքերը, հենակետերը և հերթապահության վայրերը համալրվել են էլեկտրական հոսանքով, արևային էներգիայով սնուցվող վահանակներով և խմելու ջրով:

Պաշտպանական գոտիներում կառուցվել են 4 ՊՀԿ-ի շրջաններ, գումարտակների, վաշտերի կենտրոնացման շրջաններ, ծածկած խրամաճեղքեր, տանկերի և ՀՄՄ-ի խրամատներ, տեխնիկայի թաքստոցներ, նորոգվել են ամրաշինական կառույցներ: Զորամասերը համալրվել են ինժեներական տեխնիկայով: Կապիտալ վերանորոգվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի գլխավոր մասնաշենքը:

2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զինծառայության հետ կապված զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Կառավարության նախաձեռնությամբ զինծառայողների ապահովագրության հիմնադրամն սկսել է փոխհատուցում տրամադրել նաև 2008-2016 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին, կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։

Այսպիսով, ևս 339 շահառու ամսական կստանա 100-400 հազար դրամ փոխհատուցում։ Կառավարության մեկ այլ նախաձեռնությամբ զինծառայողների ապահովագրության հիմնադրամում ներկա պահին քննարկվում է նաև 1998-2008 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին, կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին փոխհատուցելու հարցը։ Հատկացվել է 5.7 միլիարդ դրամ զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար։

Դրա շնորհիվ ծրագրի 1141 շահառուներից 119-ը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացել են բնակարաններ։ ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 5 բնակելի շենք՝ Գորիսում (20 բնակարան), Սիսիանում (28 բնակարան), Վայքում (44 բնակարան), Գյումրիում (44 բնակարան) և Չոփրլուում (33 բնակարան): Զինծառայողների բնակելի տարածությունների վարձակալության դրամական փոխհատուցումների չափը 2019 թվականի հունվարի 1-ից ավելացել է մինչև 35%-ով: Նախկինում անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ ստացած 151 զինծառայողի և նրանց ընտանիքների անդամներին, ովքեր սահմանված կարգի համաձայն՝ համարվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, բնակարանները տրամադրվել են անհատույց սեփականության իրավունքով:

Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային գործերի ուսումնասիրությունից հետո զոհված (մահացած) զինծառայողների 75 ընտանիքի բնակարանային ապահովումն իրականացվել է բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով: Սպայական և ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել 2020 թվականի հունվարի 1-ից արտոնյալ հիպոթեքային վարկեր ստանալու. առաջնային շուկայից բնակարան ձեռք բերել փաստացի 0 % տոկոսադրույքով, երկրորդային շուկայից՝ առավելագույնը 9 % տոկոսադրույքով, որից 3 %-ը սուբսիդավորվելու է պետական բյուջեից»:

Խորհրդարանականներին ՀՀ արտաքին գործերի նախարարի ներկայացրած զեկույցի համաձայն՝ հաշվետու տարում «բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ: Եթե 2018 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 203,539 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թվականի ընթացքում դրանց թիվն աճել է 42,882-ով կամ 21.1%-ով՝ կազմելով 246,421: 141-ով կամ 10.4%-ով աճել են այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմել են ոստիկանություն՝ նախկինում իրենց կողմից չհայտնած դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը: Ներդրվել է ՀՀ ոստիկանության ծառայողների աշխատանքի վարձատրության և արդյունավետության գնահատման պարգևատրումների նոր համակարգ։ Վերջինս հնարավորություն է ընձեռում հանցագործությունների բացահայտման և կանխարգելման գործում արդյունավետ ակտիվություն ցուցաբերած ոստիկաններին ստանալու իրենց ամսական աշխատավարձը երկու, երեք անգամ գերազանցող պարգևավճարներ:

Մշակվել է և 2020 թ.-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակը երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելն է՝ բացառելով նախկինում գործող՝ քաղաքացիներին տուգանելու պետական շահագրգռության բաղադրատարրը:

Վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիաներից 24-ը նվազեցվել են մոտավորապես 50 տոկոսով, և այժմ երթևեկության կանոնների խախտման համար առավելագույն տուգանքի չափը 29,000 դրամ է՝ նախկին 500,000 դրամի փոխարեն։ Ընդունվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն՝ քրեական աստիճանակարգությանը պատկանելը, այն է՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից լինելը ինքնին կհամարվի հանցագործություն»:

 Սփյուռքի հետ կապերը

2019 թվականի  հունիսի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմում  ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ձևավորումից հետո աշխատանքներ են կատարվել՝  գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունների հստակեցման և առաջիկա տարիներին աշխատանքների ծրագրման: Հաշվետու ժամանակահատվածում ակտիվ է եղել մասնագիտական տարբեր ցանցերի հետ համագործակցությունը։ Երևանում տեղի է ունեցել 5-րդ Հայ բժշկական համաշխարհային համագումարը (435 բժիշկ 21 երկրից), Հայկական առևտրային ցանցի Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովը (197 մասնակից 25 երկրից), «Ակցիա առողջություն. Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողովը (380 մասնակից):

Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչների համար կազմակերպվել է հայրենաճանաչության, մասնագիտական վերապատրաստման վեց ծրագիր (ավելի քան 500 մասնակից): ՀՀ կառավարությունը փոխհատուցել է հայաստանյան բուհերում սովորող 39 սիրիահայ ուսանողների 2019-2020 թվականների ուսման վարձավճարների 40%-ը, ևս շուրջ 160 ուսանողների վարձավճարների մի մասը փոխհատուցել են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը:

Գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում «Իզմիրլյան» հիմնադրամը 694 սիրիահայերի տրամադրել է անվճար բժշկական օգնություն: 2019 թվականին ՀՀ բուհեր են ընդունվել 870 սփյուռքահայ դիմորդներ, որոնցից 84-ը՝ անվճար: Իրան, Բելգիա, Ֆրանսիա, ՌԴ, Սինգապուր, Իտալիա, ԱՄՆ կատարած այցերի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լոս Անջելեսի Գրանդ Փարքում ՀՀ վարչապետի հրավիրած հանրահավաքն իր ծավալներով եղել է աննախադեպ. մասնակիցների թիվը գերազանցել է 20 հազարը: Համահայկական հիմնադրամի 2019 թվականի նվիրատուների թիվը կազմել է շուրջ 35 644՝ 32%-ով ավելի՝ 2018 թվականի, և 47%-ով ավելի՝ 2017 թվականի նվիրատուների թվից»:

Զեկույցում զգալի տեղ է հատկացված կոռուպցիայի դեմ  իրականացված պայքարին և հանրային կառավարման բարելավմանը։ Ըստ այդմ՝ «2019 թվականին ձևավորվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացման 10 հարցերով իրավասու ինքնավար մարմին: Հատկանշական է, որ ձևավորված մարմնի նախագահ է ընտրվել ընդդիմության առաջադրած թեկնածուն:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործերից 120-ը կամ 24%-ը եղել են կոռուպցիոն գործունեության դեմ ուղղված քրեական գործեր։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 3.9 մլրդ դրամ: 2019 թվականի ընթացքում Քննչական կոմիտեում քննվող գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1.085 միլիարդ դրամ գումար, որը 2018 թվականին վերականգնված 940 միլիոն դրամ գումարից ավելի է 15%-ով, իսկ 2017 թվականի վերականգնված 193 միլիոն դրամ գումարից՝ 462%-ով:

Իրավաբանական անձանց և քաղաքացիներին պատճառված վնասից հաշվետու տարում վերականգնվել է 732 միլիոն դրամ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած գործողությունների շնորհիվ 2019 թվականին պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված վնասից վերականգնվել է շուրջ 652 միլիոն դրամ: 2019 թվականին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 1,280 դեպք: Կոռուպցիոն հանցագործություններից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 135-ը՝ պաշտոնական կեղծիքի, 299-ը՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, 60-ը՝ պաշտոնական լիազորություններն անցնելու, և այլն:

2019 թվականի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում գտնվող քրեական գործերով ձեռնարկված հետևողական միջոցառումների շնորհիվ հաջողվել է ապահովել հանցագործություններով պետությանը պատճառված վնասի աննախադեպ չափերի վերականգնում. վերականգնվել է 4 միլիարդ 353.8 միլիոն դրամ, որը 2018 և 2017 թվականների վերականգնված գումարներից ավելի է շուրջ 133 անգամ:

Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ 2019 թվականի ընթացքում վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիների ընթացքում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597.6 միլիոն դրամ: Ընդ որում, սա միայն կանխիկ գումարով պետության բյուջե վերադարձված գումարի չափն է. դրանից բազմակի անգամ ավելի չափով կալանք է դրվել մեղադրյալներին իրավաբանորեն և փաստացի պատկանող շարժական և անշարժ գույքերի, ինչպես նաև հանցագործության առարկա ակտիվների վրա, որոնք կտնօրինվեն դատական ակտերով:

Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետությունն ըստ արժանվույն գնահատվել է ինչպես Հայաստանի հանրության, այնպես էլ միջազգային կառույցների կողմից. «Transparency International»-ի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքերը նախորդ տարվա համեմատ բարելավել է միանգամից 28 հորիզոնականով, ընդ որում, կոռուպցիայի ընկալման համաթվի միավորը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 7-ով:

Արդյունավետ և մրցունակ պետական կառավարման համակարգ ունենալու նպատակով 2019 թվականին Կառավարությունը նախաձեռնեց կառավարման համակարգի օպտիմալացման և արդյունավետության բարձրացման գործընթաց, որի շրջանակներում իրականացվեց Կառավարության կառուցվածքի փոփոխություն՝ նախարարությունների թիվը 17-ից դարձնելով 12:  Նշված գործընթացի հիմնական նպատակը ոչ թե ֆինանսական միջոցների խնայողությունն է, այլ Կառավարության և պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը: Նշված փոփոխությունների շնորհիվ մի շարք դեպքերում հնարավոր է ապահովել քաղաքականության մշակման գործառույթի որակի բարձրացում՝ ռազմավարական պլանավորման և միասնականության ապահովման շնորհիվ»:

Միգրացիա

«Միգրացիոն ծառայությունը 2019 թվականի փետրվարից շահագործել է Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգը (ՌՀԿԷՀ)։ ՌՀԿԷՀ-ի շնորհիվ ապահովվում է անձի վերաբերյալ ռեադմիսիոն հայցի և պատասխանի փոխանցման գործընթացի իրականացումը՝ դարձնելով այդ ընթացակարգերն առավել սահուն և արագ։ Ներկայումս ՌՀԿԷՀ-ի միջոցով հետընդունման հայցեր ստացվում են Գերմանիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Ավստրիայի և Ֆրանսիայի միգրացիոն հարցերով զբաղվող համապատասխան 37 մարմինների ներկայացուցիչներից։

ՀՀ-ԵՄ աշխատանքային տարբեր խողովակներով ևս ընթացիկ տարվա ընթացքում բազմիցս երկկողմանի ջանքեր են գործադրվել՝ կողմերի հնարավորինս անխափան աշխատանքն ապահովելու համար։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ 2006 թվականից ի վեր, արձանագրվել է սահմանահատումների՝ ելքերի և մուտքերի դրական մնացորդ՝ 2019 թվականին կազմելով 10 հազար 506 մարդ։

ՀՀ քաղաքացիների դեպքում վերոնշյալ ցուցանիշը շարունակում է մնալ որոշակիորեն բացասական, սակայն դինամիկան նշանակալիորեն կրճատվել է, մասնավորապես՝ 2019 թվականին այն կազմել է -6,529 ՀՀ քաղաքացի, 2018 թվականին՝ -4,585 քաղաքացի, մինչդեռ 2017 թվականին՝ -36,201, իսկ 2016-ին՝ -54,031 քաղաքացի։ Կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ դրամ է տրամադրվել Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար. այս ուղղությամբ Կառավարությունը 10 տարի գրեթե ոչինչ չէր արել։ 2019 թվականի հունվար-հոկտեմբերին ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է ռեկորդային ցածր՝ 2,950 ՀՀ քաղաքացի, որը 2017 թվականի (5,615 հայտ) նույն ժամանակատվածի համեմատ՝ կրճատվել է 90.3%-ով, իսկ 2018 թվականի (4,225 հայտ) դիտարկվող ժամանակահատվածի համեմատ՝ 43.2%-ով»։ Կառավարության 2019թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացնելուց հետո ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց պատգամավորների հարցերին։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ