24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարության միջոցառումները սխալ են հաշվարկված. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ապրիլի 27-ից Հայաստանում սկսեցին բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումներ իրականացնել կոմունալ վճարները ժամանակին չիրականացրած բաժանորդների համար, և առաջիկա օրերին դա դառնալու է մարդկանց համար առավել ցավոտ խնդիրներից մեկը։

Մինչև համավարակով պայմանավորված ճգնաժամը, Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի վճարումների կարգապահությունը մշտապես բավական բարձր է եղել, մարդիկ գիտեին, որքան միջոցներ ունեն, որքան պետք է սպառեն, որպեսզի իրենց համեստ եկամուտներով, կարողանան փակել իրենց ծախսերը։ Համավարակը ամեն ինչ խառնել է իրար՝ բազմաթիվ ընտանիքներ արդեն սպառել են այդ գազը կամ էլեկտրաէներգիան, սակայն զրկվել են իրենց համեստ վաստակից, չունեն կուտակված միջոցներ, և այլևս հնարավորություն չունեն հիմա այդ վճարումները կատարելու։

Այս ֆորս մաժորային իրավիճակում, որը առանձին վերցված որևէ ընտանիքի մեղքով չի առաջացել, համակարգային լուծում պետք է տա երկրի Կառավարությունը։ Այն պետք է կամ բանակցի հիմնական էներգետիկ ընկերությունների հետ՝ հետաձգելու վճարումները, դրա դիմաց նրանց տարբեր արտոնություններ տրամադրելով, և կամ էլ պետք է աջակցի այն ընտանիքներին, որոնք առավել սուր կարիքի առաջ են կագնած։ Հայաստանում ընտանիքների մոտ մեկ քառորդը (մոտ 200 000 ընտանիք) ապրում է աղքատության շեմից ցածր, և խոսքը գնում է առաջին հերթին այս ընտանիքների մասին, նրանք պետք է լինեին Կառավարության աջակցության հիմնական թիրախում։

Ապրիլի առաջին կեսին, Կառավարությունը գործարկել է հակաճգնաժամային 13 տարբեր միջոցառում։ Այս միջոցառումներից 9-ը, 11-13-ը հասցեագրված են սոցիալապես անապահով ընտանիքներին, սակայն դրանք կազմած են այն ձևով, որ այդ միջոցառումների շրջանակներում հատկացվող միջոցները ակնհայտ անբավարար են նույնիսկ կոմունալ վճարումներ կատարելու համար։ Դա կարելի է տեսնել պարզ օրինակի վրա՝ ենթադրենք, երիտասարդ ընտանիքը բաղկացած է ամուսիններից և նրանց մեկ անչափահաս երեխայից, տան տղամարդը աշխատել է օրավարձով և հիմա առանց աշխատանք է մնացել, կինը երեխային է մեծացնում, և ընտանիքը սպառել է ուղիղ 30 000 դրամի գազ, և 10 000 դրամի էլեկտրաէներգիա։ Այդ դեպքում ընտանիքը 9-րդ միջոցառմամբ կստանա 26,500 դրամ, 11-12-րդ միջոցառմամբ՝ 12 000 դրամ, 13-րդ միջոցառումը իր վրա չի տարածվի, քանի որ նպաստառու չի եղել: Հանրագումարում, կստացվի 38 500 դրամ, որը չի ծածկում նույնիսկ կոմունալ ծախսերը, չհաշված սննդի, հիգիենայի, և նվազագույն սպառողական զամբյուղի այլ ծախսերի մասին։

Սա ցույց է տալիս, որ Կառավարության միջոցառումները սխալ են հաշվարկված, և հաշվի չեն առնում իրական մարդկանց իրական կարիքները։ Պնդումները, որ կառավարության միջոցները չեն բավարարում, ոչ մի քննադատության չեն դիմանում։ Ապրիլի 22-ին կայացած խորհրդակցությանը, վարչապետ Փաշինյանը հայտնեց տարբեր միջոցառումների շրջանակներում Կառավարության կողմից ծախսած թվերը, որից պարզ դարձավ, որ վերը նշված 9, 11,12,13 միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ծախսել ընդհանուր 5,2 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ միայն 1-ին միջոցառման համար, որով վարկավորվում են ձեռնարկությունները, արդեն ստացվել է 18 միլիարդ դրամի հայտ։ Հավելեմ նաև, որ Հայաստանի պետական բյուջեն 2020 թ․ ծախսերի գծով կազմում է 1 855 միլիարդ դրամ, այսինքն սոցիալական աջակցության թվարկած միջոցառումները կազմում եմ այդ բյուջեի ընդամենը 0,3%-ը, կամ փաստացի՝ ոչ էական թիվ։

Նախկինում նշել եմ մի քանի անգամ, և հիմա էլ ցանկանում եմ կրկնել՝ ճգնաժամի հետ կապված պետական աջակցությունը պետք է այս փուլում ուղղել ոչ այնքան ձեռնարկություններին, որքան կարիքավոր ընտանիքներին, քանի որ նրանք արդեն ֆիզիկական գոյության խնդրի առաջ են կանգնում։ 200 000 առավել կարիքավոր ընտանիքները, որոնց մասին գնում է խոսքը, պետությունից պետք է համարժեք աջակցություն ստանան, որը նրանց հնարավորություն կտա հաղթահարել ճգնաժամը։

Խոսքը գնում է ամսական 20-25 միլիարդ դրամ աջակցության մասին, որը զգալի թիվ է, սակայն մեր պետական բյուջեի շրջանակներում, կարելի է այն հայթայթել այլ ծախսերի վերախմբավորման հաշվին։ Օրինակ, ճանապարհաշինության ծրագիրը 2020 թ․ նախորդ տարվա նկատմամբ ավելի քան կրկնապատկվել է և կազմում է 98 միլիարդ դրամ, դա նույնիսկ նորմալ պայմաններում շքեղություն է, իսկ ճգնաժամի պայմաններում, այդ միջոցների զգալի մասը կարելի է վերաբաշխել սոցիալական աջակցությանը։ Ի վերջո, եթե միջոցները չհերիքեն, պետք է ավելացնել բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը, բայց դա հաստատ համաշխարհային ճգնաճամի պայմաններում չարյաց փոքրագույնն է, շատ ավելի վատ կլինի, եթե մարդիկ հազարներով դուրս գան փողոց, և դիմեն հուսահատ քայլերի։

Անկեղծ հուսով եմ, որ դրան չի հասնի՝ Կառավարությունը ընդունակ կլինի իրատեսականորեն գնահատել իրավիճակը, և դրան համարժեք արագ արձագանքել առաջիկա օրերին։ Մինչ այդ, մեր համաքաղաքացիներին համբերություն և տոկունություն եմ ցանկանում՝ միասին դուրս գալու այս ծանր վիճակից»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ