Հայաստանը պետք է հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ ձևավորի. «Ազգային օրակարգ»
Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջիկայում ձեւավորի հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կառավարության կողմից Արեւմտյան Հայաստանում եւ կայսրության այլ հայաբնակ տարածքներում իրականացրած Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Մեր ազգի պատմության այս մեծագույն ողբերգության պատճառով, մենք կորցրեցինք ոչ միայն մեկ միլիոնից ավել անմեղ կյանք, այլեւ մեր պատմական հայրենքի մեծ մասը եւ այնտեղ հազարավոր տարիների ընթացքում ստեղծված վիթխարի քաղաքակրթական ժառանգությունը։
Մեր ազգը մինչեւ հիմա չի վերականգնվել Ցեղասպանության հասցրած ծանրագույն հարվածից, մեր պատմական հայրենիքի մեծ մասը շարունակում է մնալ ավերակների մեջ օտարի իշխանության տակ, իսկ Ցեղասպանությունը վերապրողների սերունդներն էլ ցրված են աշխարհով մեկ՝ զրկված սեփական հայրենիքում ապրելու բնատուր իրավունքից։
Չունենալով սեփական պետություն, եւ տրվելով օտարների սին խոստումներին, մենք չկարողացանք կազմակերպել մեր երկրի եւ ժողովրդի լիարժեք պաշտպանությունը, իսկ Ցեղասպանությունից եւ պատերազմից հետո էլ, կորցրեցինք մեր կորուստների դիմաց իրական հատուցում ստանալու եզակի պատմական հնարավորությունը։ Այսօր, Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց, Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ հանդիսացող Թուրքիան շարունակում է ոչ միայն մերժել Ցեղասպանության իրողությունը, այլեւ ուժային շանտաժի ենթարկել Հայաստանի Հանրապետությանը, ակնկալելով, որ այն կհրաժարվի հայ ազգի հավաքական իրավունքների համար պայքարից, եւ պատրաստ կլինի համակերպվել առկա իրողություններին։
Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է տրվի այդ ճնշումներին, եւ գործելով սփյուռքի հայության հիմնական կազմակերպված ուժերի հետ համատեղ, պետք է ստանձնի հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգման հավաքական պատասխանատվությունը։
Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջիկայում ձեւավորի հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ, որի հիմքում Ցեղասպանության անվերապահ ճանաչումն է, եւ դրա արդյունքում հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների համար Թուրքիայի Հանրապետության կողմից առարկայական հատուցման տրամադրումը։ Միայն այդպիսի հատուցումը կարող է հիմք հանդիսանալ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքայի միջեւ միջպետական հարաբերությունների վերականգման համար։
Մինչ այդ, մենք շարունակում ենք սգալ մեր բազմահազար անմեղ զոհերին, եւ ոգեկոչում ենք նրանց հիշատակը՝ պայքարելու ուժ եւ տոկունություն տալու բոլոր ապրողներին։