23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ չենք կարողանում հասցնել իշխանություններին, որ այսպես պետություն ենք կորցնում․ Լիա Իվանյան. Panorama.am

Panorama.am-ը գրում է. Պատկերացնենք հիպոթետիկ իրավիճակ, իբր  Ալիևը Զանգեզուրում թեյ է խմում։ Եթե հասել է դրան, ուրեմն ի՞նչ պետք է արած լիներ դրանից առաջ․․․ այո՛, կբանտարկեր Ղարաբաղյան շարժման առաջնորդներին, հատկապես Ռոբերտ Քոչարյանին, ով տարիներ շարունակ վիժեցրել էր իր ու  իր սիրասուն հայրիկի հայատիրական պլանները։

Հիմա Ալիևը Զանգեզուրում թեյ չի խմում ու երբեք  էլ չի խմի, բայց Քոչարյանը բանտում է։
Սա արդեն ֆանտազիայի ժանրից  չէ, այլ 20 ամիս ձգվող  իրականություն։
Եվ  ո՞վ մատուցեց այդ անհավանական նվերը ադրբեջանցուն․․․ ոչ ավել ոչ պակաս՝ Հայաստանի վարչապետը։ Ով ինչ ասես կարող է մտածել,  բայց դարերից եկած ճշմարտությունն ասում է՝ «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է»։
Իսկ  ինչպե՞ս  է վերաբերվում պետության այս խարանին  «ծովից-ծովի» հուշերով ոգևորվող հայ ժողովուրդը։ Սա էլ մի առանձին խայտառակություն է։ Պայմանականորեն կարող ենք բաժանել դիրքորոշումների  երեք խումբ։

Առաջին խումբն այն մարդիկ և ուժերն են, ովքեր հենց սկզբից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ թավշյա իշխանությունների սանձազերծած արշավը գնահատում էին որպես քաղաքական վենդետա և մանրախնդիր քինախնդրություն։ Կյանքը ցույց տվեց այս դիրքորոշման ճշմարտացիությունը, ինչի վկայությունն  այս հատվածի  օր օրի ստվարացող շարքերն են։
Երկրորդ խումբը հակաքոչարյանական քարոզի գերիներն են, ովքեր չեն կարողանում կամ չեն ուզում ձերբազատվել տարիներով ուղեղներում դաջված կլիշեներից։  Կամ, գուցե, սեփական անհաջողությունների նոր  թիրախը դեռևս լիովին ձևավորված չէ, և քանի որ տեսակի բերումով չեն կարող իրենց մեջ փնտրել մեղավորություն կամ անկարողություն, շարունակում են մեքենաբար կրկնել հոգուն մխիթարություն բերող սին մեղադրանքները մի մարդու հասցեին, ով Հայաստանի կյանքը բարելավեց իր նախագահության տարիներին։ Ֆեյքերն ու հայհոյող տականքն էլ են այս խմբում։ Նրանց քանակը երևի միշտ էլ անհայտ կմնա, որովհետև իրադրությունը փոխվելուն պես՝  նրանք էլ քամելեոնի պես անմիջապես կփոխվեն և կհրաժարվեն իրենց բառերից էլ, անցյալի կուռքերից էլ։

Երրորդ խումբն ամենից ստվարն է, և ամենից վտանգավորն  իր անտարբերությամբ։  Հենց այս հատվածի  անտարբերության կամ «ես քաղաքականությանը չեմ խառնվում» դիրքորոշման  պատճառով այսօր ունենք մի իրավիճակ, երբ ժողովրդի անունից են խոսում 2019-ի արտահերթ ընտրություներում ընտրողների ընդհանուր թվի 1/3 ձայները հավաքած  անդեմ-անճանապարհ պատգամավորներ։

Այս խմբին պատկանող քաղաքական ուժերն ու անձինք  սկզբնական շրջանում ասում էին՝ «թող դատարանը գործը քննի, վճիռ կայացնի, հետո կարծիք կհայտնենք»։  Իսկ հիմա, երբ դատարանը վերին հովանավորչությամբ , գործը պարզապես  չի քննում, կարծիք հայտնելու կարիք չկա՞։ Լռությունն այս դեպքում ինչի՞ նշան է։  Միասնությանն ուղղված չարենցյան  տողերը միայն կենացների համա՞ր են։ Համախմբվելու կարևոր պատճառ չի՞ պետության վաղվա օրը։   Արդյո՞ք սոսկ մեկ մարդու խնդիր է Ռոբերտ Քոչարյանի հանդեպ չափ ու սահմանն անցած այս սադիզմը ։ Մանվել Գրիգորյանի հանդեպ ևս  նույն անմարդկային ձեռագիրն  է գործում։ Նույնը՝ Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի խորհրդավոր ինքնսպանությունների դեպքում։ Նույնը՝  2019-ի  հունվարին «Նուբարաշեն» ՔԿՀ բուժկետում մահացած  44 օր  հացադուլի մեջ գտնվող  Մհեր Եղիազարյանի դեպքում։  Եվ այս ամենն անպատիժ։  Ի՞նչ երաշխիքներ  կան, որ  բոլորին չեն սպառնում նույն  այս ապօրինությունները։ Հատկապես որ ապրիլի 19-ին լայվասեր վարչապետը գրեթե բաց տեքստով հասկացրեց՝  «․․․այսօր էլ մենք կարող ենք այդ հոխորտացող թափթփուկներին սամասուդ անել»։ Այսինքն բոլոր նրանք, ով համաձայն չեն իր հետ, ընկնում են այդ կատեգորիայի տակ։
Լուռ հանդուրժելով դատական համակարգը վարչապետի գրպանը մտցնելու մոտ երկու տարի  ձգվող գործընթացին՝ միթե արդեն ամբողջատիրության ճամփին չենք։ Կոպեկի արժեք են ունենալու քաղաքական նրբին  խաղերը  միապետության ժամանակ։  Անհնա՞ր է, մեզ հետ չի՞ պատահի․․․ բա ո՞նց պատահեց, որ շինծու մեղադրանքներով, դատավարական նորմերի կոպտագույն խախտումներով  մի հոգու քմհաճույքով  պատանդառված է ԼՂՀ հաղթանակած նախագահը, ՀՀ-ն տնտեսական անդունդից հանած նախագահը։

Լռությունն այս դեպքում մեղսակցության նշան է։
Լուռ են նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները։ Բայց հո  չենք մոռացել, թե ինչ ջանադրությամբ էին ծափահարում «թավշյա հեղափոխության բերած ժողովրդավարական արժեքներին» ։  Հիմա իրենց կարծիքով, շա՜տ մեծ  ժողովրդավարական արժեք է, երբ գործադիրը լիովին իրեն է ենթարկել օրենսդրին, նախագահին, դատական իշխանությունից  էլ մեկ-երկու կղզյակ է մնացել։ Իհարկե, հնչում են միջազգային կառույցներից կոշտ հայտարարություններ  ՀՀ-ում դատական համակարգի վրա գործադրի ճնշումների   վերաբերյալ, բայց ուշանում են ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի  խորհրդատվական կարծիքները․․․ Երևի կորոնավիրուսը նրանց աշխատունակությունն էլ է խաթարել։

Դարձյալ մնա՞նք օտարի օգնության հույսին այն դեպքում,  երբ մեր աչքի առաջ մեր ղեկավար կոչվածը ջուր  է լցնում հարևանի  ջրաղացին՝ ապօրինաբար կալանքի տակ պահելով մեր երկրի թշնամու երդվյալ թշնամուն և զուգահեռաբար սպառնալիքներ տեղալով սեփական ժողովրդի գլխին։  Հետաքրքիր է, ինչո՞ւ չենք կարողանում հասցնել իշխանություններին, որ այսպես պետություն ենք կորցնում․  վախկո՞տ ենք թե անճարակ, կարճատե՞ս ենք թե փոքրոգի, հայ ու հայրենիք այլևս չե՞նք կարևորում․․․

Գոնե Փոքր  Մհերն  Ագռավաքարից դուրս գար․․․ Ճիշտ ժամանակն է։

Լիա Իվանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ