25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շուրջ 200 ժամկետային զինծառայողներ եւ նրանց ծնողները հանդիպել են Երեւանում /ֆոտո/

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու եւ ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով ԼՂՀ պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախաձեռնությամբ Երեւանից զորակոչված շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երեւանում հանդիպելու իրենց ծնողներին եւ հարազատներին: Երեւանում կայացած այս հանդիպումը շարունակությունն է արդեն երրորդ տարին անընդմեջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՀՀ սահմանամերձ գոտիներում, ինչպես նաեւ ԼՂՀ զորամասերում ծառայող երեւանաբնակ զինվորների ծնողների զորամասեր այցերի կազմակերպման ծրագրի: Կարեւորելով նմանատիպ ծրագրերը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի վերոնշյալ նախաձեռնությունը լինելու է շարունակական. «Տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում ենք այդ այցերը, ինչի արդյունքում ծնողները հնարավորություն են ստանում հենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին: Իսկ այս անգամ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն է հանդես եկել նախաձեռնությամբ, ինչն իսկապես ողջունելի է: Եվ այսօր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել արդեն Երեւանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին: Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը եւս լինելու է շարունակական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ԼՂՀ պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մասնակցությամբ զինծառայողների եւ նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաեւ դիտելու «Բանակը մեր տունն է» ֆիլմը:

ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի:

Շնորհակալագրերը հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշել է. «Այս դահլիճում նստած զինվորները եւ հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրենիքը սկսվում է սահմաններից եւ որքան ամուր է սահմանը, այնքան հզոր է երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում անգամ շրջափակման մեջ:  Ինձ համար նաեւ մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր եւ ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»:

Բարձր գնահատելով Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետի ներդրումը բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում՝ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության համար, Տարոն Մարգարյանին, ի նշան երախտագիտության, պարգեւատրել է Պաշտպանության բանակի հուշամեդալով:  

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Տ.Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես լինելու է բանակի, զինծառայողների եւ նրանց ընտանիքների կողքին եւ իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել նրանց: 

Միջոցառման ավարտին Տարոն Մարգարյանը շփվել եւ զրուցել է զինծառայողների ու նրանց ծնողների հետ: Օգտվելով առիթից՝ վերջինները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ մշտական ուշադրության եւ աջակցության, ինչպես նաեւ ծառայության ընթացքում ծնողների հետ պարբերաբար հանդիպելու հնարավորություն ընձեռելու համար: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ