24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հերթը բյուջեինն է. փետրվարին հարկերը նվազել են․ 168.am

168.am-ը գրում է․ «Կորոնավիրուսը խնդիրներ է ստեղծել ոչ միայն՝ տնտեսության, այլև՝ պետական բյուջեի համար։ Հարցականի տակ է հայտնվել բյուջեի հարկային եկամուտների կատարումը։ Այժմվանից հնչում են հայտարարություններ, որ այս տարվա համար նախատեսված մուտքերը չեն ստացվի։ «Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում»,- ասում է Պետեկամուտների կոմիտեի նախագահը։

Արդեն փետրվարին բյուջեի հարկային մուտքերը կրճատվել են։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանում դեռևս կորոնավիրուս չէր հայտնաբերվել, իսկ տնտեսական կյանքը գնում էր իր բնականոն հունով։ Ու այդ պայմաններում փետրվարին՝ հունվարի համեմատ, պակաս է ստացվել 61,5 մլրդ դրամ։ Նվազումը հասնում է 42 տոկոսի։

Այստեղ, իհարկե, կա սեզոնայնության որոշակի գործոն։ Բայց նույնը չի կարելի ասել այն պարագայում, երբ մուտքերը նվազել են նաև նախորդ տարվա համեմատ։

Այս տարվա փետրվարին դրանք կազմել են շուրջ 85,3 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ 2019թ. նույն ամսին հավաքվել էր գրեթե 86,6 մլրդ դրամ։

Չնայած մարտի տվյալները դեռևս հայտնի չեն, այնուհանդերձ, դատելով Պետեկամուտների կոմիտի նախագահի հայտարարություններից՝ հարկահավաքման գործընթացն արդեն բախվել է խնդիրների։ «Այն աճի տեմպը, որը տարեսկզբից ունեինք, կարելի է ասել՝ մարտի երկրորդ տասնօրյակից սկսած դանդաղում է»,- օրերս հայտարարեց ՊԵԿ նախագահը։

Այնուհանդերձ, կառավարությունում հույս ունեն, որ հունվարի բարձր կատարողականի արդյունքում կկարողանան ապահովել առաջին եռամսյակի համար նախատեսված բյուջետային մուտքերը։ Բայց հաջորդող շրջանը հարցականի տակ է. չեն կասկածում, որ բյուջեի այս տարվա եկամուտները կթերակատարվեն։ Խնդիրն ընդամենն այն է, թե թերակատարումը մինչև ո՞ւր կհասնի։

Այս հարցում առայժմ հստակություն չկա։ Տնտեսությունը գնում է դեպի պասիվացում, և հայտնի չէ, թե դա դեռ որքան կշարունակվի։ Ինչպես համաշխարհային տնտեսության մեջ և միջազգային շուկաներում, այնպես էլ առողջապահության ոլորտում անորոշությունները չափազանց շատ են։ Առայժմ պարզ չէ նաև կառավարության կանխարգելիչ կամ խթանիչ փաթեթների արդյունավետությունը։

Իսկ մինչ այդ, բյուջեի հարկային եկամուտները սկսել են արձագանքել տնտեսական դժվարություններին։ Այս փուլում դա տեսանելի է առևտրի և սպասարկման ոլորտներում։ Բայց առաջիկայում այն կտարածվի նաև տնտեսության բազմաթիվ այլ հատվածներ, այդ թվում՝ հանքարդյունաբերության մեջ, որը կարևոր դեր ունի բյուջեի եկամուտների ձևավորման գործում։ Մետաղների գների անկման հետևանքով աստիճանաբար սկսում են վնասաբերության դաշտ մտնել հայկական ընկերությունները։ Դա կարող է բերել նաև դրանց գործունեության դադարեցման և այդ հատվածից ստացվող հարկային եկամուտների ավելի ինտենսիվ կրճատման։

Թեև խնդիրն այս դեպքում շատ ավելի ընդգրկուն է, որովհետև գործ ունենք համակարգաստեղծ ձեռնարկությունների հետ։ Դրանք իրենց հետ կարող են անդունդը քաշել տնտեսության բազմաթիվ այլ ենթաճյուղեր՝ մեծացնելով ճնշումը բյուջեի եկամուտների թերակատարման վրա։

Բյուջեի խնդիրներն այս պահին գուցե և այնքան մեծ չեն։ Բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, հետագայում կարող է ծանր դրության մեջ դնել կառավարությանը։ Ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսության մեջ լավատեսորեն տրամադրվելու հիմքեր գրեթե չկան կամ շատ քիչ են։

Հարկային եկամուտների թերակատարումը ֆինանսական խնդիրներ կստեղծի բյուջեում։ Եթե անցած տարի մենք փող ունենինք, բայց չէինք կարողանում ծախսեր իրականացնել, հիմա կարող ենք բախվել հակառակ իրավիճակի հետ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ այսօրվա տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար մեծանալու է ֆինանսական միջոցների կարիքը։

Այնպես որ, այսօրվանից հարկավոր է մտածել այն մասին, թե բյուջեի հարկային եկամուտների թերակատարման պարագայում, առավել ևս, եթե այն մեծ չափերի հասնի, ինչպես ենք լուծելու ծախսերի իրականացման խնդիրը։

Դրա համար, անշուշտ, որոշակի տարբերակներ կան՝ նայած, թե որ ուղղությամբ կգնա կառավարությունը։

Տարբերակներից մեկն էլ կարող է լինել ծախսերի կրճատումը։ Բայց տնտեսական ճգնաժամերի պայմաններում ծախսերի կրճատում խորհուրդ չի տրվում։ Ընդհակառակը՝ նման դեպքերում խրախուսվում են ֆինանսական ներարկումները։

Հատկապես, եթե հաշվի առնենք, որ էապես կրճատվելու է նաև ներդրումային կապիտալը։ Այդ պարագայում առավել ևս կարևորվում է բյուջետային ներարկումների դերը։ Ծախսերի կրճատումը կարող է լինել վատագույն տարբերակը։

Հիմա ծախսերը ոչ թե թերակատարելու, այլ ընդլայնելու անհրաժեշտություն կա։ Կա նաև ծախսերի արդյունավետության բարձրացման կարիք։ Քաղաքական ամբիցիաների համար անթույլատրելի է միլիոնավոր դոլարներ ծախսել, ինչ է թե՝ որոշ մարդիկ որոշ մարդկանց դուր չեն գալիս։ Այդ գումարները շուտով շատ են պետք լինելու բյուջեին և տնտեսությանը։

Հատկապես որ, այն ֆինանսական խնդիրները, ինչին բախվելու է կառավարությունը, ամենևին էլ կարող է չսահմանափակվել միայն այս տարվանով։ Չի բացառվում, որ այն շարունակվի նաև հետագայում՝ ստիպելով մտածել որոշ ծախսեր օպտիմալացնելու և կրճատելու մասին։ Առանձին ոլորտներում այս ընթացքում կառավարությունը չհիմնավորված ֆինանսական բեռ է վերցրել՝ առանց մտածելու հետևանքների մասին։

Բյուջեի եկամուտների թերակատարումը կառավարությունը կարող է փոխհատուցել նաև դրսից ֆինանսական միջոցների ներգրավմամբ։ Խոսքը վարկերի մասին է։ Թեև այս դեպքում էլ հնարավորությունները շատ չեն։ Հայաստանի պարտքի բեռը բավական մեծ է, ինչը սահմանափակում է նոր միջոցների ներգրավումը։ Ներկայումս պետական պարտքը մոտենում է 7,4 մլրդ դոլարի։ Անցած տարի պարտքի ցուցանիշները մի փոքր բարելավվեցին։ Բայց Հայաստանը շարունակում է մնալ այնպիսի մի վիճակում, որ չի կարող իրեն թույլ տալ մեծ բեռ վերցնել։

Թե ո՞ր ճանապարհով կգնա կառավարությունը, դեռ պարզ չէ։ Այդ առումով հրապարակային խոսակցություններ դեռևս չկան՝ չնայած վարկային նոր միջոցներ ներգրավելու վերաբերյալ քննարկումներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ կարծես սկսվել են։

Կա նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հատկացված կայունացման ֆոնդից օգտվելու հնարավորություն։ Դեռևս անցած տարվա մայիսին ԱՄՀ-ն հաստատեց մի ծրագիրը, որով նախատեսվում էր 36 ամիս ժամկետով Հայաստանին, այսպես կոչված, «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցներ տրամադրել։ Խոսքը շուրջ 248 մլն դոլարի մասին է։ Այդ գումարը նախատեսված է ստանալ մակրոտնտեսական շոկերի ժամանակ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ