17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մեզանում հայավարի ամեն ինչ ծուռ հայելիների մեջ է դրված».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկ հպարտությունը յոթ մահացու մեղքերից մեկն է

Ի՞նչի համար են պետությունները, ի՞նչու է մարդկությունը հորինել պետության գաղափարը եւ ինքն իրեն ներդրել պետությունների մեջ։ Թվում է, կարող ենք պատասխանել այս հարցին քաղաքագիտական, փիլիսոփայական, գիտահետազոտական, եւ այլ, անչափ «խելացի» կանոնները հաշվի առնելով։ Առաջարկում եմ ամբողջ գիտությունը եւ գիտնականությունը թողնել մի կողմ եւ տալ հարցի ամենապարզ եւ հասկանալի պատասխանը։ Ըստ իս, պետությունները մարդկանց ինքնակազմակերպման համար են ստեղծվել։ Սա՝ մեկ եւ, երկրորդը՝ պետությունները մարդկությունն ստեղծել է, որ իր համար օրհասական, ճակատագրական, արտակարգ պայմանների դեպքում այդ պետությունը պահպանի, պաշտպանի եւ հոգ տանի իր քաղաքացիներին։

Կարող եք չհամաձայնել, բայց սա իմ անձնական կարծիքն է։
Ահա, այս տրամաբանությամբ, երբ դիտարկում եմ մեր պետության պահվածքը, ՀՀ իշխանության պահվածքը այս արտակարգ դրության պայմաններում, մտածում եմ, որ մեզանում հայավարի ամեն ինչ ծուռ հայելիների մեջ է դրված։ Տեսեք՝ իշխանությունը ուշացումով հայտարարեց արտակարգ դրություն, սա այնքան հեղհեղուկ եւ անհասկանալի պայմաններ դրեց քաղաքացիների առաջ, որ մարդիկ, մեղմ ասած, բանի տեղ չդրեցին այդ պայմանները եւ իրենց նեղություն չտալով, շարունակեցին ապրել իրենց սովորական կյանքով, բազմություններ՝ խանութներում, հասարակական վայրերում, ամենուրեք։ Հետո, նույն իշխանությունը որոշեց խստացումներ մտցնել, եւ՝ դա արեց նույն չմտածված եղանակով։ Օրինակ, ի՞նչ է նշանակում ավտոմեքենայում երկու մարդուց ավելի չի կարող լինել, հակառակ դեպքում կտուգանվեն, երբ մարդիկ, ընտանիքներ, 5-6 հոգով ինքնամեկուսացել են նույն բնակարանում, ընտանիքը ունի երեք երեխա, առնվազն եւ հայրիկի ու մայրիկի հետ արդեն դա յոթ մարդ է։ Ի՞նչ է առաջարկում պետությունը՝ ընտանիքը ինչպես «կիսվի»։
Սրանք դեռ մանրիկ քմծիծաղի արժանի որոշումներն են։

Կարեւորներից եմ համարում օրինակ բիզնեսի հանդեպ պետության պահվածքը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետության հիմնասյուներից կարեւորն է նաեւ մասնավոր սեկտորը, բիզնեսը՝ մեծ, միջին, կամ փոքրիկ։ Այս արտակարգ պայմաններում բիզնեսը ակնհայտորեն ճգնաժամի մեջ է, մոլորված։ Կամ մարդկանց պիտի կանչի աշխատելու, որպեսզի ապահովի պայմաններ նույն այդ մարդկանց ապրելու համար, կամ, չպիտի կանչի աշխատանքի եւ տապալի ինքն իրեն։ Մեր երկրում չկա որեւէ բիզնես, որ վարկեր չունի, ամեն մեկը իր հզորության չափով։ Պետությունը այ, հիմա է հարկավոր, որպեսզի իշխանությունը ոչ թե փորձի քամել բիզնեսը, /ինչպես անում է խաղաղ, սովորական պայմաններում, տարբեր հիմնադրամներին մուծվելու պարտադրանքով, կամ՝ բարեգործական ակցիաներին նրանց մասնակցությունը պահանջելով/, այլ, այս արտակարգ պայմաններում պետությունը պարտավոր է տեսանելի դարձնել իր սերն ու հոգատարությունը բիզնեսի, մասնավոր սեկտորի նկատմամբ։Չմոռանալով, որ այլ պայմաններում հենց մասնավոր սեկտորը, բիզնեսմեններն են աջակցում, պահում պետությունը։ Այսպիսի արտակարգ պահի, պետությունը պարտավոր է հայրաբար կանգնել բիզնեսի կողքին, ինչը նույնն է՝ իր քաղաքացիների կողքին։ Ինչը, ակնհայտորեն չի արվում։ Մեկ կամ երկու արտոնյալների չենք հաշվում։ Վերջերս մի ճեպազրույց լսեցի եւ զարմացա, որ մի լրագրողուհի բառի ամենաուղիղ իմաստով տեռորի էր ենթարկում գործարար- պատգամավորին, եւ պահանջում էր, որ այդ անձը իր վրա վերցնի պետության գործառույթները։ Մոռանալով,  որ պետության գործառույթները բացառապես պետության մենաշնորհն են եւ բիզնեսմենը կարող է իր հնարավորությունների եւ ցանկության մակարդակում օգնել, բայց չի կարող, իրավունք չունի պետության գործառույթ իրականացնել։ Իսկ ո՞րն է պետության գործառույթը՝ կանգնել իր բոլոր, շեշտում եմ, ԲՈԼՈՐ քաղաքացիների կողքին, եւ՝ սոցիալապես անապահովի եւ խոշոր բիզնեմենի։ Հակառակ դեպքում այս արտակարգ դրությունից հետո պետությանը եւ բոլոր քաղաքացիներին կմնան միայն բուբլիկի դատարկ անցքերը։Այո, աշխարհը փոխվելու է այս վիրուսից հետո, բայց պարտավոր ենք այնպես անել, որ այդ փոփոխությունները մահացու չլինեն, ցավոտ են լինելու, բայց, գոնե մահացու չլինեն։Պետությունը պարտավոր է սա հասկանալ։

Եւս մեկ դիտարկում, երեկ ԱԺ-ում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարուհին բառացիորեն ասաց, որ պետությունը չունի տեղեկություն այն քաղաքացիների մասին, որոնք աջակցության կարիք ունեն։ Ներեցեք, իսկ ի՞նչով է զբաղված պետությունը, բանուգործի անունն ինչ է, որ ցայսօր չունի այդ տեղեկությունը, ի՞նչի համար է այդ դեպքում պետությունը, որ ինքնապարգեւատրի իր նազիր-վեզիներին եւ ինքն ի՞րեն։ Տափակ եւ հին հանձնարարականները նորից ու նորից վերհանելու փոխարեն սրանով զբաղվեիք։Իմացողը հասկացավ թե ինչ նկատի ունեմ։

Հաջորդը՝ այս արտակարգ օրերին տեսնում ենք, որ ՀՀ բուժանձնակազմը, բոլորն անխտիր սրբորեն եւ հերոսաբար իրականացնում են իրենց պարտականությունները, բայց չենք տեսնում, որ պետությունը իր կողմից քաջալերի այդ մարդկանց, հավելյար վճարներով, առհասարակ՝ վճարելով։ Չէ՞ որ պետությունն այս դեպքում եւս պարտավոր է հանդես գալ, որպես հայր՝ բոլորի համար։ Հայտնի բժիշկներից մեկը իր ՖԲ էջում պարզապես հորդորել էր, որ պետությունն ապահովի, որ մարդիկ տանը մնան եւ կուտակումներ չլինի, այդ մարդուց պահանջել էին գրառումը հեռացնել, իբր խուճապ է տարածում։ Ոնց չասես, դուք տեղվով պրոֆեսիոնալ խուճապ տարածողներ եք։ Նայեք ԱԺ-ին, էս ինչ անհետաձգելի նիստեր եք անում, իրար գլխի հավաքված, բա մեր պետության ԱԱԾն- սրանց ի՞նչու չի ասում՝ ցրվեք տներով, չի կարելի, վաղը որ ձեզ մի բան լինի, ինչ ենք անելու, ուզենք-չուզենք այսօր դուք եք օրենսդիր մարմիը, մենք էլ, խորհրդարանական պետություն ենք։ Դե, իսկ ծիծաղելի ձեւաթղթի մասին որոշմանը լավ կլինի, չանդրադառնամ։Մանկամսուր։

Եվս մեկ դիտարկում, պարզվում է երկրի վարչապետը մինչ այսօր չի հասցրել տեղեկանալ, որ մեր երկրում ինչպես եւ ամբողջ աշխարհում կան ժամավարձով, օրավարձով ապրող, իրենց գոյությունը պահպանող մարդիկ, չարքաշ աշխատող մարդիկ։ Թող մի օր իրեն նեղություն տա եւ կարդա քաղաքի տարբեր սյուներից, պատերից կախված, սոսնձված հայտարարությունները․«Կկատրեմ ցանկացած աշխատանք», կամ, թող գնա Շիլաչու եւ այլ վայերի այն խաչմերուկները, որտեղ կանգնում են այդ մարդիկ եւ ձեռքից-ձեռք են փախցնում կանգնող ավտոմեքենաները, հույսով, որ մի գործ «կկպնի»։ Դեռ իր չիմացությունն էլ ավելի խորացնելով հոխորտաց, թե եթե կան էլ ու հարկեր չեն վճարում, պիտի բերվեն հարկային դաշտ։

Դեռ գնահատական չեմ տալիս, զուտ փաստերն եմ արձանագրում։
Ամփոփում եմ՝ պետության հոգածությունը մարդիկ պիտի զգան, իշխանության ամենահաս ձեռքը, դրանից եկող աջակցությունը մարդիկ պիտի զգան, պետությունները հենց սրա համար են, որ արտակարգ դրության պայմաններում կանգնեն իրենց քաղաքացիների կողքին, ինչպես Իտալիայում, երբ կոնկրետ հայտարարեց, այնպես ինչպես իտալացիներն են բոլոր պատերազմների ժամանակ փրկել Իտալիան, հիմա եկել է ժամանակը, որ Իտալիան փրկրի իտալացիներին։

Դե, ուրեմն, մեր պետությունը եւս, պարտավոր է կանգնել բիզնեսի, քաղաքացիների, բժիշկների, սոցիալապես անապահովների, բոլորի, բոլոր քաղաքացիների կողքին եւ օգնի նրանց, ճիշտ այնպես, ինչպես այդ քաղաքացիներին են ամեն օրհասական պահի փրկել ու դեռ փրկելու են մեր պետությունը։
Եվ , վերջում, մի պարտադրանք, վարչապետ, հերիք է քո տափակ ուղերձներում, շեշտես, թե դիմում ես ՀՀ հպարտ քաղաքացիներին, անգամ այս համաշխարհային պանդեմիայի պայմաններում, քո մեջ չի պակասել թույնը եւ չարությունը, մերոնց եւ ձերոնց բաժանելու մոլուցքդ, մի արա, պարզապես մի արա, հիշիր մեկընդմիշտ՝ կա ՀՀ քաղաքացի եւ բոլորը այս պահին եւ միշտ՝ հավասար են։ Իսկ հպարտությունը յոթ մահացու մեղքերից մեկն է։
Երբ կրկին կինքնամեկուսանաս, կարդա Աստծու պատվիրանները, հիշիր բոլոր մահացու մեղքերը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ