24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր աշխարհի մարտահրավերները․ Ռոբերտ Հարությունյան․ 168.am

168.am-ը գրում է․ «Այսօր ամենակարևոր հարցերից է, թե իր զարգացման որ ուղին կընտրի մարդկությունը կորոնավիրուսից հետո: Արդյո՞ք մենք կվերաբերվենք այս համաճարակին՝ որպես հերթական, միգուցե փոքր-ինչ ավելի վախեցնող  խնդրի, որը կանցնի անհետք, և մենք որոշ ժամանակ անց բոլորովին  կմոռանանք նրա  մասին, թե՞ կփորձենք հասկանալ, թե  ինչ նպատակով այս կորոնավիրուսը հայտնվեց մեր կյանքում: Արդյո՞ք պատահական էր, որ մեկ չղջիկից վարակվեց աշխարհի ավելի քան 160 երկիր, հիվանդացավ ավելի քան 300.000 մարդ և  եղան բազմաթիվ մահեր:

Կարծում եմ՝  այս ամենը  չի կարող անհետ անցնել: Դժվար է ենթադրել,  որ  մահացածների ընտանիքի անդամները  կարող են  համակերպվել  այն մտքին, որ  իրենց հարազատների մահը  պատահական  էր և իմաստազուրկ: Բայց խնդիրն այն է, թե արդյո՞ք մենք բոլորս հասուն ենք այնքան, որ  հասկանանք դա և շատ բան մեզանում վերաիմաստավորենք՝ հատկապես մեր ապրելակերպում:

Կորոնավիրուսը կարող է փոխել աշխարհը, եթե մենք դա իրոք հասկանանք: Այսօր շատերն են պնդում, որ աշխարհն  այլևս նույնը չի լինի:  Սակայն  առանձնահատուկ կարևորություն է ստանում,  թե մենք ինչ իմաստ ենք դնում այս արտահայտության մեջ: Աշխարհը կփոխվի տնտեսությա՞ն տեսանկյունից, մարդկանց բարեկեցությա՞ն տեսանկյունից, թե՞ մարդկանց վարքագծի, փոխհարաբերությունների և հոգևոր արժեքների առումով:

Տնտեսական ճգնաժամը, որի ուժգնությունը և խորությունը կախված կլինի վիրուսի ազդեցությունից, արդյո՞ք կհանգեցնի մարդկանց ավելի չարացմանը, անձնական բարեկեցության ապահովման ճանապարհին ուրիշների շահերի ոտնահարմանը, մրցակցության ընթացքում հաղթելու ցանկության անզսպության  համընդհանուր դրսևորումներին, թե՞ կստիպի մեզ վերանայել մեր արժեքները և վերադառնալ, իրականում վերադառնալ մոռացված և ներկայումս ձևական պահպանվող մարդկային կամ համամարդկային արժեքներին՝ անկախ կրոնից ու դավանանքից:

Կհաջողվի՞ վիրուսին բարիացնել մեզ և ազգերին ստիպել ապրել համերաշխ.  ժամանակը ցույց կտա:

Այսօր շատերը ասում են, որ, եթե չլիներ համաճարակը, ապա տեղի էր ունենալու նոր համաշխարհային պատերազմ: Միգուցե, պնդել հստակորեն դա, իհարկե,  դժվար է: Սակայն ակնհայտ է, որ նույն ինքը՝ բնությունը, պահանջում է մեզանից մեր վարքագծի փոփոխություն: Եվ կախված  նրանից՝ կփոխվե՞նք մենք, թե՞ ոչ, կհասկանա՞նք պատմության  դասերը, թե՞ ոչ, կարծում եմ՝ պայմանավորված կլինի նաև՝  առաջիկայում կլինե՞ն  պատերազմներ և այլ ավելի դաժան համաճարակներ և աղետներ, թե՞ ոչ:

Այս ճգնաժամը կրկին ստիպում է անդրադառնալ պետության դերին հանրային բնականոն կյանքի կազմակերպման գործում: Այն ստիպում է իշխանություններին գիտակցել և բացահայտել սեփական ժողովրդին սիրելու և հանուն ժողովրդի բարօրության գործելու  անկեղծության մակարդակը, ստիպում է հրաժարվել պոպուլիզմից, որը դարձել էր վերջին ժամանակաշրջանում համաշխարհային «պանդեմիա»: Կարելի է, իհարկե, շարունակել  զբաղվել պոպուլիզմով և փորձել մարդկանց հրապուրել  ականջը շոյող խոսքերով կամ խոստումներով, սակայն միևնույն է,  կորոնավիրուսը և նրա հետևանքները ստիպելու են առերեսվել իրականության հետ:

Ակնհայտ է, որ նման ճգնաժամային իրավիճակում միջակության մակարդակի կառավարումը, ցանկալին իրականություն  ներկայացնելը հանգեցնելու են նմանօրինակ գործելակերպ որդեգրած իշխանությունների վախճանին՝ անկախ ճգնաժամից առաջ ունեցած վարկանիշից:

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկրի իշխանություն ներկայումս անցնում է համապատասխանելիության յուրատեսակ քննություն, և կապված նրանից, թե որքանով  կհաջողվի դիմագրավել ճգնաժամին, իրականացնել ճիշտ, արդիական, այդ թվում՝ ոչ պոպուլիստական քայլեր, կորոշվի նաև այդ իշխանության  քաղաքական ապագան:

Կարծում եմ՝ պետք է դիտարկել զարգացումների մի քանի սցենար, ընդ որում, այդ սցենարները կարող են հաջորդել միմյանց կամ անընդհատ փոփոխվել: Սցենարների տարբերությունը կապված է հիմնականում կորոնավիրուսի հաղթահարման և աշխարհի բնականոն կյանքին վերադառնալու ժամկետների հետ: Ինչքան երկար տևի համաճարակը, այնքան խորն է լինելու վերջինիս ազդեցությունը տնտեսության վրա, այդքան մեծ պետք է լինեն իշխանությունների աջակցության ջանքերը: Որքան երկար շարունակվի համաճարակը, այնքան մեծ է նաև հավանականությունը, որ աշխարհը կփոխի կամ կարող է փոխել իր սպառողական վարքագիծը: Սա նույնպես պետք է հաշվի առնել՝ հակաճգնաժամային ռազմավարությունը և մարտավարությունները մշակելիս:

Տնտեսական ճգնաժամը, որը տեղի է ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, իմ կարծիքով, կանգնեցնելու է երկրներին կարևոր մի ընտրության առջև: Այն է՝ սեփական տնտեսությունը փրկելու և վերականգնելու համար իրականացնե՞լ պրոտեկցիոնիզմի՝ բաց կամ լատենտ՝ կարևոր չէ, քաղաքականություն, թե՞ դառնալ կամ մնալ համաշխարհային համերաշխության գաղափարի ջատագով և գործել վերջինիս համապատասխան՝ զարգացնելով միջազգային առևտուրը և փոխգործակցությունը: Արդյո՞ք երկրները պատրաստ կլինեն հրաժարվել իրենց ազգային հարստության և բարեկեցության մի մասից՝ հօգուտ այլ ազգերի և երկրների: Ցավոք,  կարծում եմ՝ ոչ: Պրոտեկցիոնիզմի մակարդակն առավել բարձր կլինի այն երկրներում, որոնք ներքին սպառման միջոցով հնարավորություն կտեսնեն վերականգնել սեփական  տնտեսությունը, համենայնդեպս՝ հետվիրուսային սկզբնական փուլում: Սա մարտահրավեր կդառնա այն երկրների համար, որոնց տնտեսական զարգացման գործում կարևորագույն նշանակություն ունի արտահանումը: Այդ երկրների թվին  պատկանում է նաև Հայաստանը:

Իսկ ի՞նչ անել, եթե աշխարհն իրոք շարժվի միմյանցից փակվելու և պաշտպանվելու սցենարով:

Ի՞նչ կարող է անել Հայաստանի կառավարությունը:

Եթե համաճարակը տևի ևս մի քանի ամիս, և մենք ստիպված լինենք ամբողջությամբ մեկուսացնել բոլորին (կամ ինքնամեկուսացվել), ինչը միանշանակ կբերի տնտեսության ավելի խորը ճգնաժամին, ապա կարծում եմ՝ մենք կգրանցենք հետևյալ իրավիճակը:

Բազմաթիվ ընկերություններ կդադարեցնեն իրենց գործունեությունը, շատերը կդառնան սնանկ:  Դա առանձնապես կվերաբերվի այնպիսի ոլորտին, ինչպիսին է զբոսաշրջությունը, որը Հայաստանի պարագայում գեներացնում էր բավականին մեծ եկամուտներ և ապահովում էր արտարժույթի ներհոսք երկիր: Կունենանք աշխատատեղերի լուրջ կրճատումներ, ինչը կհանգեցնի սոցիալական ծանր իրավիճակի: Արդյունքում՝ սպառումը կնվազի, հատկապես՝ ոչ պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների մասով: Դա իր հերթին՝ կհանգեցնի նոր սնանկությունների և աշխատատեղերի կրճատման այնպիսի ոլորտներում, ինչպիսին է, օրինակ՝ ոսկերչությունը:  Կնվազի ներմուծումը, արտադրությունը, ինչի արդյունքում կնվազեն պետության հարկային եկամուտները և վերջինիս հնարավորությունները՝ հակազդելու ճգնաժամին: Սա իր հերթին՝ կարող է բերել արդեն պետական համակարգում աշխատատեղերի կրճատման և սոցիալական խնդիրների նոր գալարի:

Վերոնշյալ ցիկլերից դուրս գալու համար պետք է նախօրոք պաշտպանվել, երբ դեռ պետության միջոցները թույլ են տալիս հակաճգնաժամային գործողություններ անել:  Հակառակ դեպքում՝ պետք է պատրաստ լինել նաև գնալ արտաքին պարտքի ավելացմանը:

Նման պայմաններում կարևորագույն խնդիր է դառնում պետության հասանելի միջոցների արդյունավետ օգտագործումը: Տվյալ դեպքում արդյունավետության տակ հասկանում ենք.

ա/ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ընկերությունների, քաղաքացիների և նաև բանկերի հնարավոր վնասների մինիմիզացում՝ փորձելով հնարավորինս կանխել սնանկության դեպքերը և լուծել կարճաժամկետ սոցիալական խնդիրները,

բ/ համաճարակից հետո կառավարելի սպառման աճին նպաստում, ընկերությունների և բանկերի լիկվիդայնության ավելացում: Կառավարելի սպառման աճ ասելով՝ նկատի ունենք այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն տեղական ընկերությունների արտադրանքի սպառմանը: Որպես վերջինիս օրինակ՝ կարող է լինել սոցիալական վաուչերների տրամադրումը քաղաքացիներին, որոնք կարելի է փոխանակել տեղական արտադրության ապրանքների հետ, ներառյալ՝ ոչ պարենային:

Համաճարակի ժամանակահատվածում անհրաժեշտ են գործողություններ, որոնք կնվազեցնեն ընկերությունների հաստատուն ծախսերը: Նույնը ճշմարիտ է նաև քաղաքացիների համար: Ընկերությունների հաստատուն ծախսերը ներառում են աշխատավարձերը, դրա հետ կապված հարկերը, գույքահարկը, վարձակալության վճարները, ինչպես նաև վարկային պարտավորությունները, և այլն: Ընկերությունների յուրաքանչյուր խմբի մասով (անհրաժեշտության դեպքում՝ նաև յուրաքանչյուրի մասով)  պետք է իրականացվի վերլուծություն և սահմանվի այն գործիքակազմը, որը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել ընկերությունների վնասները:

Մասնավորապես, կարծում ենք՝ անհրաժեշտ է առնվազն իրականացնել հետևյալ միջոցառումները.

1. Առանձին աշխատանքներ տանել խոշոր գործատուների և հարկատուների հետ՝ յուրաքանչյուրի մասով մշակելով աջակցության ծրագրեր, որոնք հնարավորություն կտան չիրականացնել աշխատատեղերի և աշխատավարձերի կրճատումներ, շարունակել հարկային պարտավորությունների կատարումները:

2. Ուսումնասիրել ՓՄՁ-ների խնդիրները՝ արդյունավետ գործիքակազմ մշակելու նպատակով: Դրանից ելնելով՝ գործիքակազմը կարող է ներառել հետևյալը.

ա/ տրամադրել եկամտահարկի, շահութահարկի, հողի և գույքի հարկերի գծով արձակուրդներ

բ/ բանկային համակարգի հետ միասին սառեցնել վարկային պարտավորությունների կատարումը, ընդ որում, ոչ թե տեղափոխել բեռը երկու-երեք ամսով՝ այդպիսով մեծացնելով վարկառուների ծանրությունը, այլ իրականում զրոյացնելով վճարվելիք տոկոսային պարտավորությունները: Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք բանկային համակարգը պետք է իր վրա վերցնի առաջացող վնասները ամբողջությամբ: Կարծում եմ՝ ոչ: Բանկերին  նույնպես պետք է տրամադրվի  որոշակի հարկային արտոնություններ: Մյուս կողմից բանկերը պետք է հաշվի առնեն, որ կուտակված պարտավորությունները հետհամաճարակային ճգնաժամային իրավիճակում վարկառուները նույնպես չեն կարողանալու մարել, ինչը կհանգեցնի նոր հետաձգումների կամ ընկերությունների  սնանկությունների, և արդյունքում՝ լուրջ վնասների՝ բանկերի համար: Ուստի տվյալ դեպքում պետք է գտնել պետություն-բանկային համակարգ-վարկառուներ ռիսկերի և վնասների բաշխման կոմպրոմիս՝ միգուցե և ցավոտ: Որպես լուծում՝ կարող է լինել նաև ՓՄՁ-ների գործող վարկերի տոկոսագումարների փոխհատուցումը:

գ/ ՓՄՁ-ների մինչև ճգնաժամը ձևակերպված աշխատակիցների աշխատավարձի փոխհատուցում կամ համաֆինանսավորում:

3. Ավելացնել պետական գնումները՝ ապահովելով տեղական ոչ պարենային արտադրանքի սպառման որոշակի մակարդակ: Որպես առանձին ուղղություն՝ կարող է լինել նաև էլեկտրոնային կառավարության ընդլայնման համար տարբեր լուծումների ձեռքբերում տեղական ՏՏ ընկերություններից:

4. Քաղաքացիներին տրամադրել վարկային, հարկային և պարտադիր վճարների՝ մեքենայի գույքահարկի, ԱՊՊԱ և նմանատիպ վճարների հետաձգում: Հնարավորություն գտնել համաֆինանսավորել նաև ցածր եկամուտներ ունեցող կամ չաշխատող մարդկանց կոմունալ ծախսերը:

Համաճարակից հետո կառավարության գործողությունները պետք է ուղղված լինեն.

Ներքին կառավարելի սպառման աճին
Արտահանման զարգացմանը
Ներդրումների ներգրավմանը

Ներքին սպառման ավելացումը կարող է իրականացվել լիկվիդայնության աճի միջոցով գրեթե բոլոր մակարդակներում՝ քաղաքացիների, ընկերությունների, բանկերի: Տվյալ դեպքում պետք է հաշվի առնել նաև նոր իրավիճակում մարդկանց սպառման վարքագծի հնարավոր փոփոխությունները, որի մասին խոսել ենք արդեն: Մասնավորապես, կան կարծիքներ, որ մարդը սկսելու է սպառել ավելի քիչ, խնայելու է և փորձելու է աջակցել էկոլոգիայի պահպանմանը, օրինակ՝ նվազեցնելով ճանապարհորդությունները:

Մասնավորապես կարող են իրականացվել հետևյալ գործողությունները

1. Համաճարակի ժամանակ բազմաթիվ աշխատատեղերի կրճատման պարագայում՝ պետությունը կարող է հանդես գալ՝ որպես խոշոր «գործատու», ներգրավելով քաղաքացիներին որպես աշխատող որևէ խոշոր, միգուցե նոր ազգային պրոյեկտներում: Օրինակ՝ ստեղծել «Հայաստանը՝  էկոլոգիապես մաքուր երկիր» ծրագիր, որի շրջանակներում պատվիրել յուրաքանչյուր ցանկացող և աշխատանք չունեցող քաղաքացիներին որոշ աշխատանքների իրականացում, ինչպիսիք են, օրինակ, ծառերի տնկումը, աղբահանումը կանաչ գոտիներում, բարեկարգման, կենդանիների պահպանման հետ կապված որոշ աշխատանքներ, և այլն:

Ընդ որում, այս աշխատանքների իրականացումը չի ենթադրում հատուկ գիտելիքների և ունակությունների առկայություն, անհրաժեշտ չէ դասընթացների իրականացում: Ֆինանսական միջոցների առկայության կամ աղբյուրի հասանելիության դեպքում պետությունը կարող է նախաձեռնել նաև ավելի գլոբալ ծրագրեր, օրինակ՝ նոր խելացի կանաչ քաղաքի ստեղծում, որտեղ կարող են ներգրավվել ոչ միայն քաղաքացիներ, այլև շինարարական, խորհրդատվական, ՏՏ, լոգիստիկ, տրանսպորտային և մի շարք այլ փոքր և միջին ընկերություններ:

Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ մեկնարկից հետո այս ծրագիրը կարող է դառնալ բավականին գրավիչ նաև ներքին և արտաքին ներդրողների համար: Ծրագրերը կարող են լինել բազմաթիվ և բազմապիսի և պետք է ուղղված լինեն կապիտալ ծախսերի իրականացմանը և ենթակառուցվածքների զարգացմանը:\

1. Ավելացնել ընկերությունների լիկվիդայնությունը վարկային և այլ նպատակային ֆինանսավորման միջոցով: Մասնավորապես, կարելի է ուժեղացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ներդրումների Աջակցման Կենտրոնի (ՆԱԿ) հնարավորությունները՝ տալով վերջինիս նաև ՓՄՁ-ներից, այսպես կոչված, «կորոնավիրուսային» պարտատոմսերի ձեռքբերման իրավունք:

Դա ենթադրում է, որ այն ընկերություններից, որոնց գործունեությունը կամ գործարար ծրագիրը ՆԱԿ-ի կամ դրա համար հատուկ վարձված մասնագիտական կառույցի կողմից կգնահատվի հեռանկարային, վերջինս ձեռք կբերի տվյալ ընկերության պարտատոմսեր՝ ցածր տոկոսով և համապատասխան ժամկետով: ՆԱԿ-ը կիրականացնի նաև ընկերության գործունեության և ծախսումների մոնիտորինգ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրում՝ ծրագրի արդյունավետությունը և գումարների վերադարձելիությունն ապահովելու նպատակով:

Բանկերի համար որոշակի ժամանակահատվածում փոխել ռիսկայնության հետ կապված ԿԲ-ի նորմատիվները՝ թույլատրելով ֆինանսավորել ընկերություններին՝ առանց վարկի լիարժեք ապահովման:

2. Դիտարկել ժամանակավորապես եկամտահարկի պրոգրեսիվ դրույքի կիրառումը, ընդ որում, ցածր աշխատավարձերի համար կիրառել զրոյական կամ զրոյին մոտիկ դրույքաչափեր, իսկ բարձր եկամուտներ ստացողների համար կիրառել նախորդից բավականին բարձր դրույքաչափեր: Միաժամանակ, ստացված լրացուցիչ եկամուտները բաշխել ցածր եկամուտներ ստացող քաղաքացիներին «պարգևավճարներ» տալու միջոցով: Այս գործողությունները նույնպես կխթանեն սպառումը:

3. Հետևել ԵԱՏՄ գործընկերությունների հետհամաճարակային վարքագծին և ապահովել հայկական ապրանքների ոչ տարիֆային սահմանափակումների վերացմանը:

4. Աջակցել հայկական արտադրանքի արտահանման աշխարհագրության ընդլայնմանը՝ տնտեսական դիվանագիտության պրակտիկ գործողություններով: Թիրախային երկրներում տնտեսական ներկայացուցիչների գրասենյակներ հիմնելու անհնարինության դեպքում՝ յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչության համար պետք է սահմանվեն արտահանման և ներդրումների ներգրավման տարեկան չափաքանակները, ինչն արվել էր 2018 թվականին մինչև հեղափոխությունը և, ցավոք, ապագայում չիրականացվեց:

Ամփոփելով՝ ասենք, որ վերոնշյալ կետերը չեն կազմում այն գործողությունների ամբողջական ցանկը, որոնք կարելի է կիրառել տվյալ ճգնաժամի ժամանակ: Իսկ կիրառե՞լ դրանք, թե՞ ոչ, կիրառել ամբողջությա՞մբ, թե՞ ոչ, կախված է Կառավարության ցանկությունից, հնարավորություններից և առկա իրավիճակի գնահատականից:

Ռոբերտ Հարությունյան,  տ.գ.թ.

ՀՀ թեթև արդյունաբերության զարգացման ասոցիացիայի  նախագահ                                                               

ՀՀ նախկին փոխարտգործնախարար

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ