100 միլիոն դրամ՝ Երևանի դիտահորերը վերանորոգելու համար
Ասֆալտապատման աշխատանքների ընթացքում այս տարի առանձին ուշադրության կարժանանան ճանապարհի վրա անհարթություն առաջացնող դիտահորերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«100 միլիոն դրամ է հատկացված Երեւանի 2020-ի բյուջեում՝ դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգմանը: Ճանապարհի մակերեւույթից ցածր կամ բարձր նիշի վրա գտնվող դիտահորերը այսօր երթևեկության համար խոչընդոտ են դառնում՝ երբեմն վթարային վիճակ ստեղծելով կամ վնասելով մեքենաները: Դրանք հիմա՝ ճանապարհների վերանորոգման ընթացքում կհավասարեցվեն ասֆալտի մակերեւույթին:
Դիտահորերի խնամքի համար ըստ էության, պատասխանատու են ջրմուղ-կոյուղու կամ կապի համապատասխան կազմակերպությունները, բայց քանի որ տարիներ շարունակ գործող կարգավորումներով խնդիրը չի լուծվում, քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ, կամավոր լիազորությունը ստանձնել է համայնքը», գրել. Հ.Կարապետյանը։