Արցախի հերոս հոգևորականը․ Պարգև սրբազանի ծննդյան օրն է
Մարտի 20-ը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ծննդյան օրն է։ Սրբազանը դառնում է 66 տարեկան:
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954թ․ մարտի 20-ին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ 1966 թվականին Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971 թվականին ավարտել է Երևանի թիվ 122 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1971-1972 թվականներին սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրա-տեխնիկական բաժնում, որից տեղափոխվել է Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարան՝ այն ավարտելով 1976 թվականին։ Ուսումնառությունից հետո ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղում։ Այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ։ 1978-1980 թվականներին աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում։ 1980 թվականին ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ 1983 թվականին ձեռնադրվել է սարկավագ, 1985թ․՝ կուսակրոն քահանա։ 1987 թվականին ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան։ 1987 թվականին նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։ 1987 թվականի ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, 1988 թվականին՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան։ 1988 թվականի նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1989 թվականի մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ։ 1999 թվականի մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև սրբազանին շնորհվել է արքության պատիվ։
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի «Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի» պատվավոր նախագահը։
Պարգև սրբազանն «Արցախի հերոս» է։ Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Վաչագան Բարեպաշտ», «Գրիգոր Լուսավորիչ», «Մարշալ Բաղրամյան» և այլ մեդալներով ու շքանշաններով։
Պարգև սրբազանը պատերազմի տարիներին միայն զբաղված չէր աղոթքով․ նա մի ձեռքին խաչ, մյուսին՝ զենք, պաշտպանում էր հայրենիքը։ Հայրենի սահմաններն ու ժողովրդի անվտանգությունը պահպանելը համարում է սուրբ գործ։
Իր հարցազրույցների մեկում նա խոսելով Արցախում 70 տարվա դադարից հետո նորից թեմի գործելու դժվարությունների մասին ասել է. «Արցախի թեմը պետք է գործեր, քանի որ կար ցանկություն, և Մոսկվան նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին թույլ թվեց, որ մենք Արցախում բացենք երկու վանք և երկու եկեղեցի՝ հակառակ Բաքվի մերժումների: Բազմաթիվ խնդրանքներ էինք ներկայացրել Մոսկվա և ստանալով արտոնություն՝ Վազգեն Առաջինը որոշեց օգտագործել առիթը և վերաբացել Արցախի պատմական թեմը: Առաքելությունը դրվեց իմ և ևս չորս հոգևորականների ուսերին: Երբ քեզ կաթողիկոսն է օրհնում, զորավոր է դառնում և Աստծո օրհնությունը: Իսկ եթե կա Աստծո օրհնությունը, կլինի և Աստծո կամքը: Անկախ այն բանից, թե ինչ կկատարվի՝ ո՞ղջ կմնաս, կզոհվե՞ս, դժվա՞ր կլինի, թե՞ հեշտ, միևնույն է՝ դու պետք է գնաս: Դու արդեն ունես քրիստոնեական գիտակցություն, պետք է գործես ըստ հրահանգի: և լավագույնն այն է, երբ դու գործում ես օրհնության ներքո: Դա քրիստոնեական կարևոր կանոն է»:
Նույն հարցազրույցում սրբազանը խոսել է նաև իր երազանքներից:
«Մանկուց երազել եմ հզոր ազգ ունենալու մասին: Աստծուն փառք եմ տալիս, որ ես հայտնվեցի Արցախում և իմ համեստ ներկայությամբ ժամանակակիցը եղա հայոց հաղթանակի: Կարելի է ասել՝ իմ երազանքի մի մասը տեսա, այն է՝ հայկական հողի ազատագրում: Իմ երազանքն է նաև 15 հայկական նահանգները տեսնել ազատագրված ու միաբանված, ունենանք հայոց թագավոր՝ հայ քրիստոնյա օծված թագավոր` մեր պատմական բոլոր հողերի վրա: Երբ դարձա քրիստոնյա և հոգևորական, աղոթում էի և աղոթում եմ, երազում էի և երազում եմ, որ մենք ազգովի ապաշխարհենք և ամբողջ ազգով Քրիստոսին իր բոլոր սրբերի հետ փառաբանենք, որպեսզի դատաստանի օրը ոչ մի հայի կորուստ չունենանք:
Ամեն»:
Այսօր Պարգև Սրբազանը միայն հոգևոր գործիչ չէ, նաև հասարակական գործիչ է, Արցախում վստահություն վայելով մարդկանց գլխավոր հորիզոնականներում։
Henaran.am-ը շնորհավորում է Սրբազանի ծննդյան տարեդարձը՝ մաղթելով քաջ-առողջություն, երկար տարիների կյանք՝ ի բարօրություն ողջ հայ ժողովրդի։