Սահմանադրությունը պետք է համապատասխանի մեր ժամանակի մարտահրավերներին եւ արժեհամակարգին. Սյունիքի մարզպետ
ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումն այսօր Սյունիքի մարզում էր: Մարզպետ Վահե Հակոբյանը ողջունելով ներկաներին նշեց, որ շատ պարզ է, թե ինչ է նշանակում սահմանադրական փոփոխությունը եւ ինչ կարեւորություն ունի: ՛՛Այն պետք է կանոնակարգի մեր երկրի հետագա ընթացքը, պետք է համապատասխանի մեր ժամանակի մարտահրավերներին եւ արժեհամակարգին: Մենք գիտենք, որ Սահմանադրությունը մի օրգանիզմ է, եւ ժամանակ առ ժամանակ փոփոխությունների պետք է ենթարկվի՛՛,-նշեց նա:
Վահե Հակոբյանը շեշտեց, որ խիստ կարեւորում են նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նման ձեւաչափով հանդիպումները մարզերում:
Ապա հանձնաժողովի անդամ Գեորգի Կուտոյանը ներկայացրեց հայեցակարգի մի քանի հիմնական դրույթները: Նախ նա նշեց, որ շատերն այսօր ասում են, թե սահմանադրական բարեփոխումները ժամանակավրեպ են, սակայն այս հարցը պետք է դիտարկել անցյալի ու ապագայի տեսանակյունից: ՛՛1995 թ-ին ընդունված Սահմանադրությունը էական դեր ունեցավ ժողովրդավարության, մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովման ուղղությամբ, պետական ինստիտուտների կայացման համար, բայց արդեն մի քանի տարի անց առաջացավ փոփոխության անհրաժեշտություն: Դա պայմանավորված էր երկրի հասարակական հարաբերությունների բավական ակտիվ զարգացումներով, սոցիալական-քաղաքական կյանքում տեղի ունեցած փոփոխություններով, միջազգային տարբեր կառույցներին Հայաստանի անդամագրությամբ պայմանավորված պարտավորություններով եւ այլ հանգամանքներով՛՛,-ասաց նա:
Ըստ բանախոսի՝ 2005-ին կայացած փոփոխությունները լուծեցին այդ ժամանակ առկա խնդիրները, սակայն տարիների ընթացքում առաջանում են նոր խնդիրներ, որոնց այժմ պետք է լուծում տրվի:
Նա նշեց, որ նման խնդիրներից են սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի հստակ երաշխավորումը, իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման գաղափարի հետրողական իրացումը, ընտրական համակարգի, հանրաքվեի ինստիտուտի բարեփոխումը եւ այլն:
Կուտոյանի խոսքով՝ այս խնդիրները բարձրացվել են միջազգային գործընկերների, քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի կողմից: