17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին. Լևոն Տեր-Պետրոսյան. ilur.am

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել Ilur.am-ին, որտեղ անդրադառնում է Եվրասիական միության շրջանակներում Ղարաբաղի խնդրին, Մինսկի խմբին, հնարավոր զարգացումներին:

-Պարոն նախագահ, Մինսկի խմբի փաստացի անգործությունը, Եւրասիական Միության շրջանակներում Ղարաբաղի խնդրի անսպասելի արծարծումը եւ մանավանդ Ադրբեջանի կողմից զինադադարի հաճախացած խախտումները չափազանց մտահոգիչ վիճակ են ստեղծել Արցախի անվտանգության եւ ընդհանրապես Ղարաբաղյան կարգավորման հեռանկարի առումով։ Հայաստանի իշխանությունները, ջայլամի քաղաքականություն որդեգրելով, առայժմ որեւէ բանական մեկնաբանությամբ հանդես չեն եկել այս ամենի վերաբերյալ։ Բայց շատերը նաեւ մեղադրում են ընդդիմությանն ու ոչ իշխանական քաղաքական ուժերին, որ վերջիններս նույնպես հավուր պատշաճի չեն արձագանքում նշված խնդիրներին։

– Զարգացումներն իսկապես մտահոգիչ են, բայց ընդդիմությունը կամ իշխանական համակարգից դուրս գտնվող որեւէ ուժ, չտիրապետելով խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը, չի կարող որեւէ հիմնավոր կամ քիչ թե շատ համոզիչ կարծիք արտահայտել։ Կարելի է, իհարկե, լուրջ դեմք ընդունելով, ինչ-ինչ դատողություններ անել, բայց Ձեզ հայտնի պիտի լինի, որ քաղաքագիտական սպեկուլյացիաներն իմ ժանրը չեն, հետեւաբար ես զերծ կմնամ դրանից։ Տեղեկատվությանը եւ Ղարաբաղյան խնդրի ներքին խութերին տիրապետում է բացառապես իշխանությունը, եւ առաջին հերթին հենց նրա պարտքն է հանդես գալ անհրաժեշտ մեկնաբանություններով։ Մինչդեռ, ինչպես Դուք նշեցիք, իշխանության պատկան մարմիններն առայժմ որեւէ հոդաբաշխ բացատրություն չեն տվել հասարակությանը, ինչը ավելի մտահոգիչ է դարձնում իրավիճակը։

– Անհրաժեշտ մեկնաբանություններով հանդես չգալու թերացումից բացի, ինչո՞վ եք բացատրում հայկական կողմի ակնհայտ պասիվությունը շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած ինտենսիվ պրովոկացիաների հանդեպ, որոնք բացի տագնապ սերմանելուց, ուղեկցվում են ցավալի մարդկային կորուստներով, ինչպես զինվորականության, այնպես էլ քաղաքացիական անձանց շարքերում։

– Այո, ակնհայտ է, որ հայկական կողմի հակազդեցությունը բավականին զուսպ ու անհամարժեք է սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի ծավալած ռազմական ոտնձգությունների հանդեպ, ինչը, իմ կարծիքով, բացատրվում է հետեւյալ հանգամանքով։ Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման։ Մյուս կողմից, հայկական կողմի զսպվածությունը ավելի է լկտիացնում Ադրբեջանին, որը կարծես-թե ձգտում է առավելագույնս թեժացնել իրավիճակը սահմանային գոտում։ Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են դժվարագույն դիլեմայի առջեւ, որի լուծումը ահռելի ջանքեր եւ բացառիկ քաղաքական հնարամտություն է պահանջում։

– Եթե գաղտնիք չէ, այդ առումով ի՞նչ խորհուրդ կտայիք իշխանություններին։

– Խորհուրդ տալը տվյալ պարագայում իմ կողմից անլրջություն կլիներ, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, ես չեմ տիրապետում խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը։ Կցանկանայի ավելացնել միայն, որ, իմ կարծիքով, Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ գործողությունները որոշ չափով կապված են մի կողմից` Եւրոասոցացման գործընթացի վիժեցումից հետո Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի ցուցաբերած անվստահության, իսկ մյուս կողմից` Եւրասիական միության շրջանակում Հայաստանի դեռեւս անհստակ կարգավիճակի հանգամանքի հետ։

 Իսկ Ձեր կարծիքով` ինչո՞ւ է ուշանում այդ կարգավիճակի հստակեցումը։ Չէ՞ որ Հայաստանի իշխանությունները ձգտում էին Եւրասիական միությանը միանալու համաձայնագիրը ստորագրել դեռեւս հուլիսի 3-ին։ Հետո հայտարարվեց, որ դա տեղի կունենա հուլիսի 30-ին։ Իսկ այժմ արդեն խոսքը գնում է հոկտեմբերի կամ նույնիսկ տարեվերջի մասին։

– Կարծում եմ, այդ հարցի ձգձգման պատճառը ո՛չ տեխնիկական խնդիրներն են, որոնք հայկական կողմի հավաստմամբ վաղուց լուծված են, ո՛չ էլ տնտեսական նկատառումները, քանի որ Հայաստանի եւ Ղարաբաղի առեւտրա-տնտեսական հարաբերությունների չնչին ծավալը (շուրջ 20-30 մլն դոլար) ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական առումով որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Եւրասիական միության հսկայական շուկայի վրա։ Հարցի պատասխանն, ուստի, պետք է որոնել քաղաքական ոլորտում։ Հստակ է, որ Եւրասիական միության հիմնադիր անդամների կողմից Հայաստանի առջեւ կտրուկ պայման է դրվել մաքսակետեր տեղադրել հայ-ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանի իշխանություններն, ըստ այդմ, կանգնած են այդ պայմանը կատարելու կամ չկատարելու երկընտրանքի առջեւ` հարկադրված լինելով ծանրութեթեւ անել իրենց այս կամ այն որոշման լրջագույն հետեւանքները, որոնք կանխատեսելը մեծ երեւակայություն չի պահանջում։ Պայմանը չկատարելու պարագայում` արդեն իսկ իր հարաբերություններն Արեւմուտքի հետ փչացրած Հայաստանը կհայտնվի լիակատար քաղաքական եւ տնտեսական վակուումում, իսկ կատարելու պարագայում` լքվածության խուճապային հոգեբանական վիճակ կստեղծվի Ղարաբաղում` հղի Հայաստանի եւ Ղարաբաղի հարաբերություններում լուրջ լարվածություն առաջացնելու վտանգով։ Մի խոսքով` Եւրասիական միությանն անդամակցության հետաձգման պատճառն այս պահին ոչ թե Ռուսաստանը, Ղազախստանը կամ Բելոռուսիան է, այլ Հայաստանը, որն առայժմ չի գտել հայ-ղարաբաղյան սահմանում մաքսակետեր տեղադրելու հարցի լուծման բանալին։

– Շատերը, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ ապահովելու ակնկալիքով, որոշ հույսեր են կապում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Փարիզում հանդիպում անցկացնելու նախաձեռնության հետ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը, եւ արդյոք արդարացվա՞ծ եք համարում նման ակնկալիքը։

– Սկսենք նրանից, որ հակամարտող երկրների ղեկավարների միջեւ կայացած ցանկացած հանդիպում ինքնըստինքյան դրական պետք է գնահատել։ Սակայն ինչ վերաբերում է Օլանդի նախաձեռնած հանդիպմանը, ապա դժվարանում եմ ասել, թե այն, բացի փոխըմբռնման որոշ մթնոլորտ ստեղծելուց, ի՞նչ կոնկրետ արդյունք կտա։ Այս առիթով, զուտ փաստի արձանագրման կամ հետաքրքրության համար, ուզում եմ մի դրվագ պատմել իմ անձնական փորձից։ 1996 թվականին նման մի նախաձեռնությամբ հանդես եկավ նաեւ Ժակ Շիրակը` առաջարկելով Փարիզում եռակողմ հանդիպում կազմակերպել իր, Հեյդար Ալիեւի եւ իմ միջեւ։ Ես պարոն Շիրակին ասացի, որ այդ հանդիպումն անիմաստ է ու դժվար-թե որեւէ արդյունք տա, եթե դրան չմասնակցի նաեւ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նկատի ունենալով, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ Ղարաբաղը ճանաչված է որպես հակամարտության երրորդ իրավահավասար կողմ։ Շիրակն ընդունեց տվյալ փաստարկի հիմնավորվածությունը եւ խոստացավ համոզել Ալիեւին` համաձայնելու հանդիպման իմ առաջարկած ձեւաչափին։ Սակայն վերջինս չհամաձայնեց, եւ այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ։ Ինչեւիցե, եթե Օլանդ-Ալիեւ-Սարգսյան հանդիպումը, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժ չապահովելով հանդերձ, թեկուզ միայն նպաստի հայ-ադրբեջանական սահմանային գոտում լարվածության թուլացմանը, ապա այդ արդյունքն անգամ լիովին գոհացուցիչ կարելի է համարել։

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ