23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որքան երկար ձգվի այս իրավիճակը, այնքան վնասներն ավելի մեծ կլինեն․ 168.am

168.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այս տարի 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու մտադրությունների մասին։ Թեև մասնագետները դրա համար բավարար հիմքեր չեն տեսնում, այնուհանդերձ բարձր տնտեսական աճ ապահովելու մեկնարկը տրված է։

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը, որն ամբողջությամբ տեղավորվում է վարչապետի սահմանած ուղենշի տիրույթում։ Տարվա մեկնարկին տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 8,9 տոկոս։

Իհարկե, առանց գյուղատնտեսության։ Գյուղատնտեսության ցուցանիշները, ինչպես նախորդ տարի, կհրապարակվեն եռամսյակային կտրվածքով։ Բայց գյուղատնտեսության մասով ևս հայտնի է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ գյուղատնտեսությունը պետք է դուրս բերել ռեցեսիայից։ Վիճակագրական կոմիտեին և ռեսպոնդենտներին, որոնք այս դեպքում համայնքապետերն են, այլ բան չի մնում, քան ամեն ինչ անել՝ արդարացնելու վարչապետի ակնկալիքները։

Տարեսկզբին բարձր աճեր են արձանագրվել տնտեսության անխտիր բոլոր ճյուղերում։ Նույնիսկ էներգետիկան է դուրս եկել տևական անկումից։ Եվ ոչ միայն դուրս է եկել, այլև ռեկորդային բարձր աճ է ապահովել հունվարին։

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 18,7 տոկոսով, ինչն աճի ամենաբարձր ցուցանիշն է։ Անգամ ծառայությունները դրան չեն հասել։

Ծառայությունների ոլորտում աճը կրկին երկնիշ է, բայց, բնականաբար, դրանով հպարտանալու լուրջ առիթ չկա։ Ինչպես հայտնի է, ծառայությունների խթանները թաքնված են հիմնականում խաղային բիզնեսում, որը դժվար է մեծ ձեռքբերում համարել։ Վերջին 1-2 տարում խաղային բիզնեսն այնքան է ընդլայնվել, որ այլևս զբաղեցնում է ծառայությունների ամենամեծ բաժինը։ Այն անցել է նույնիսկ ֆինանսական և ապահովագրական համակարգից։

Իհարկե, ծառայությունների ոլորտում անցած տարի բարձր ակտիվություն նկատվեց նաև կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում, բայց այն իր տեսակարար կշռով շատ հեռու է խաղային բիզնեսին հասնելուց։ Ու դեռ չհաշված, որ այս տարի կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում լուրջ ռիսկեր են ի հայտ եկել՝ կապված տուրիզմի հետ։

Չինական վիրուսի տարածումը սպառնալիք է դարձել՝ ինչպես ընդհանրապես համաշխարհային տնտեսության, այնպես էլ՝ մասնավորապես, զբոսաշրջության համար։ Դրան Հայաստանը հավանաբար կբախվի արդեն մոտակա օրերին։ Սարերի հետևում չէ Նովրուզը, որին նախորդող և հաջորդող օրերին սովորաբար Իրանից մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան։ Կարճ ժամանակահատվածում նրանց թիվը հասնում էր ընդհուպ 35-45 հազարի, ինչը փոքր թիվ չէ Հայաստանի զբոսաշրջային շուկայի համար։

Այս տարի անիմաստ է սպասել, որ Նովրուզի տոներին կլինեն իրանական զբոսաշրջային հոսքեր։ Ճիշտ է, այս պահին հայ-իրանական սահմանը քաղաքացիների համար փակվել է ընդամենը 2 շաբաթով, բայց որևէ հիմք չկա, որ այդ 2 շաբաթվա ընթացքում Իրանից չինական վիրուսի ներթափանցման վտանգներն այլևս չեն լինելու, և սահմանը կբացվի։

Որքան երկար ձգվի այս իրավիճակը, այնքան վնասներն ավելի մեծ կլինեն։ Դրանք նկատելի չեն հունվարի ցուցանիշներում։ Բայց ավելի ուշ չեն կարող չարտահայտվել։

Տարեսկզբին արձանագրված բարձր տնտեսական աճի գործում, ծառայություններից բացի, մեծ է եղել նաև առևտրի դերը։ Ներքին առևտրի ոլորտում ևս աճը երկնիշ է։ Հունվարին շրջանառություններն ավելացել են 10,3 տոկոսով։ Թեև հազիվ թե կարելի է կարծել, որ այդ աճը եղել է իրական սպառման հաշվին։ Չնայած այս ոլորտում դեռևս անցած տարվանից շրջանառությունների աճ է գրանցվում, այնուհանդերձ դա քիչ կապ ունի սպառման հետ։

Արտաքին առևտուրը երկնիշ չի աճել, բայց միայն այն պատճառով, որ ներմուծման տեմպը բարձր չի եղել։ Այն ընդամենը 2,2 տոկոսով է անցել նախորդ տարվա ցուցանիշից։ Այլ բան է արտահանումը։ Արտահանումը գերաճ է արձանագրել. արտաքին շուկաներ մատակարարումները 20 տոկոսով ավելացել են։ Ու դրանում հավանաբար մեծ է եղել հանքահումքային ապրանքների դերը։ Անցած տարվա այս շրջանում այդ ապրանքների մատակարարումները շատ մեծ չէին, դեռ չէր գործարկվել Թեղուտը, ինչի հետևանքով էլ արտահանումը ոչ պակաս տեմպով նվազել էր։

Պատահական չէ, որ անգամ արձանագրված 20 տոկոս աճից հետո արտահանումը դեռևս չի հասել 2018թ. հունվարի ցուցանիշին։ Այն ժամանակ, երբ խոսք չկար ոչ թավշյա, և ոչ էլ տնտեսական հեղափոխության մասին, արտահանումը Հայաստանից կազմել էր շուրջ 177 մլն դոլար։ Այս տարի կազմել է 174 միլիոն։ Այսինքն՝ 3 միլիոնով պակաս։

Ու դա տեղի է ունեցել արդյունաբերության՝ կրկին երկնիշ աճի պայմաններում. 13,4 տոկոսանոց արդյունք է գրանցվել։ Բայց անցած տարվա ցածր բազայի վրա։ Անցած տարվա հունվարին արդյունաբերությունն անկումային էր։ Այդպիսին էր, որովհետև նվազել էր հանքարդյունաբերությունը։

Ոլորտի աճի բացվածքն ավելի ուշ կհրապարակվի։ Այնուհանդերձ կասկած չկա, որ դրանում էական է եղել հանքարդյունաբերության դերը։

Շինարարության ոլորտում տարեսկզբին Վիճակագրական կոմիտեն 7,7 տոկոսանոց դրական դինամիկա է գրանցել։

Հունվարին արձանագրվել է նաև միջին աշխատավարձի աճ։  Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ ավելացումը կազմել է 5,9 տոկոս։

Բայց հետաքրքիրը ոչ թե այդ ցուցանիշն է, այլ աճի բաշխումը։ Տնտեսության մեջ անցած 1 տարում միջին աշխատավարձը 2,2 անգամ դանդաղ է ավելացել, քան պետական հատվածում։ Մասնավորում աճը կազմել է՝ 3,8, պետականում՝ 8,6 տոկոս։ Այն դեպքում, երբ պետական պաշտոնյաների աշխատավարձերը գոյանում են տնտեսական հատվածի վճարած հարկերի հաշվին։

Հավանաբար դժվար չէ կռահել, թե ինչո՞վ է պայմանավորված այս անոմալիան։ Այդպես է, որովհետև իշխանությունները որոշել են, որ իրենք պետք է բարձր պարգևավճարներ ստանան։ Կարևոր չէ, թե դա ում հաշվին կլինի։

Տնտեսական ակտիվության 8,9 տոկոսը, անշուշտ, բարձր արդյունք է։ Բայց դա ցուցանիշ է, որը քիչ բան է ասում տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների մասին։ Չնայած պաշտոնական վիճակագրության արձանագրած աճերին, իրական կյանքում այդ աճերը գրեթե տեսանելի չեն։ Ու դրա վկայություններից մեկն էլ տնտեսության մեջ զբաղվածների եկամուտների դանդաղ աճն է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ