23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանի հակակրանքից բոլշևիկյան մաղձի հոտ էր գալիս

ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՄԱՂՁՈՎ…

Օրեր առաջ, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նաև գիրք նվիրելու օր է, ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչները Խնկո Ապոր գրադարանում մոտեցան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ նրան երկու գիրք նվիրելու: Գրքերից մեկի հեղինակը Նիկոլ Աղբալյանն էր, մյուսինը՝ Կարինե Հակոբյանը:

ԿԳՄՍ նախարարը վերցրեց գրքերը՝ հայացքն արագ սահեցնելով Ն. Աղբալյանի գրքի վրայով, կարդաց մյուս հեղինակի՝ Կ. Հարությունյանի անունը՝ անթաքույց բարձրաձայնելով երկրորդ գրքի հեղինակի առնչությամբ իր գոհունակությունը՝ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՉԻ ԿԱՐԵՎՈՐԸ…

Եթե այս խոսքերը լսեի ՀՀ մի շարքային քաղաքացուց, որին քաղաքական իշխանությունը հավաքական ՊՈՂՈՍ, իսկ հանրությունը ԶՈՄԲԻ անունով է կնքել, հաստատ կտխրեի, ցավ կապրեի տգիտության ու չարության այդ հրավառությունից: Բայց այդ նախադասության, այդ մտքի ու մտածումի հեղինակը մեր հանրային կյանքի մի չափազանց տարողունակ ու լուրջ հատվածի՝ ՀՀ կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարարն է: Նախարար, որն այդ պահին, նաև ինքնաքարոզչական նպատակներով, գրադարանում էր և Թումանյանի օրն ավելի մարդեղեն ու ոգեղեն դարձնելու համար երեխաներին «Շունն ու կատուն» էր պատրաստվում կարդալ:

Տխրելը կամ ցավ ապրելը քիչ է, մեղմ է, գրեթե՝ ոչինչ չասող: Այդ անթաքույց հակակրանքից բոլշևիկյան մաղձի ու բուլգակովյան հերոսների ցեխոտ շինելի հոտ էր գալիս:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ Հ. Թումանյանն ու Ն. Աղբալյանը գրական «Վերնատան» հիմնադիրներն են, ուր Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշներ կոփում էին հայ գրականությունն ու հայ գեղարվեստական միտքը:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ ինքը Ն. Աղբալյանի իրավահաջորդն է, որ 1919 թ. Ն. Աղբալյանը է ՀՀ լուսավորության և արվեստի նախարարն էր։

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ 1919 թ. Ն. Աղբալյանի հրամանագրով է հիմնադրվել Երևանի պետական համալսարանը, որի շրջանավարտն է ինքը:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ Ն. Աղբալյանը դաշնակցական, ազգային և պետական գործիչ լինելուց անդին, բացառիկ գրականագետ էր, մանկավարժ, լեզվաբան, գեղագետ և փիլիսոփա: Ե. Չարենցին, Կոմիտասին, Սայաթ-Նովային նվիրված նրա մենագրություններն այսօր էլ արդիական են:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ բոլշևիկյան ռեժիմից մազապուրծ Ն. Աղբալյանն ու դաշնակցական մյուս գործիչները երբեք թույլ չտվեցին, որ ատելության սերմերը քայքայեն նոր սերնդի հոգին: ԱՄԵՆ ԲԱՆԻՑ ՎԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ. սա էր նրանց կարգախոսն ու ուղերձը Սփյուռքին:

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե իմանա, որ դաշնակցական երախտավորների մի ոսկե փաղանգ մեր ազգային ու մշակութային ինքնությունն է կերտել և կերտում. Սիամանթո, Ռ. Սևակ,Հ. Օշական, Ռ. Զարդարյան, Ա. Իսահակյան, Ա. Ահարոնյան, Լ. Շանթ, Մ. Իշխան, Համաստեղ, Վ. Շուշանյան, Ս. Սարգսյան, Ռ. Դավոյան, Ռ. Հովսեփյան…

Հավանաբար, ոչ՝ վստահաբար, Ա. Հարությունյանը դժվար թե հասկանա, որ Դաշնակցությունը համահայկական, համազգային կառույց է և այսօր էլ շարունակում է Սփյուռքի քաղաքական կազմակերպվածությամբ ծառայել Հայոց պետականությանը…

Այս օրերին մի անասելի չքմեղանքով քաղաքական իշխանությունը փորձում է հասկանալ, թե որտեղ է գեներացվում ատելության խոսքը, որտեղի՞ց այսքան չարություն ու անհանդուրժողականություն, ինչո՞ւ է թույնի ու մաղձի չափաբաժինը վերածվել ազգային անվտանգության սպառնալիքի:

Իմ երկիր հնամյա, սա էլ կանցնի…

Բայց արդյոք իրավունք ունի՞ իմացության, մտահորիզոնի, քաղաքակրթական, ազգային արժանապատվության, քաղաքական հանդուրժողականության տվյալ պաշարով մեկը լինել կառավարության անդամ, ղեկավարել գերատեսչություն, որը պատասխանատու է երկրի համար ամենառազմավարական ոլորտների՝ մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության ու սպորտի համար…

Լիլիթ Գալստյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ