Արցախում հակառակորդի գնդակից խաղաղ բնակիչ է զոհվել
2014թ. հուլիսի 14-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Արվիդ Դանիելյանը Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված` “Սարիջալու” կոչվող տեղանքում, Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի “Ագրոտնտեսություն թիվ 1” ՓԲ ընկերությանը պատկանող` իրեն ամրակցված “Ջոն-դեր” մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերից ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, ազգային ատելության շարժառիթով արձակված կրակոցի հետեւանքով, դեմքի շրջանում ստացել է հրազենային գնդակային վիրավորում եւ տեղում մահացել:
Նշված փաստի առթիվ, 2014թ. հուլիսի 14-ին, ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից հարուցվել է թիվ 151026.14 քրեական գործը` ԼՂՀ քր. օր-ի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարումը եւ հսկողությունն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը: