Հայաստանի տնտեսության աբսուրդը․ 168.am
«Պաշտոնական տվյալներով Հայաստանի տնտեսությունը բարձր աճ է արձանագրել, ավելացել են նաև արտաքին ու ներքին առևտրաշրջանառությունները:
Ու այդ պայմաններում, նույն պաշտոնական տվյալներով, բեռնափոխադրումները կտրուկ կրճատվել են: Թե ինչու է այդպես, նույնիսկ մասնագետներն են դժվարանում բացատրել:
Տրամաբանորեն, երբ տնտեսությունն աճում է, պետք է ավելանան նաև բեռնափոխադրումները: Բայց դրանք նվազել են, այն էլ՝ ոչ թե 10 կամ 20 տոկոսով, այլ կիսով չափ:
Անցած տարի Հայաստանի տրանսպորտային բեռնափոխադրումները կազմել են նախորդ տարվա ընդամենը 50,4 տոկոսը: Ու դա պայմանավորվել է բացառապես ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալների կրճատմամբ: Դրանք նվազել են ավելի քան 60 տոկոսով: Տրանսպորտային մյուս բոլոր տեսակներով՝ երկաթուղային, օդային, խողովակաշարային, բեռնափոխադրումներն ավելացել են: Առանձին դեպքերում աճը հասնում է ընդհուպ 20-30 տոկոսի: Բայց նույնիսկ այդ պարագայում չի հաջողվել խուսափել բեռնափոխադրումների գրեթե 50 տոկոսանոց կրճատումից: Հայաստանի տրանսպորտային բեռնափոխադրումների մեջ էական դեր ունեն ավտոմոբիլային բեռնափոխադրումները: Տրանսպորտային այդ տեսակով է կազմակերպվում բեռների տեղափոխման գրեթե 65 տոկոսը:
Իհարկե, լավ չէ, որ այդպես է: Բայց դա փաստ է: Ավտոմոբիլային տրանսպորտով է իրականացվում բեռների արտահանման և ներմուծման հիմնական մասը: Պատճառն այն է, որ արտաքին աշխարհի հետ ցամաքային հաղորդակցության միակ միջոցը Հայաստանի համար մնացել է միայն ավտոմոբիլային տրանսպորտը: Մի բան, ինչն էլ մեծացրել է դրա նշանակությունն ու ազդեցությունը Հայաստանի բեռնափոխադրումների գործում:
Բայց բեռնափոխադրումների նվազումը կապված չէ արտաքին փոխադրումների հետ: Ընդհակառակը՝ ավելացել է ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող բեռների ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը: Մի դեպքում աճը հասնում է 29, մյուս դեպքում՝ 21 տոկոսի: Փոխարենը՝ շեշտակի կրճատվել են այդ տրանսպորտով կազմակերպվող ներհանրապետական բեռնափոխադրումները: Նվազումը կազմել է 73 տոկոս:
Եթե նույնիսկ համարենք, որ այդ բեռների տեղափոխումն անցել է մեկ այլ տրանսպորտային միջոցի, ապա բեռնափոխադրումների նվազում գոնե չպետք է լիներ: Բայց, ինչպես տեսնում ենք, ամենևին էլ այդպես չէ:
Տնտեսության 8 տոկոսին մոտ աճի պայմաններում բեռնափոխադրումների նվազումն աբսուրդ է թվում, չնայած Վիճակագրական կոմիտեն ունի դրա բացատրությունը: Այլ հարց է, թե այն որքանո՞վ է համոզիչ:
Պարզվում է՝ բեռնափոխադրումների հաշվարկի հիմքում կիրառվում է ոչ միայն բեռների ծավալը, այլև տեղափոխման հեռավորությունը: Կրճատվել է կարճ հեռավորությամբ բեռների տեղափոխումը: Տարվա սկզբից ռեսպոնդենտներից մեկը դադարեցրել է իր գործունեությունը, ինչն էլ, ըստ վիճակագիրների, նման ազդեցություն է թողել բեռնաշրջանառությունների վրա: Խոսքը հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ընկերության մասին է»։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: