Սա մամուլի բերանը փակելու, զսպաշապիկ հագցնելու հերթկան փորձն է. Արմինե Օհանյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությունը մամուլին լռեցնելու փորձ է, որ զերծ մնան իրենց համար ոչ ցանկալի հրապարակումներից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
Հիշեցնենք՝ թերթը պարզել է, որ նախարարը նախկինում դատվածություն է ունեցել։ «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաև Քաղպայմանագիր կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, ամենադրական իմիջն ունեցող մարդկանցից է այս իշխանության մեջ։ Սակայն, պարզվում է, նա իր կենսագրությունը սրբագրել է և որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից»,- գրել էր «Հրապարակը»՝ նշելով. «Պապիկյանը թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն և անգամ դատապարտված է եղել ու նստել է՝ զինծառայության ժամանակ հրամանատարին դանակով հարվածելու համար։ Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։
Սուրեն Պապիկյանն այսօր արձագանքել էր հրապարակմանը՝ ըստ էության չհերքելով տեղեկատվության ճշմարտացիությունը՝ նշելով, որ իր նկատմամբ համաներում է կիրառվել եւ միաժամանակ հայտարարել, թե դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ՀՀ ոստիկանության պետին՝ խնդրելով պարզել, թե ինչպես են իր անձնական տվյալները հասանելի դարձել որոշ լրատվամիջոցներին ու «տարբեր լրատվականներով իր անունը մրոտելու առիթ դարձել»։
«Սա մամուլի բերանը փակելու, զսպաշապիկ հագցնելու հերթական փորձն է, ընդ որում կոչ է արվում իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցել, պարզել արտահոսքի աղբյուրները, որտեղից ենք տեղեկատվություն ստացել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ լրագրողի պարտականությունը տեղեկությունը պարզելն ու հրապարակելն է. «Եթե մենք ամեն անգամ մտածենք, թե դա ինչ հետևանք է ունենալու և ով ինչպես է ընկալելու մեր հրապարակումները, ուրեմն ընդհանրապես պետք է չաշխատենք։ Թե որտեղից ենք ինֆորմացիան հայթայթել, ինչ ճանապարհով և այլն, դրանք բոլորովին կարևոր չեն։ Կարևորն այն է, որ դրանք լինեն ճշգրիտ»։
Գլխավոր խմբագիրը նկատեց, որ Պապիկյանի ուղիղ եթերից հաստատվեց իրենց տեղեկության ճշմարտացիությունը ու որ այն համապատասխանում է իրականությանը, սակայն, Օհանյանի խոսքով, իշխանությունը փորձում է խմբագրությանը մեղադրել ինչ-որ դավադիր ուժերի ձեռքին գործիք լինելու և գաղտնի ինֆորմացիա հրապարակելու մեջ։
Օհանյանն ընդգծեց, որ պետական ոչ մի պաշտոնյայի կյանքի, կենսագրության ոչ մի էջ չի կարող գաղտնի լինել և նույնիսկ պաշտոնյայի մանկապարտեզում, դպրոցում կամ երիտասարդության տարիքում թույլ տված խախտումների, քայլերի մասին մամուլն իրավունք ունի հրապարակումներ անել և դա է հենց մամուլի պարտականությունն ու առաքելությունը։
«Մենք այս ճանապարհով անցել ենք, տարիներ շարունակ պայքարել ենք սրա դեմ և հասել ենք այն բանին, որ ի վերջո Սահմանադրական դատարանի որոշում ընդունվեց և պետական պաշտոնյաներին հասկացրեցին, որ աղբյուրը պահանջել չեն կարող։ Տեղեկատվության աղբյուրը պահանջել կարելի է միայն դատարանի որոշմամբ, այն էլ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման պատճառաբանությամբ»,-ասաց խմբագիրը։
Նա ընդգծեց, որ մամուլի նկատմամբ ճնշումներ իրականացնելու անիմաստ փորձեր են իրականացվում. «Ես շատ ցավում եմ, որ այդ փորձերն իրականացնողն այս իշխանությունների ամենալուրջ, ամենածանրակշիռ պաշտոնյան է, որի նկատմամբ հարգանք կար, բայց պարզվեց, որ իշխանության ոճն է լրատվամիջոցների հետ սպառնալիքների, քրեական մեթոդներով խոսելը»։
Օհանյանի գնահատմամբ՝ խնդրահարույցն այն է, որ պետական պաշտոնյան իր կենսագրությունից թաքցրել է որոշ դրվագներ։
«Մենք ընդամենն ասել ենք, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե այս մարդն ով է եղել, որտեղ է ծնվել, ինչ կենսագրություն ու անցյալ է ունեցել։
Մեր բարոյական հարթության մեջ արված հարցադրումն իրենք տեղափոխում են իրավական դաշտ, դե թող տեղափոխեն տեսնենք՝ դրանից ով է շահելու»,-ամփոփելով խոսքն ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրը։