Վարչապետն ուրախ է, որ «սփրթնած գործընկերները վերագտել են կամ գտել են իրենց վստահությունը»
Եթե մենք մեքենա վառող լինեինք, առնվազն մինչև հիմա էդ ո՞ւմ մեքենան ենք վառել, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ավելին ասեմ, եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ էդպես չէին խոսի, որովհետև եղել են ժամանակներ, որ եղել են մեքենա վառողներ, պադյեզդներում ծեծողներ, ընդհուպ՝ կրակող-սպանողներ, ու էդ նույն մարդիկ երբեք էդ մարդկանց հետ էդ տոնով չեն խոսել, որովհետև զգացել են՝ իսկապես, կարող է հաջորդի մեքենայի վառելը, շքամուտոքում ծեծելը, որոշ դեպքում՝ ավելի համոզիչ մեթոդներ», – ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, երբ ինքը խոսում էր, այսօրվա մի շարք ընդդիմադիր գործընկերներ ուղղակի սփրթնում էին ԱԺ դահլիճում նստած։
«Ես հիմա ուրախ եմ, որ նրանք վերագտել են կամ գտել են իրենց վստահությունը», – ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ ինքն ասել է, որ ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը, կհամարեն հակապետական ուժ։
«Մի հատ նրբություն կա՝ ասել եմ իրավական խոչընդոտ, ի՞նչ եմ ակնարկել, ակնարկել եմ, որ եթե որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկվի, մենք դա կգնահատենք էդպես, ինչո՞ւ, որովհետև ասում եմ՝ եկեք գնանք ժողովրդին հարցնենք ու ապահովենք ժողովրդի ազատ կամարտահայտման ազատությունը, եթե ուժ կա, որ ասում է՝ «չէ, ես ժողովրդին չեմ ուզում հարցնեմ, ես պտի հարցնեմ ՍԴ-ին», էս իրավիճակում բխում է որոշակի հետևություն, իսկ երբ ես ասում եմ, որ մենք պետք է երաշխավորենք ժողովրդի կամաարտահայտման ազատությունը, ասում եմ՝ էդ նույն փաստարկները եկեք ժողովրդին ասեք, թող ժողովուրդը ձեզ հավատա ու քվեարկի», – ասաց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբեք Հայաստանում չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա հինգ ընդդիմադիր հեռուստաընկերություն։
«Հայաստանի պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ։ Էդ ինչի՞ մասին են խոսում, էդ ո՞ւմ բերանն ենք մենք փակում, էդ ո՞ւմ մեքենան ենք մենք վառում և… շնորհակալություն», – ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։