Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ՀՀ քաղաքական և իրավական ապագայի վերջնական տապալումն է, և անկախ արդյունքներից՝ Փաշինյանի իշխանության վերջի սկիզբը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Իմ խորին համոզմամբ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իրականում ՀՀ քաղաքական և իրավական ապագայի վերջնական տապալումն է, և անկախ արդյունքներից, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջի սկիզբն է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցութուն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
«Բացի այն, որ սա խիստ հակասահմանադրական, հակաիրավական և ապագայում կոնկրետ իրավական գնահատականի արժանանալու ենթակա հարց է, նաև գլոբալ պրոցես է, որովհետև Նիկոլ Փաշինյանը վստահ է, թե իր իշխանության լեգիտիմությունը կամ ընկալելիությունը, հասարակաւթյան կողմից ունեցած վստահությունը գնալով մաշվում է: Նա շատ լավ հասկանում է, որ ապրիլին ավելի վատ վիճակում է լինելու, քան հիմա է»,-ասաց Սամսոնյանը՝ նշելով, թե իշխանությունը ևս գիտակցում է, որ այս պահի դրությամբ քաղաքական ամբողջ կապիտալը մսխված է:
Սամսոնյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հաղթելու է բացառապես ընտրակեղծիքների միջոցով:
««Ոչ»-ի շուրջ համախմբված է ողջ ընդդիմությունը, կա մեծ կոնսենսուս: Այս «Ոչ»-ն «Այո» է Հայաստանի Սահմանադրությանը, Հայաստանի քաղաքական ապագային, ՀՀ-ին: Իրական ընդդիմադիր քաղաքական ու քաղաքացիական ուժերի կողմից պետք է վերահսկվի ողջ գործընթացը: Հանրաքվեն Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու նախերգանքն է լինելու»»,-ասաց Սամսոնյանը՝ նշելով, թե բոլոր օրինական ձևերով պետք է հարվածներ հասցնել, քայքայել այս իշխանությունների լեգիտիմությունը, ստի ու կեղծիքի շղարշը:
Նարեկ Սամսոնյանը տեսակետ հայտնեց նաև, թե հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում Նիկոլ Փաշինյանը պարտվելու է և հավելեց, որ իր տեղեկություններով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ՝ առաջարկելով, որ ԲՀԿ խմբակցությունից 10 պատգամավոր միանա ԼՀԿ խմբակցության նախաձեռնությանը՝ դիմել ՍԴ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ, սակայն Ծառուկյանը մերժել է, քանի որ կարճվել է իր որդուն՝ Նվեր Ծառուկյանին վերաբերող քրեական գործը:
«Սա ԲՀԿ-ի քաղաքական վախճանի սկիզբն է»,-նշեց Սամսոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: