23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«ՀՀԿ-ին դիմած քաղաքացիներն ասում են՝ խաբվեցինք, թե Փաշինյանին բերելով՝ բերում ենք ՀՀԿ-ից լավին». Մկրտչյան

«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր, ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանի համոզմամբ՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրելով հանրաքվեի մասին որոշումը՝ մաս դարձավ այն հակաիրավական և հակասահմանադրական գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր երկրում՝ Սահմանադրական դատարանի՝ Նիկոլ Փաշինյանին ոչ հաճո կազմից ազատվելու նպատակով։

 

«Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստում ընդունված որոշման մեջ խախտված է Սահմանադրությունը, հանրաքվեի է դրվել մի հարց, որն արդեն շրջանառությունից դուրս էր եկել, սակայն այդ նախագիծը ոչ լեգիտիմ կարգով քննարկման դրեցին խորհրդարանում, որից հետո ուղարկեցին հանրապետության նախագահին, իսկ նա էլ, ցավոք սրտի, ակտիվ հակաիրավական գործողություններով ստորագրեց այդ հակաիրավական հանրաքվեի մասին որոշումը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ, ի հեճուկս նախագահի այն պնդման, թե նախագահը, բացի ստորագրելուց կամ չստորագրելուց, այլ գործընթաց չէր կարող իրականացնել, պետք է նախագահին հիշեցնել իր գլխավոր առաքելությունը՝ հետևում է Սահմանադրության պահպանմանը։

«Եթե մինչ այս Արմեն Սարգսյանը բավարարվում էր աչք փակելով այս կամ այն անօրինական գործընթացի վրա, ապա հիմա, չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի հարկադրմա՞մբ, թե՞ համոզմունքով, որոշեց ակտիվ մասնակցել սահմանադրական կարգի տապալման այս գործընթացին։ Արմեն Սարգսյանը կարծես Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները կատարում է Նիկոլ Փաշինյանի քարտուղարությամբ. Օրինակ՝ Ազգային ժողովի, դատարանների շրջափակման ժամանակ կարծիք չէր արտահայտում, դա չկար նաև ՍԴ նախագահի նկատմամբ կատարվող ճնշումների ժամանակ, բայց հիմա, չգիտես ինչո՞ւ, կա հանրաքվեի վերաբերյալ որոշման վրա նրա ստորագրությունը»,- իր մտահոգությունները հայտնեց Աննա Մկրտչյանը՝ նշելով, որ նախագահ Սարգսյանից այլևս ՀՀ քաղաքացին չի կարողանում լսել որևէ կարևոր հարցի վերաբերյալ տեսակետ՝ լինի դա Արցախի հիմնախնդրի, թե այլ կարևոր հարցի ակնկալիքով։

 

Մկրտչյանը չգիտի, թե ո՞րն է նախագահ Սարգսյանի այդ գործելաոճի պատճառը, ենթադրում է՝գուցե նման պահվածքի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած առևտուրն է, կամ կառավարության ղեկավարի կողմից հարկադրանքի խոսքը, բայց այստեղ, ըստ նրա՝ կարևոր է մի շատ հետաքրքիր արձանագրում։

«Կարծում եմ՝ եթե նախագահ Սարգսյանն այդքան կառչած է նախագահի աթոռից, ապա այն կարգավիճակով, որում հիմա գտնվում է, անիմաստ է դարձնում այդ աթոռին կառչած մնալը։ Գիտե՛ք, այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն առաջադրեց նրան դառնալ ՀՀ նախագահ, բոլորս հույս ունեինք, որ նա իր հեղինակությամբ ու պետական պաշտոնյայի դիրքով կպաշտպանի ՀՀ Սահմանադրությունը, ցավոք սրտի, չեղավ այդպես։ Կարծում եմ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ որևէ մեկն այն ժամանակ չէր էլ կարող ենթադրել, որ Արմեն Սարգսյանն իր լիազորությունները չի իրականացնի»,- ասաց ՀՀԿ անդամը։

Խոսելով փետրվարի 17-ից մեկնարկելիք հանրաքվեի քարոզարշավի մասին՝ Մկրտչյանը նշեց, որ թեև ՀՀԿ-ում դեռ այս հարցով քննարկում չի եղել, սակայն ակնհայտ է, որ քանի որ գործընթացը սկզբից մինչև վերջ հակաիրավական է, ապա դրա նկատմամբ ճիշտ կլինի պահպանել չեզոքություն։

Դիտարկմանը, որ այդ նույն չեզոքության պահպանման մասին այսօր խոսում էր նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը հայտնեց, որ «Ոչ»-ի քարոզաշավին մասնակցելով՝ ջուր են լցնելու «Այո»-ի «ջրաղացին», Աննա Մկրտչյանն արձագանքեց.

«Ամբոջությամբ համամիտ եմ ասվածի հետ և ուզում եմ հույս հայտնել, որ Էդմոն Մարուքյանի այս ընդդիմադիր կեցվածքը ոչ մի դեպքում Էդմոն Մարուքյան-Նիկոլ Փաշինյան դերախաղից չէ։ Հույս ունեմ, որ պարոն Մարուքյանն իսկապես հասկացել է, որ Փաշինյանն իսկապես իշխանությունը զավթել է»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ամենամեծ խմբակցության դիրքորոշման բացակայությանն այս կարևոր հարցում, ապա Աննա Մկրտչյանը հույս հայտնեց, որ խորհրդարանական խմբակցությունները, այդ թվում՝ ԲՀԿ-ն, մի օր կստանձնեն ընդդիմադիրի կեցվածք, և խորհուրդ տվեց ԲՀԿ-ի դիրքորոշման վերաբերյալ կանխատեսումներ չանել և սպասել խմբակցության պաշտոնական հաղորդագրությանը։

Անդրադառնալով մեկ այլ ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարությանը, որով Կոնգրեսը ողջունել է Ազգային ժողովի ընդունած Հանրաքվեի մասին որոշումը, Աննա Մկրտչյանը նկատեց. «ՀԱԿ-ից այլ բան ակնկալել պետք էլ չէր, բայց մյուս կողմից էլ՝ զարմացած եմ՝ մի՞թե ՀԱԿ-ում իրավաբաններ չկան, փաստորեն այդ կուսակցությունը կոչ է անում քվեարկել մի հանրաքվեի օգտին, որով նպատակ է դրված արդեն իսկ կիրարկված հոդվածի փոփոխություն»։

Խոսելով գործող իշխանության՝  տված խոստումները չկատարելու և հանրության սպասելիքները չարդարացնելու մասին՝  Մկրտչյանը պատմեց այն, ինչ կատարվում է Հանրապետական կուսակցության գրասենյակում։

«Հանրապետական կուսակցությունում գործում է հանրային ընդունարան, որին դիմում են քաղաքացիներն ու ստանում ոլորտային խորհրդակցություններ։ Մեզ դիմող քաղաքացիները դժգոհում են, որ դիմումներ են հասցեագրում տարբեր մարմիններ, որտեղից, սակայն, օրենքով սահմանված կարգով իրենց դիմումներին ընթացք չի տրվում, դիմումատուների հետ անգամ հետադարձ կապը չի պահպանվում։ Հանրապետական կուսակցությանը դիմած քաղաքացիները պատմում են, որ՝ խաբվել ենք՝ հավատալով Նիկոլ Փաշինյանին, մտածել ենք, որ բերել ենք փոփոխություններ, բայց բերել ենք ավելի վատին»,- ասաց Մկրտչյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 Աղավնի Սուքիասյան 
 
168.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ