Հանդգնությամբ ձեռք բերված խաղաղություն
Հուլիսի 10-ին լրացավ ՀՀ Զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի ստեղծման 17-րդ տարեդարձը:
Կարեւոր, պատասխանատու մարտական խնդիր է վերապահված 4-րդ բանակային կորպուսին` պահպանել ՀՀ հարավ-արեւմտյան սահմանները: Շաբաթներ առաջ 4-րդ բանակային կորպուսը Նախիջեւանի հետ սահմանին իրականացրեց բարդ մարտական խնդիր, եւ զգալիորեն բարելավեց իր դիրքերը: Ձեռք բերվեց ռազմավարական նշանակության հաջողություն, քանի որ նախիջեւանյան օպերացիոն ուղղությամբ թշնամին հայտնվեց ակտիվ հարձակողական գործողություններ վարելու տեսանկյունից աննպաստ պայմաններում: Իսկ որ նման մտադրություններ թշնամին ունի` ակնհայտ է: Այդ մտադրություններին հակազդել էր հարկավոր, ինչն էլ տեղի ունեցավ: Արդյունքում` մեր երկրի անվտանգության մակարդակը բերվեց նոր որակի, իսկ ահա թշնամին ստիպված է լինելու վերանայել իր ծրագրերը: Հենց այդ պատճառով էլ 4-րդ բանակային կորպուսի ձեռք բերած հաջողությունը ռազմավարական նշանակություն ունի: Վարպետորեն իրականացված մարտական խնդրի արդյունքում նախիջեւանյան ուղղությամբ մեր սահմանները դարձան ավելի պաշտպանված:
Հայաստանի շուրջ ձեւավորված ռազմաքաղաքական միջավայրը ստիպում է երկրի ռազմական անվտանգության ապահովման նպատակով հետեւողական ջանքեր գործադրել: Բայց այդ հետեւողականությունը պետք է ենթարկվի ինչ – որ տրամաբանության:
Ակնհայտ է, որ երկարատեւ անվտանգության հուսալի երաշխիքն առաջին հերթին տարածքային որեւէ զիջում բացառելն է: Հայաստանին շրջապատող ագրեսիվ միջավայրը կայուն է, անփոփոխ: Պետք է հաշվի առնել նաեւ, որ այժմ արդեն տարածաշրջանի ապակայունացման նոր օջախ է ձեւավորվել` Նախիջեւանը: Նախիջեւանում Ադրբեջանը ամրապնդում է իր ռազմական ներկայությունը եւ բացահայտ հավակնում Սյունիքին: Ածխաջրածնային ռեսուրսների առկայությամբ պայմանավորված կայուն եկամուտների հեռանկարը նպաստել է թե’ նախագահ Ալիեւի ու նրա շրջապատի, եւ թե’ ադրբեջանի քաղաքական լայն շրջանների մոտ հեռուն գնացող ագրեսիվ հավակնությունների ձեւավորմանը: Այդ հավակնությունները չեն սահմանափակվում միայն Արցախով: Ավելի կոնկրետ` Նախիջեւանը Ադրբեջանին ցամաքային կապով կապելը Ադրբեջանի հեռահար նպատակն է` Արցախն օկուպացնելուց հետո: Ասվածը շատ իրատեսական սպառնալիք է, որը եթե դեռ երեկ ընդամենը պոտենցիալ բնույթ ուներ, ապա օրըստօրե դառնում է ավելի ու ավելի իրական, տեսանելի: Ընդ որում Նախիջեւանը Ադրբեջանին ցամաքային կապով կապելու մեջ պակաս շահագրգռված չէ նաեւ Թուրքիան, որովհետեւ այդ դեպքում Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում շեշտակիորեն կամրապնդվեն::
Պատահական չէ, որ վերջին շրջանում թուրք – ադրբեջանական ռազմական համագործակցությունը ավելի ինտենսիվ է դարձել: ՈՒ այս պայմաններում տարածքներ զիջել` նշանակում է թուրք – ադրբեջանական այդ նպատակը իրականանալի դարձնել, նշանակում է թուլանալ ու վերջնականապես կորցնել կենսունակ պետություն ունենալու հեռանկարը: Անվտանգության միջազգային երաշխիքները, ռազմաքաղաքական դաշինքները մեր երկրի անվտանգության ընդամենը հավելյալ երաշխիքներ են, եւ չեն կարող լիարժեքորեն չեզոքացնել թուրք – ադրբեջանական այդ սպառնալիքը: Վերջինս իսկապես կարող է կանխվել միայն Արցախի տարածքային ամբողջականությունը պահպանելու, այսինքն` ոչ մի թիզ հող չզիջելու միջոցով:
Բայց տարածքներ չզիջելը հուսալի անվտանգության նախադրյալ է միայն: Դրան զուգահեռ հարկավոր է հստակ կոնցեպտուալ հենքի վրա զարգացնել երկրի ռազմական ներուժը: Այդ կոնցեպտուալ հենքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից առաջ քաշված ՙփոքր ուժերով մեծ խնդիրներ՚ լուծելու գաղափարն է: Սահմանափակ ռեսուրսներով հակառակորդի հանդեպ որակական գերազանցություն ապահովել. սա է այդ կոնցեպցիայի էությունը, որն իրեն արդարացրել է դեռեւս արցախյան պատերազմի տարիներին: Ղեկավարվել ՙփոքր ուժերով մեծ խնդիրներ՚ կոնցեպցիայով նշանակում է լինել հանդուգն, նախաձեռնող:
Նախիջեւանյան ուղղությամբ իրականացված գործողությունը հենց այդպիսի հանդուգն նախաձեռնողականության օրինակ է: Սյս գործողությունն իր տեսակի մեջ եզակի չէ: Այս տարիներին սահմանի տարբեր հատվածներում նման քայլեր ձեռնարկվել են անընդհատ, ինչը հուշում է այն մասին, որ նախարար Օհանյանն իրեն շրջապատել է համախոհների թիմով, ովքեր գործնականում կիրառում են նրա առաջ քաշած ՙփոքր ուժերով մեծ խնդիրներ՚ սկզբունքն ու` արդյունք ստանում: Այդ արդյունքը` խաղաղությունն է:
Ու քանի դեռ այդ խաղաղությունը փխրուն է, քանի դեռ թշնամուն խաղաղություն պարտադրելու խնդիր կա` ուրեմն կա նաեւ հանդուգն նախաձեռնողականության կարիք, ուրեմն` Սեյրան Օհանյանի թիմն անելիք ունի:
Պետրոս Գերպեկչյան
քաղաքագետ