Միքայել Մինասյանի ուրվականը կռիվ է գցել Փաշինյանի տանը
Ազգային ժողովի հայտնի նիստում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց Միքայել Մինասյանի հետ համագործակցության մեջ: Սերժ Սարգսյանի փեսայի`Միքայել Մինասյանի անվան շուրջ ոչ պակաս սկանդալային հայտարարություն արեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը`նշելով, թե Նիկոլ Փաշինյանի գիտությամբ եւ հանձնարարությամբ հանդիպել է Մինասյանի հետ, ինչին որեւէ կերպ վարչապետի եւ նրա մերձավոր շրջանակներից հերքում չհնչեց: Մինչդեռ սա կարեւոր հարցադրում է, ինչ ունի կիսելու, ինչպես ինքն է ասում՝ « նախկին կոռումպացված իշխանության» ամենաառանցքային դեմքերից մեկի հետ վարչապետ Փաշինյանը, ինչ էր քննարկում վերջինս Միքայել Մինասյանի հետ հեղափոխությունից հետո իր ԱԱԾ պետի միջոցով: Սրանք հարցեր են, որ Փաշինյանի, նրա ներկա եւ նախկին արբանյակների միջեւ կռիվ է գցել: Ով է Միքայել Մինասյանի հաճախորդը. Փաշինյա՞նը, Մարուքյա՞նը, Վանեցյա՞նը. դիսկուրսը դեռեւս օդում կախված է:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մարուքյանը պատասխանելով հարցին, թե ինչու այն ժամանակ լռեց, նշեց՝ « когда пушки говорят винтовки молчат». «Երբ ես պատասխանում եմ Փաշինյանին, տեսնում եմ, որ նա SMS է գրում, որ Ալենը գա պատասխանի: Դրանից հետո Ալենին ի՞նչ պետք է պատասխանեինք»:
«Երբ Վանաձորի ընտրությունների քարոզարշավն էր, նույն մարդիկ, նույն բանն ասում էին, սակայն երբ տեսան, որ առանց մեզ որևէ բանի չեն կարող հասնել, եկան ասացին, որ գործընկերների փնտրտուք է եղել: Այդ ելույթները կան, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունի, որ հպարտ է Լուսավոր Հայաստանով: Հետո ստեղծվեց ԵԼՔ դաշինքը, որի փլուզումից հետո նույն ելույթները սկսվեցին: Դա քաղաքական շանտաժ է: Ավելին ասեմ, դրանով նրանք հայհոյում են հենց իրենց կենսագրությունը: Ոնցոր դու ամեն օր քեզ քրֆես էլի: Եթե դու մի մարդու հետ ճանապարհ ես անցել, սակայն մինչև այդ ու դրանից հետո այդ մարդուն մեղադրում ես մի բանի մեջ, ուրեմն դու էլ ես դրա մեջ:
Բայց ես ուզում եմ ասել, որ Ալեն Սիմոնյանի նախկին ընկեր Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի ցուցումով հանդիպել է Միքայել Մինասյանին: Պարզվում է, որ իշխանության մեջ իշխանությունն ինքնին նախկին իշխանության լատենտ սպասարկուն է, բայց մյուսներին է մեղադրում դրա մեջ»: