Քննարկվել են էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների` Հադրութի շրջանի հետ համագործակցությանն առնչվող հարցեր
Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները համագործակցելու են ԼՂՀ Հադրութի շրջանի հետ: Կողմերի միջև համագործակցության վավերացման հուշագիր-փաստաթուղթը նախապատրաստելու նպատակով Էրեբունի վարչական շրջան ղեկավար Արմեն Հարությունյանն ու Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը Հադրութում հանդիպել են շրջանի վարչակազմի ղեկավար Վասիլի Գևորգյանի և Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանի հետ և քննարկել բազմակողմ համագործակցության ուղվածություններն ու ոլորտները: Հադրութի վարչակազմի ղեկավարը կարևորել է հատկապես կրթական և մշակութային ծրագրերի իրականացումը, մասնավորապես աշակերտների և պատանիների փոխադարձ ճանաչողական այցերը, ինչպես նաև Երևանի և Հադրութի համար կարևոր մի շարք տոների, միջոցառումների ծրագրերում երկու կողմերի փոխադարձ ներգրավածությունը:
«ԼՂՀ հարավային դարպաս Հադրութի համար այս համագործակցությունը մեծ նշանակություն կունենա, կնպաստի ինչպես շրջանի համայնքների զարգացմանը, այնպես էլ մեր բնակիչների` միմյանց հետ բարեկամության ամրապնդմանը»,- նշել է Վասիլի Գևորգյանը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարները Հադրութի շրջանի վարչակազմին են նվիրել համակարգչային տեխնիկա և համոզմունք հայտնել, որ համագործակցությունը, այս մեկնարկային հանդիպումից սկսած, կդրվի ամուր հիմքերի վրա:
Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարն ու Հադրութի քաղաքապետը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներին են հանձնել համագործակցության ուղղվածություններից մեկին համահունչ խորհրդանշական նվերներ՝ Հադրութի մշակույթի տան սաների ձեռագործ աշխատանքները:
Կողմերը պայմանավորվել են քննարկված ուղղություններով համգործակցությունն ամրապնդել հուշագրով, որը նախատեսել են ստորագրել աշնանը Երևանում՝ Հադրութի շրջանի վարչակազմի փոխայցի ժամանակ:
Այնուհետ Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի և Հադրութի քաղաքապետի ուղեկցությամբ Երևանի պատվիրակության անդամներն այցելել են Արցախի գոյամարտում Հադրութի շրջանի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիր և ծաղկեպսակ դրել հուշաքարին: