24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կրկնակի տհաճ է, երբ այդ սահմաններն ու գծերը հատում է հենց ինքը՝ պետության ղեկավարը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ տհաճ է, երբ հրապարակային վիրավորում են Հայաստանի ղեկավարին, բայց…

Ատելությունն ու թշնամությունը որդի պես կրծում և թունավորում է մեր հասարակությունը, պառակտում և բաժանում հանրության տարբեր խմբերին և շերտերին։
Շատ վտանգավոր է և արդեն հատել ենք թույլատրելի բոլոր սահմաններն ու կարմիր գծերը։

Եթե անկեղծ լինեմ, ապա ինձ չափազանց տհաճ է, երբ վիրավորում և հայհոյում են Հայաստանի ղեկավարին, անպատվում ու պախարակում են նրան։ Սա պետության և պետականության խնդիր է, ինչը չի ընկալվում քաղաքական դիմակայության և հակամարտության մեջ գտնվող քաղաքական բեևեռների և դրանց օդիոզ ներկայացուցկչների կողմից։

Բայց ստիպված եմ փաստել, որ կրկնակի տհաճ է, երբ այդ սահմաններն ու գծերը հատում է հենց ինքը՝ պետության ղեկավարը։ Ոչ մի կերպ չեմ կարող ընկալել և հասկանալ նրա շուրթերից հնչող փողոցային բառամթերքը, չմտածված ու չհաշվարկված հայտարարությունները, կոպիտ և վիրավորական արտահայտությունները։

Եթե «ասֆալտին փռելու և ոտքերը մաքրելու» մասին խոսում է քաղաքական ընդդիմադիր ուժի որևէ ներկայացուցիչ, ապա դա անընդունելի է, սխալ է, սակայն երբ «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» հրաման է հնչեցնում պետության ղեկավարը, ապա դա ոչ միայն սխալ է և անընդունելի, այլևս անօրինական է ու պաշտոնական դիրքի չարաշահումը, քանի որ պաշտոնատար անձը գործում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, իսկ «ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» լիազորություն ՀՀ վարչապետը չունի և չի կարող ունենալ։

Եթե պետության ղեկավարը իրեն թույլ է տալիս որոշել, թե ով տեղ ունի Հայաստանում, ով ոչ, ապա ի՞նչ պահանջել արմատական ընդդիմությունից։ Եթե Հայաստանում օրինականության պաշտպան և երաշխավոր ոստիկանությունը ահաբեկիչին ծառայողական մեքենայով է ուղեկցում, իսկ ոստիկանապետը նրա առջև բացում է մեքենայի դուռը, սակայն այդ նույն ոստիկանությունը ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին ձեռնաշղթաներով ու կարմիր բերետավորներով բերման են ենթարկում, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ անօրինական և չարդարացված ուժ են կիրառում ու նվաստացնում նրանց արժանապատվությունը, ապա ի՞նչ իրավունքով պահանջենք այդ նույն ընդդիմադիրներից, որ հանդուրժող և կոռեկտ լինեն իրենց խոսքում։

Երբ ասում ենք, որ օրվա իշխանությունը ուղիղ պատասխանատու է երկրում կատարվող ամեն ինչի համար, հենց սա ի նկատի ունենք։

Երբ ասում ենք, որ այլակարծությունը նորմալ է և պետք է, իսկ նրանց նկատմամբ իշխանության կողմից կազմակերպված ագրեսիվ իրական և ֆեյքային հարձակումները վտանգավոր են ներքին կայունության համար, հենց սա ի նկատի ունենք։

Հարգելի իշխանություններ, հարգելի պարոն Փաշինյան խնդրում/հորդորում/պահանջում եմ դադարեցնել ատելության և թշնամանքի գեներացումն ու տարածումը, զգույշ և պատասխանատու լինել արտաբերած խոսքերի, գնահատականների մեջ, հավասարակշռված և հաշվարկված լինել ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին գնահատական հնչեցնելու և գործողություններ կատարելու հարցում։

Անջատեք ֆեյքային ֆաբրիկաները, զսպեք ձեր ագրեսիվ և հիստերիկ կողմնակիցներին, չափավորեք Ձեր և ձեր թիմի անդամների տրված գնահատականներն ու արտահայտությունները։

Հավատացնում եմ Ձեզ, որ սա անելով Դուք կզսպեք և կսահմանափակեք ձեր իշխանության ընդդիմախոսներին և կտաք հնարավորություն քաղաքական գործընթացները տեղափոխել ազգային և պետական շահերի հարթություն, առաջ բերել իրական օրակարգ և լցնել այն քաղաքական բովանդակությամբ։

Վստահ եղեք, սրանից առաջինը կշահեք Դուք, ապա Հայաստանը և վերջապես, մեր քաղաքացիները»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ