Ախորժակը ուտելուց է բացվում: Վարչապետի աշխատակազմի համար նախատեսված գործուղումների ծախսերը 373 մլն դրամով ավել կլինեն
2020 թվականին Վարչապետի աշխատակազմի համար նախատեսված գործուղումների ծախսերը կկազմեն մոտ 891 մլն դրամ (մոտ 1.9 մլն ԱՄՆ դոլար) կամ 373 մլն դրամով (մոտ 777 հազար ԱՄՆ դոլարով) ավելի, քան եղել է 2019 թվականին: Ի դեպ, Վարչապետից հետ չի մնում նաև Ազգային ժողովը, որի գործուղման ծախսերը 2020 թվականին կկազմեն 696 մլն դրամ (մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլար) և 236 մլն դրամով (մոտ 492 հազար ԱՄՆ դոլարով) կգերազանցեն 2019 թվականի ցուցանիշը:
Համեմատության համար նշեմ, որ Վարչապետի աշխատակազմի և Ազգային ժողովի գործուղումների համար 2020 թվականի ծախսերը նախորդ տարվա համեմատ կավելանան մոտ 70 տոկոսով և 50 տոկոսով: Ընդհանուր առմամբ, 2020 թվականին ծառայողական գործուղումների համար կհատկացվի 5.7 մլրդ դրամ 2019 թվականի 4.6 մլրդ դրամի դիմաց:
Միանշանակ է, որ ժամանակակից քաղաքականության մեջ միջպետական հարաբերությունների զարգացումը, դիվանագիտական ակտիվ շփումները պետությունների համաշխարհային դիրքերի ամրապնդման և անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից են: Եվ այս տեսանկյունից, երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ շփումները կենսական անհրաժեշտություն են, եթե դրանք նպաստում են վերը նշված խնդիրների լուծմանը: Հակառակ պարագայում, գործուղումներն ու այցելությունները կվերածվեն տուրիստական ուղևորությունների և էքսկուրսիաների՝ հանգեցնելով առանց այն էլ պետական սուղ միջոցների վատնմանը:
ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, 2018 թվականի ապրիլից հետո Ն. Փաշինյանը կատարել է մոտ 25 արտասահմանյան ուղևորություն, որոնք հիմնականում եղել են աշխատանքային և միայն 5-ը` պաշտոնական այցեր: Դրանց ընթացքում կնքվել են ընդամենը 5 համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր: Այստեղ ծագում է տրամաբանական հարց: Ի վերջո, որո՞նք են եղել այդ այցերի ձեռքբերումներն ու արդյունքները: Եթե կան այդպիսիք, արդյո՞ք դրանք արդարացնում են այն հանրային միջոցների ծավալը, որոնք օգտագործվել են դրանց կազմակերպման նպատակով: Եվ ամենակարևորը, ո՞րն է դրանցից ակնկալվող արդյունքը:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում հասարակությանը հուզող և, միաժամանակ արդարացի վրդովմունքի առիթ հանդիսացող հարցերից մեկը միշտ եղել է հանրային միջոցների ոչ արդունավետ և ոչ նպատակային օգտագործումը: Ընդ որում, այն իր հնչեղութամբ միշտ գտնվել է հանրության ուշադրության կենտրոնում թե նախկին, թե ներկա իշխանությունների ժամանակ: Հենց պետական միջոցների անարդյունավետ օգտագործման և փոշիացման վերաբերյալ հասարակական ընկալումները (ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյետիվ) նաև պատճառ դարձան 2018 թվականի ապրիլյան թավշյա իրադարձությունների:
Եվ թվում էր, թե նոր իշխանությունների գործունեության հիմնական առանցքը պետք է դառնար պետական միջոցների արդյունավետ, հասցեական և նպատակային օգտագործումը` հանրային վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմների ներդրմամբ և թափանցիկության ապահովմամբ: Այլ ակնկալիք չէր էլ կարող լինել այն իշխանությունից, որի քննադատության թիրախն իր ընդդիմադիր գործունեության ողջ շրջանում եղել էր նախորդ իշխանությունների կողմից իրականացված, այսպես կոչված, «թալանի» դեմ պայքարը, իսկ իշխանության գալուց հետո` մինչև վերջին լուման կամ «կոպեկ առ կոպեկ» վերադարձը:
Հավատալով դրանց իրականացման գործին իշխանության նվիրվածությանն ու հաստատակամությանը, հասարակության մոտ ձևավորվել էին օբյեկտիվ սպասումներ պետական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Մինչդեռ, անցած շուրջ երկու տարվա ընթացքում արձանագրված բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ նոր իշխանությունը սեփական ընկալումներն ունի բյուջետային միջոցների «արդյունավետ» օգտագործման վերաբերյալ: Այն ձևի մեջ կրելով փոփոխություններ, միաժամանակ, չի ենթարկվել բովանդակային լուրջ փոփոխություների:
Չհիմնավորված պարգևավճարներ, գերթանկարժեք ուղևորություններ, անհասկանալի գործուղումներ, ամանօրյա խրախճանքներ, ավանդականի անվան տակ անցկացված անընկալելի զվարճալի միջոցառումներ… այս շարքը կարելի է երկար շարունակել: Ու այս ամենը, պետական կամ, այլ կերպ ասած, շարքային քաղաքացու վճարած հարկերի հաշվին, ով այդ ամենի արդյունքը դեռևս չի զգում կամ տեսնում: Եվ տրամաբանական հարց է առաջանում. առանց այն էլ ֆինանսական վատ վիճակում գտնվող քաղաքացին ինչու՞ պետք է իր գրպանից վճարի Վարչապետի, Ազգային ժողովի պատգամավորների տարաբնույթ ու խայտաբղետ գործուղումների տարեցտարի ուռճացող ծախսերը: Ի՞նչ է շահել մեր պետությունը դրանցից:
Պետական միջոցների ցանկացած ծախս պետք է ունենա ոչ միայն հստակ ու ընդգծված նպատակ, այլ նաև չափելի ու առարկայական արդյունք: Սակայն այսօր պետական պաշտոնյաների ծառայողական գործողումների նպատակով կատարվող միլիոնավոր ծախսերի անհրաժեշտությունը խնդրահարույց է և հասարակության արդարացի վրդովմունքի պատճառ է հանդիսանում թեկուզ միայն այն պատճառով, որ դրանց արդյունքը տեսանելի չէ մեծամասնության համար:
Քաղաքացին ուզում է տեսնել և զգալ իր կողմից վճարված հարկերի հաշվին կատարվող ծախսերի առարկայական արդյունքները: Մինչդեռ, իշխանությունը գերադասում է նրան կերակրել վիճակագրական թվերով ու տվյալներով, դրանով իսկ ևս մեկ անգամ հաստատելով և խորացնելով գործողումների շոշափելի արդյունքների բացակայության մասին կասկածները:
Վլադիմիր Մարտիրոսյան