Դառնում եք պետական հեղաշրջման մասնակից․ Արփինե Հովհաննիսյանը՝ իմքայլականներին /տեսանյութ/
168.am-ը հայտնում է․ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական մի նախաձեռնություն, որով փոփոխություններ է առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում։ Փոփոխության բովանդակությունը ըստ էության հետևյալն է․ առաջարկվում է՝ եթե Սահմանադրական դատարանը հավանություն չի տալիս սահմանադրական փոփոխությունների տեքստին, միևնույն է՝ այն քվեարկության դրվի ԱԺ-ում:
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել՝ ո՞րն է սրա նպատակը: Ինչո՞ւ են իշխանություններն ուզում գնալ այս ճանապարհով:
«Կարծում եմ՝ նպատակն ակնհայտ է: Նրանք ուզում են այդ ճանապարհով ազատվել ՍԴ այն դատավորներից, ովքեր նշանակվել են ավելի վաղ, այսինքն՝ նախորդ Սահմանադրությամբ եք նշանակվել, և այս խնդիրը լուծելու համար այսպիսի փոփոխություն են նախաձեռնել: Ես ուզում եմ՝ մի քանի հարթության մեջ դիտարկենք այս խնդիրը: Ինձ մոտ տպավորություն է, որ Խորհրդարանի պատգամավորներն աբսուրդիզմի ժանրում հիթ-շքերթ են սկսել: Մեկը մյուսին հերթ չտալով՝ այնպիսի հայտարարություններ են անում, որ նայում ես ու մտածում՝ արդյո՞ք այս անհոդաբաշխ միտքն արտաբերելուց առաջ մտածել, նոր են խոսել: Մեկը հայտարարում է, որ ընդդիմություն են եղել ոչ լեգիտիմ Խորհրդարանում՝ մոռանալով, որ, այսպես կոչված, ոչ լեգիտիմ Խորհրդարանն ընտրել է իրենց լեգիտիմագույն վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Երկրորդը հայտարարում է, որ Հրայր Թովմասյանն անգրագետ հայտարարություն է արել, քանզի ինքը դատական իշխանության ներկայացուցիչ չէ: Ուզում ես ասել, իսկ, տիկին, գուցե կենսաբանների միությա՞ն նախագահն է: Բա ի՞նչ է, եթե դատական իշխանության ներկայացուցիչ չէ: Հետո երեկ արդեն այս նախաձեռնությունը հատեց բոլոր հնարավոր, պատկերացնելի սահմանները: Այս հարցը ինձ որ տալիս եք ու խնդրում եք, որ ես մեկնաբանեմ, ես ինձ վիրավորված եմ զգում, որովհետև այստեղ ես ոչ իրավունք եմ տեսնում, ոչ տրամաբանություն, ոչ էլ նույնիսկ՝ քաղաքականություն: Սա խայտառակություն է: Ես ուզում եմ նայել այն իրավաբանի աչքերին, որը կարող է լուրջ դեմքով հիմնավորել սա:
Մարդիկ ասում են հետևյալը, ընթերցեմ հիմնավորումից մի տող՝ «Միայն այն փաստը, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ մասով ՍԴ-ին սահմանադրականության ստուգման լիազորություն է տրված, ինքնին չի կարող նշանակել, որ այդ լիազորության տիրույթում գտնվող բոլոր իրավակարգավորումները առանց ՍԴ լիազորության իրացման՝ տեղի ունենալ չեն կարող»: Սա նույնն է, որ ես ասեմ՝ այն փաստը, որ Կառավարության որոշումները ստորագրում է վարչապետը, չի նշանակում, որ դրանք ստորագրում է վարչապետը:
Այսինքն՝ ասում եմ, որ ԱԺ նախագահը կարող է սահմանադրական փոփոխությունների փաթեթը չուղարկել ՍԴ: Սա այնքան ապաիրավական նախագիծ է, որ ես երկար ժամանակ մտածում էի՝ արդյո՞ք լուրջ են գրել, թե՞ ոչ: Նախ՝ ես ուզում եմ, որ անպայման այս մտքի «գոհարներն» արտահանվեն եվրոպական տարածք, ու եվրոպացիները տեսնեն, թե մենք Սահմանադրության մեկնաբանման ինչ այլասերված օրինակներ ունենք, ու շատ ցանկալի է, որ իր այս տեսքով այն գնա Վենետիկի հանձնաժողով: Եվ գնալու դեպքում դուք կտեսնեք դրա վերաբերյալ մեկնաբանությունները: Սա չափազանց կարևոր բան է, որովհետև այս մարդիկ ուզում են ամեն ինչ շրջանցել, միայն այս խնդիրը լուծեն, բայց պետք է շնորհավորել թե իրենց, թե հակառակ կարծիքն ունեցողներին: Բացատրեմ՝ ինչու:
Այս մարդիկ կերտում են պատմություն: «Իմ քայլը» այսօր կերտում է պատմություն, պարզապես քրեական իրավունքի պատմություն, որովհետև եթե տարբեր դրվագներով «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների համար պետք էր ապացուցողական բազա, որ իրենց մեղադրեին այս կամ այն հանցագործության կատարման մեջ, այստեղ միայն իրենց քվեարկությամբ դառնում են պետական հեղաշրջման մասնակից, ՀՀ նախագահի ու ՍԴ լիազորությունները յուրացնող սուբյեկտ, և յուրաքանչյուրն իր քվեարկությամբ, ըստ էության, մասնակցում է այդ մարդկանց լիազորությունների յուրացմանը: Այս մարդիկ պետական հեղաշրջում են նախապատրաստում:
Ես չեմ հասկանում, թե Նիկոլ Փաշինյանն իր թիմակից պատգամավորներին ինչո՞ւ է դարձնում մասնակից: Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ, դուք լիազորություն եք յուրացնելու, եթե չուղարկեք՝ Արմեն Սարգսյանը ստորագրի, և եթե չուղարկեք ՍԴ՝ համապատասխանությունը ստուգելու: Խոսքը քրեական պատասխանատվության մասին է: Արդյո՞ք այդ մարդիկ պատրաստ են ենթարկվել քրեական պատասխանատվության՝ հանուն Նիկոլ Փաշինյանի ամբիցիաների: Ուզում եմ անկեղծորեն իրենց կոչ անել՝ մի քվեարկեք այդ օրենքի օգտին, որովհետև քվեարկելով՝ դուք դառնում եք պետական հեղաշրջման և լիազորությունների յուրացման հանցակազմի մասնակից»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում