Հետաքրքիր է ու տարօրինակ. Քոքոբելյանը` ոչ իշխանական ուժերի պահվածքից
”Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը տարօրինակ է համարում ԱԺ ոչ իշխանական ուժերի արձագանքի բացակայությունն իր առաջարկին: ”Ինձ համար հետաքրիքր էր, թե ինչու երբ ես Ազգային ժողովում առաջարկեցի ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի բաշխիչ ցանցերի, ընդհանրապես էներգակիրների հետ կապված սեփականաշնորհման արդյունքում սեփականատերերի կողմից գնորդների պարտավորությունների ուսումնասիրությունը` կապված ներդրումների հետ, որի պատճառով, իմ խորին համոզմամբ, այսօր այս վիճակն է ստեղծվել, ու տարօրինակ էր, որ դրան չարձագանքեցին ոչ իշխանական ուժերը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քոքոբելյանը:
Հարցին, թե ըստ իրեն` ինչով է դա պայմանավորված, նա պատասխանեց, որ այդ հարցը պետք է ուղղել այդ ուժերին: Նա նշեց, որ տարօրինակ էր ոչ իշխանական ուժերի նման պահվածքը, որովհետև դա նաև գործնական առաջարկ էր, որը ուժի մեջ է դեռևս: ”Ես կփորձեմ հետևողական լինել այս խնդրում, սակայն խնդիրն այն է, որ պետք է կոնկրետ փաստեր ուսումնասիրվեին ու կոնկրետ սեփականտերերին առնչվող խնդիրներ, ոչ թե միայն խոսելու խնդիրն էր: Մենք այս ուսումնասիրության արդյունքում պետք է հնարավորություն ունենայինք շոշափելի արդյունքներ տեսնելու, թե ինչ ներդրումների ու պարտավորությունների մասին է խոսքը, որոնք կամ չեն կատարվել կամ կատարվել են թեկուզ, այսինքն` կոնկրետ շահերի բախման խնդիր կար, և կարծում եմ, ոչ արձագանքի պատճառը միգուցե նաև դա է”:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` օգոստոսի մեկից էլեկտրաէներգիան թանկանալու է: Ըստ պաշտոնական հիմնավորման` սակագները վերանայվում են սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման համար անհրաժեշտ ներդրումներ կատարելու համար, որը ենթադրում է մոտ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Այսինքն` բաշխիչ ցանցերը կուտակել են միլիարդավոր պարտքեր, որոնք մարելու բեռը, թերևս, դարձյալ մնում է ժողովրդի ուսերին: Առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակելու համար հանձնաժողովը փաստորեն հիմնավոր է համարում բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագները եւս մի քանի տոկոսով բարձրացնելը: Հանձնաժողովն, ի դեպ, առաջ է բերել եւս մեկ հիմնավորում, ըստ որի Երևանի ՋԷԿ-ը 4 տարին մեկ պետք է արդիականացվի, քանի որ Երևանի ՋԷԿ-ն, ըստ պայմանագրի, Պարսկաստանից գազ է տեղափոխում Հայաստան, որը վերածվում է էլեկտրաէներգիայի ու հետ վերադառնում Պարսկաստան: