Դուք չե՞ք հասկանում, որ դա բլեֆ է, հեքիաթ է. Ռուբեն Հայրապետյան
2008 թվականի ընտրություններից հետո՝ երբ գործարար Խաչատուր Սուքիասյանը կանգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին եւ դարձավ գործող իշխանությունների թիրախը, նրան պատկանող «Բջնի» գործարանը խլեցին նրանից՝ բնապահպանական վնասների ինչ որ հաշվարկների հիման վրա։ Գործարանը ձեռք բերեց ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը։ 208-ի իշխանափոխությունից հետո Սուքիասյանները քանիցս հայտարարեցին, որ «Բջնին» իրենցից խլվել է եւ եկել է՝ «քարերը հավաքելու ժամանակը»։ Մենք լուր էինք հրապարակել, որ Ռուբեն Հայրապետյանը պատրաստակամ է վերադարձնել գործարանը նախկին տիրոջը՝ եթե իր վճարած գումարը եւ այս տարիներին կատարված ներդրումները վերադարձնեն։ Ապա հայտարարություն արեց Խաչատուր Սուքիասյանը՝ հայտարարելով, որ իր փաստաբանները զբաղվում են գործարանը օրենքի սահմաններում Ռուբեն Հայրապետյանից հետ վերցնելու հարցերով։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ գործընթաց կա այս պահին։ Մեզ հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ արդեն 3 ամիս է, ինչ Սուքիասյանը բողոք է գրել, գործարանում ստուգումներ են սկսվել և այժմ էլ ընթանում են․
«Դեռ վաղուց՝ հոկտեմբերին էդ բողոքը, որ գրել է, ստուգումները մինչև էսօր գնում ա, է,՜ 3 ամիս է, էդ ստուգումները գնում են, ես շա՞տ եմ իմանում՝ ինչ են գտել, ինչ՝ չէ, դեռ ընթացքի մեջ է»։
Ռ․ Հայրապետյանին նաև հարցրինք Ֆուտբոլի ֆեդերացիայում հնարավոր չարաշահումների հետ կապված քրեական գործերի մասին։ Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով. 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը): Հայրապետյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում փախչել, եթե հրավիրեն վարույթն իրականացնող մարմին, ապա կգնա, ուստի հարցրինք, թե այս ընթացքում իրեն կանչե՞լ են հարցաքննության․
«Դուք իմ մասին լսե՞լ եք, ինձ ճանաչո՞ւմ եք, ես էդքան փախնողի նմա՞ն եմ, ինձ եթե կանչեն ցուցմունք տալու, կամ քննչական վարչություն են կանչելու կամ քննչական կոմիտե, բայց մինչև էսօր չեն կանչել։ Ախր ինձ ինչի՞ համար կանչեն, Դուք չե՞ք հասկանում, որ դա բլեֆ է, հեքիաթ է։ Էդ ֆեդերացիայում 2 հատ մետրանոց մարդ կա՝ Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը, այդ մարդուկների դավադրությունն է, Դուք չե՞ք ջոկել»։
Հայրապետյանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում քրեական գործերը մինչև ո՞ւր կարող են հասնել, կկարճվե՞ն, թե՞ «խմորը դեռ շատ ջուր կվերցնի»․ «Դուք Ձեր էդ հարցերը պրոֆեսիոնալ ձևով էդ գործը սարքողներին տվեք, ես չեմ կարող պատասխանել, ես չգիտեմ՝ մարդկանց ֆանտազիան ինչ աստիճանի կարա լինի, չեմ կարող ասել»։