17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Համաձայնեք, որ պետության կառավարումը ավելի լուրջ վերաբերմունքի է արժանի․ Խոսրով Հարությունյան

Քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ լրահոսում աչքովս ընկավ մի տեղեկատվություն: Օրեր առաջ Վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառումով ավետել էր այն մասին, որ Հայաստանին հաջողվել է 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով անցնել Վրաստանին: Ես ծանոթացա նաև այս տեղեկատվությանը Վարչապետ Բագրատյանի վիճակագրական տվյալներով փաստարկված արձագանքին, ինչն անշուշտ համոզիչ էր:

Սակայն տնտեսության ‹‹իրական›› վիճակին վերաբերող, ակնհայտ, քարոզչական նպատակ հետապնդող այդ հաղորդումը ինձ մտահոգեց այն պատճառով, որ նման տեղեկատվություններն, այն էլ Վարչապետի կողմից հեղինակած, չեն սպառվում միայն ներքին շուկայում, այլ դառնում են երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև մեր հարևան երկրների ԶԼՄ-ների ու վերլուծաբանների ուսումնասիրության առարկան: Եվ եթե այդ տեղեկատվությունները թերի են կամ ոչ լիարժեք, ապա նպաստում են օտարների մոտ մեր մասին ‹‹անլուրջ պետության›› տպավորության ձևավորմանը:

Լավ, նման տեղեկատվությունը Վարչապետի ֆեյսբուքյան էջում հայտնվելուց առաջ, մի՞թե չի ենթարկվում Վարչապետի խորհրդականների կամ համապատասխան գերատեսչությունների մասնագիտական գնահատմանը:

Մի՞թե այդ մարդկանց (այդ թվում նաև Վարչապետին) հայտնի չէ այն պարզ տնտեսագիտական թեզը, որ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կարող է փաստել տնտեսության իրական զարգացում և աճ միայն այն դեպքում, երբ դրան զուգահեռ արձանագրվում է բնակչության թվաքանակի աճ և տնտեսության կառուցվածքային փոփոխություններ:

Մինչդեռ նույն պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է 2019թ Հայաստանի բնակչության թվաքանակի նվազում (եթե 2018-ին այդ ցուցանիշը նվազել էր 7200-ով, ապա 2019-ին նվազումը գնահատվում է շուրջ 12000): Ավելին, մեր տնտեսությունը չի արձանագրել նաև կառուցվածքային փոփոխություններ՝ ի օգուտ ավելացված արժեք ստեղծող ոլորտների: Մասնավորապես, մեր տնտեսության (այդ թվում նաև արտահանման ծավալներում) լոկոմոտիվը շարունակում է մնալ հանքարադյունահանումը, մինչդեռ արդյունաբերության ոլորտում վերջին ամիսներին արձանագրվել է յուրաքանչյուր նախորդ ամսվա նկատմամբ աճի տեմպի նվազում:

Այսինքն, եթե նույնիսկ արձանագրվել է ՀՆԱ-ի աճ, այդ թվում 1 շնչի կտրվածքով, ապա նման պարագաներում ներկայացնել այն որպես տնտեսության իրական զարգացումը բնութագրող ցուցանիշ՝ առնվազն կոռեկտ չէ:

Եվ ընդհանրապես վաղուց նկատելի է տնտեսության ոլորտում (ի դեպ ոչ միայն տնտեսության մեջ) իշխանության ներկայացուցիչների կողմից ‹‹ցանկալին որպես իրողություն›› ներկայացնելու ոչ խոստումնալից պրակտիկան:

Ստեղծվում է տպավորություն, որ Կառավարությունում համոզված են, որ մեր հանրությունը զրկված է մտածելու կամ վերլուծելու տարրական կարողություններից: Երևի հենց նման համոզվածությամբ էր պայմանավորված այն, որ Փարիզում Վարչապետը հայտարարեց, որ այսօր Հայաստանում արտագաղթի միտումները նվազել են 90% (ինչը, կարծես, զարմացրեց նաև Վարչապետի տիկնոջը):

Դժվար է կռահել թե ինչ հիմքով էր այդ հայտարարությունն արվում այն դեպքում, երբ 2019թ հոկտեմբերի 1-ի դրությամբ ԱՄՆ գրին քարտ ստանալու համար դիմում ներկայացրել էին շուրջ 260 հազար ՀՀ քաղաքացիներ, այդ թիվը 2018թ կազմել էր 78 հազար, իսկ 2017-ի՝ 67 հազար: Մի՞թե նման վիճակագրությունը հիմք է տալիս պնդելու արտագաղթի միտումների նվազման մասին:

Բայց չէ՞ որ այս ամենը, Վարչապետից դուրս եկած ցանկացած վիճակագրական տվյալ, Վարչապետի ցանկացած մեկնաբանություն հայտնվում է մեր ‹‹բարեկամների›› և միջազգային կառույցների վերլուծաբանների ‹‹համակարգիչներում››: Այս ամենը, իրոք, մտահոգվելու տեղիք է տալիս:

Համաձայնեք, որ պետության կառավարումը ավելի լուրջ վերաբերմունքի է արժանի»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ