Վարչապետին հուշեցին՝ «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»-ը գրել է Նար-Դոսը, ոչ թե Թումանյանը
Կառավարության ասյօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագիծը:
Ըստ նախագծի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-րդ, 301-րդ, 385-րդ, 397.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
«Շատ կոնկրետ բան ենք ասում, ՀՀ որևէ քաղաքացի, բառիս բուն իմաստով որևէ քաղաքացի, չպետք է ենթարկվի բռնության», – ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, թե ոմանց դուր չեն տալիս բարձրահասակները, ցարծրահասակները, ոմանց դուր չեն գալիս «ժուլիեն» ուտողները, ոմանց՝ քյաբաբ ուտողները:
Վարչապետն ասաց, որ ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի և եթե երեխաների, կանանց նկատմամբ բռնություն կիրառվի, պետությունը միջամտելու իրավունք ունի:
«Ինձ դուր չի գալիս երբեմն մեր կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ: Օրինակ, Հայաստանում մարդիկ բռունցք են թափահարում, թե այս դավադիր կառավարությունը ուզում է Ստամբուլյան կոնվեցիան վավերացնի, գուցե դա այդ կոնվեցիայի տեղորոշման հետ է կապված», – ասաց նա:
Վարչապետը րդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, ստացե՞լ են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, թե ինչի մասին է, ում դեմ բռնության մասին է կոնվեցիան:
Ռուստամ Բադասյանը նշեց, որ ստացել են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը և ասաց, որ կոնվեցիայի վերաբերյալ բոլոր շահարկումները անտեղի են:
Վարչապետը շեշտեց, որ պետք է հստակ արձանագրենք՝ ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի:
«Անկախ որևէ կոնվեցիայից՝ Հայաստանում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք գործադրվի: Հայաստանում բռնության ոչ բոլոր դեպքերն են, որ ստանում են դատական եզրափակում, ոչ բոլոր դեպքերում է, որ քրեական գործերը քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեն՝ «մի մուշտի է տվել, ի՞նչ է եղել»: Պետք է հստակ հասկանանք, որ մի մուշտի տալը Հայաստանում համարվում է քրեական հանցագործություն, քանի որ քաղաքացիները պետք է պաշտպանված զգան», – ասաց նա:
«Էս հարցի քննարկման արդյունքում ես հիշեցի Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքը՝ «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»: Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան: Ի միջիայլոց, նրանց համար, ովքեր լավ չեն հիշում էդ պատմությունը , ասեմ, որ ասեմ, որ մուշտիի օբյեկտը մահացել էր», – ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փշինյանը նշեց՝ իսկ բռնության կոչի պատկերը կոնկրե՞տ է:
«Ասենք, օրինակ, ասում են՝ էս ինչ խմբին պետք է կոտորել, դա բռնության կո՞չ է», – հետաքրքրվեց վարչապետը:
Կառավարությունից արձագանքեցին. «Սա արդեն ցեղասպանության կոչ է»:
Հարցի երկար քննարկումից հետո վարչապետն ասաց, թե իրենց հուշեցին, որ պատմվածքի հեղինակը ոչ թե Հովհաննես Թումանյանն է, այլ՝ Նար-Դոսը: