Անիմաստ է մասնակցել այդ շոուներին, 30 վայրկյանանոց հարց տալ. Հ. Նաղդալյան

”Մեր պատվիրակությունը շատ միասնական է, քննարկել է բազմակողմանի բոլոր խնդիրները, և դա մեր պատվիրակության միասնական որոշումն է եղել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում քննադատություններին, որ Ադրբեջանի նախագահին հայկական պատվիրակության անդամները հարցեր չեն տվել: ”Պատվիրակության անդամների երկարամյա փորձառությունը ևս բազմիցս ապացուցել է, որ անիմաստ է մասնակցել այդ շոուներին, 30 վայրկյանանոց հարց տալ, որին արձագանքելու հնարավորություն չունես, և դրանով հնարավորություն տալ` ասելու այն ամենն, ինչ ինքն ուզում է”,-նշեց նա:
Նաղդալյանի խոսքով` այս ձևը ստուգված է, այն ոչինչ չի տալիս և ընդհանուր առմամբ պատվիարկությունը շատ համախմբված ձևով, շատ լարված աշխատում է ու փորձում է մեծ ծավալի աշխատանքներ կատարել: Պատվիրակությունն աշխատում է և հանձնաժողովներում, և միջազգային պատվիրակությունների հետ, և առանձին պատգամավորների հետ, տեղեկատվություն է տրվում, բացատրական աշխատանք է տարվում, կարծիքի ձևավորում է լինում: ՛՛Սա համարում ենք ավելի կարևոր, քան մեր պրոպագանդիստական ելույթները՛՛,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի ելույթին ու աննախադեպ ագրեսիվությանն, ապա ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարն այն պայմանավորում է հետևյալով. ”Միջազգային հարթակներում իր երկրի խնդիրներն առաջ մղելու իրենց ընտրած ձևով է դա պայմանավորված”: Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ ի պատասխան ԵԽԽՎ նախագահն ասել է, որ որքան էլ նման ելույթներ հնչեն, այնուամենայնիվ խնդիրը մնում է, որ իրենց երկիրը պետք է ժողովրդավար դարձնեն: ”Ասաց` այլ կերպ դուք հաջողության հասնելու շանսեր չունեք, նաև պատվիրակները բազմաթիվ հարցադրումներ բարձրաձայնեցին, և այդ ագրեսիվության հետ կապված կային հարցադրումներ, որոնք հավասարակշռությունից հանեցին և հարցերին հնչեցին պատասխաններ` ոչ բովանդակային ու ոչ փաստարկված, և մնում էր միայն մերկապարանոց խոսելը կամ ստելը, որը բոլորը տեսան ու նկատեցին”,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը: