Այլ երկրների պատվիրակները ձանձրացել են ադրբեջանական կողմից
՛՛Ամբողջ քննարկման ընթացքը ցույց էր տալիս, որ ադրբեջանական խորհրդարանական պատվիրակներն ուղղակի պատրաստ չէին երկխոսության, մենք կոչ էինք անում կառուցողական երկխոսության մեջ մտնել, բայց իրենց վայրահաչոցությունը, վիրավորական արտահայտություններն ուղեկցում էին ամբողջ ընթացքում ու լուրջ քննարկում է ծավալվել տարբեր խնդիրների շուրջ, այդ թվում ԼՂՀ-ի՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ՆԳ, ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ խոսելով հունիսի 16-18-ը Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի ՛՛Ռոս-Ռոութ՛՛ սեմինարի մասին, որտեղ ադրբեջանական կողմը սադրում էր հայ պատվիրակության անդամներին:
Նահապետյանը նշեց, որ միջազգային կազմակերպության ներկայացուցիչները գրեթե մասնակցություն չունեցան քննարկումներին, և դրա հիմնական մեղավորը ադրբեջանական կողմն էր, ամեն կերպ հրահրում էր, թշնամական մթնոլորտ ստեղծում յուրաքանչյուր հարցի կապակցությամբ: ՛՛Իրենք անընդհատ հիշեցնում էին, որ ՛՛օկուպացված՛՛ տարածքներ կան, հայերը տեռորիստներ են, ու չէինք կարող չարձագանքել, եթե խոսքը գնում էր ագրեսիայի մաիսն: Մենք հստակ ասացինք, որ ագրեսորը Ադրբեջանն է, որովհետև ագրեսիա է իրականացրել Լեռնային Ղարաբաղի ժողորդի նկատմամբ և իրենց սանձազերծած պատերազմի արդյունքում իրենք կրել են պարտություն և որպեսզի հարատև խաղաղություն հաստտավի, պետք է նստել ԼՂՀ ժողովրդի հետ բանակցությունների սեղանի շուրջ, և ԼՂՀ-ը պետք է լինի բանակցային հիմնական կողմը, և միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել հարատև խաղաղության, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկրներին՛՛,-շեշտեց նա:
Հարցին՝ իրենց անվտանգությունը լիարժեք ապահովված էր, նա պատասխանեց. ՛՛Այո, լիարժեք երաշխիքներ էին տրված մեզ, անվտանգության աշխատակցիները բոլոր տեղերում ուղեկցել են մեզ՛՛:
Ինչ վերաբերում է հաջորդ տարի այդ սեմինարին ադրբեջանական կողմի չմասնակցելուն, որը կայանալու է Հայաստանում, ապա Նահապետյանն ասաց. ՛՛Ադրբեջանական առանձին պատվիրակներ նշեցին, որ Հայաստանում ձևավորված չեն համապատասխան պայմանները, Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ իրենք հարմար չեն համարում մասնակցությունը: Նկատելի է, որ պատրաստակամություն չունեն մասնակցելու: Բայց ժամանակը ցույց կտա, թե որքանով են նրանք ողջամիտ՛՛:
Հարցին՝ այլ երկրների արձագանքն ինչպիսին եղավ ադրբեջանցիների վարքագծի հետ կապված, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. ՛՛Արձագանքը հետևյալն էր՝ սկզբնական շրջանում, երբ քննարկվում էր երկկողմ հարաբերության հարցը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, և Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակները պետք է ներկայացնեին իրենց դիրքորոշումները: Քանի որ ադրբեջանցիները հարձակողական մարտավարություն էին ընտրել, հենց առաջին պահից արտաքին գործերի նախարարի երկու տեղակալներ Հայաստանը ներկայացրեցին ագրեսոր, իրենց տարածքները ներակայցրեցին որպես օկուպացված տարածքներ, ապա մեր արձագանքից հետո այլ երկրի պատվիրակները հասկանում էին, որ այնպիսի միջավայրում են գտնվում, որ իրենց մասնակցությունը կամ միջամտությունը կարող է լինել ոչ տեղին, դա հիմնականում պայմանավորված էրև իրենց գործադիր իշխանության ներկայացուցիչների ոչ պարկեշտ վարքագծով:
Հետագայում, երբ օրակարգային տարբեր հարցերով ադրբեջանական կողմն անընդհատ փորձում էր խեսել ՛՛օկուպացված՛՛ տարածքների մասին, ձանձրացան այդ պահվածքից ու անգամ ականջակալներն էին վայր նետում ու նայում մեր ուղղությամբ` ցույց տալով, որ հոգնել են նման պահվածքից՛՛:
ՀՀԿ պատգամավորը պատմեց, որ առանձնազրույցների ժամանակ իրենց ոգեկոչելու որոշակի դրսևորումներ են եղել: ՛՛Նրանք հստակ հասկաացան մեր պահվածքը, ողջունեցին մեր դիրքորոշումը՛՛: