Մ16 օլիմպիադա. Հայաստանի հավաքականը մոտեցավ առաջատարների խմբին
Թուրքիայում ընթացող մինչև 16 տարեկանների շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 2,5-1,5 հաշվով պարտության մատնելով Բուլղարիայի ընտրանուն: Այս մասին տեղեկացնում է VNews.am-ը:
Մեր թիմի հաղթանակն ապահովեցին Արմեն Բարսեղյանը և Ալբերտ Գևորգյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Մոմչիլ Պետրովին ու Դիմո Թերզիևին:
Տիգրան Սարգսյանը հաշտություն կնքեց Գերգանա Պեյչևայի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Ցվետան Ստոյանովին:
Հայաստանի հավաքականի կազմում պարզապես գերազանց է խաղում ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը, որը հաղթել է անցկացրած բոլոր 6 պարտիաներում էլ:
7 տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակած 10 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական՝ ընդհուպ մոտենալով առաջատարների խմբին: 13 միավորով առաջատարն Ադրբեջանի հավաքականն է: 11-ական միավորով հաջորդ տեղերում Ղազախստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի հավաքականներն են:
Օլիմպիադայի նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի ղազախների հետ: