28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողությունը: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պաշտոնական արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումների արդյունավետությունը: Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ ՌԴ ՊՆ պատվիրակության այս այցը նոր լիցք կհաղորդի պաշտպանության բնագավառում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

ՌԴ պաշտպանության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ իր այցը մեկնարկել է Գյումրիից` ընդգծելով տեղի ազգաբնակչության բարեկամական վերաբերմունքը 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմի հանդեպ:

Սերգեյ Շոյգուն գոհունակությամբ արձանագրել է պաշտպանական ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, կարևորել է համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելությանը:  

Այցի արդյունքներով ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, որը ներառում է երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ:

Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների ժամանակ Շոյգուն նշել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան Կովկասում կայունության երաշխավորն է հանդիսանում, որն ունակ է հանրապետության բանակի հետ միասին դիմակայել տարածաշրջանում առկա ցանկացած սպառնալիքի։

«Այսօր այնտեղ ստուգայց եմ կատարել: Բազան մարտունակ է և պատրաստ է հայկական զինված ուժերի հետ միասին դիմակայել տարածաշրջանում առկա սպառնալիքներին»,- ասել է նա։

Շոյգուն Հայաստանին անվանել է դաշնակից և Անդրկովկասում գլխավոր գործընկերը։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ