Կարոտը անհայտ կորավ. հարազատները դեռ սպասում են հերոսին.մանրամասներ Ջամբազի Արծվի կյանքից /վիդեո/
Կարոտ Մկրտչյանին դեռևս սպասում են տանը, սպասում են նաև մարտական ընկերները, ապասում են հայերը….ազգի ու հայրենիքի նվիրյալի անունը վաղուց արդեն աղոթքի պես են շշնջում: Կարոտը քաջության ու հայրենասիրության խորհրդանիշ է:
Պռոշյանում այսօր մի քիչ հիշողությունների ու ավելի շատ հպարտության օր էր:1992 թվականի հունիսի 13-ը չարագույժ ու խոցող…այդ օրը մենք կորցրինք Շահումյանը, Շահումյանի հետ նաև Կարոտին:
Հունիսի 13-ին ազերիների և Գյանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայված ռուսական հատուկ նշանակության դիվիզիաներից մեկի գերազանցող ուժերի և զրահատեխնիկայի դեմ մղած անհավասար և հերոսական մարտը վերջինը եղավ Կարոտի համար։ Կարոտը կատարեց մի զարմանահրաշ քայլ, որն ընդունակ էր իրագործել միայն խելահեղ քաջությամբ ու անսասան վճռականությամբ օժտված մարդը։ Գերազանց գիտենալով, որ բարձունքներում արդեն թշնամու հարյուրավոր զինվորներ են, նա, այնուամենայնիվ, աներկբայորեն վճռում է բարձրանալ իրենց նախկին դիրքերը։ Նրա կատարած այդ քայլը հավասարազոր էր ինքնակամ նահատակության։ Կարոտի անհետանալը Շահումյանում ցույց տվեց նրա՝ թշնամու դեմ կանգնելու ու պայքարելու վճռականությունը և պայքարելու անկոտրում կամքը։
“Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն”-ը Պռոշյան գյուղում գտնվող Կարոտ Մկրտչյանի հուշաքարի մոտ հիշեց ու հարգեց հերոսին:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրի Միքայելյանը պաշտպանության նախարարության կողմից նաև մի շարք գերատեսչական մեդալներ հանձնեց ազատամարտիկներին (նաև հետմահու):
“Խոսել Կարոտի մասին շատ հեշտ է, եթե առանձին լինես քո մարտական ընկերների հետ: Այն մարդկանց հետ ովքեր Կարոտի հետ անցել են այդ մարտական ուղին: Կարոտի մասին խոսելը շատ դժվար է, քանի որ մի քանի նախադասությամբ ներկայացնել Կարոտ մարդու, Կարոտ հրամանատարի, Կարոտ հերոսի բացարձակապես անհնար է”,-ասաց Ալավերդու ջոկատի հրամանատար Ռաֆիկ Ղազինյանը:
Ազատամարտիկի հիշատակին հուզումնալից խոսքեր ասաց նաև ռեժիսյոր Զեփյուռ Սարդարյանը, իսկ օպերային երգիչ, տենոր Գևորգ Հաջեանի երգը իսկական նվեր էր հերոսի հիշատակի առաջ:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: