23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վիտալի Բալասանյանը շատ ճիշտ մտահոգություններ է հայտնել. Տիգրան Քոչարյան

Հայաստան-Արցախ ներքին լարվածությունը սկսվել է ապրիլյան հեղափոխությունից հետո, երբ ունեցանք նոր իրավիճակ նաև բանակցային պրոցեսում: Մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքով՝ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նշած մոտեցումներն են:

«Նիկոլ Փաշինյանը որոշեց բանակցության գործընթացում իր մոտեցումները ցուցաբերի: Ստացվեց այնպես, որ Արցախի իշխանությունները մի կուրսով են գնում, որն արդեն վաղուց գնում էր և բավականին հաջողությամբ, Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ իր ճանապարհով պետք է գնա: Հենց այստեղ սկսվեց Հայաստան-Արցախ լարվածությունը, քանի որ տպավորություն էր ստեղծվում, որ Փաշինյանի քայլերն Արցախի իշխանությունների հետ չէին համաձայնեցվում, և նրանք դրանց մասին  իմանում էին այն ժամանակ, երբ դրանք արդեն փաստ էին: Որոշ դեպքերում Արցախի իշխանություններն իրենց դժգոհությունը հայտնեցին, որն էլ առաջ բերեց Փաշինյանի բարկությունը, այժմ կարելի է տեսնել, որ Արցախի հետ հարաբերություններն այնքան ջերմ ու փայլուն չեն, որքան կուզենայինք տեսնել, եթե Փաշինյանն անգամ բառացի չի ասում, իր ֆեյքերը և այն մարդիկ, ովքեր իշխանության գիծն են տանում մեդիաներում, անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս Արցախի իշխանությունների և պետության ներկայիս իրավիճակի հանդեպ:

Հայաստանի իշխանությունները փորձելու են սպասվող ընտրություններում իրենց թեկնածուին առաջ տանել, այդպիսի հայտ է ներկայացրել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, և իրենք արդեն Փաշինյանի դաշտում են խաղում մեդիայում, ինչի արդյունքում պառակտման նոր օջախ առաջացավ Արցախում: Մեր նախկին պատգամավորներից մեկի ստատուսի տակ Արայիկ Հարությունյանի կուսակցության պատգամավորները կոշտ ու անպարկեշտ հայտարարություններ էին անում նախկին իշխանությունների մասին: Զգացվում է, որ իրենք իրենց շահն են պաշտպանում, բայց պառակտում են Արցախի ժողովրդին: Այն պառակտվածությունը, որը տիրում է Հայաստանում, տեղափոխվել է Արցախ: Հույս ունեմ, որ սև ու սպիտակի հայաստանյան բաժանումները Արցախ չեն հասնի»,- ասաց Տիգրան Քոչարյանը:

«Արցախը Հայաստան է, և վերջ» թեզին Տիգրան Քոչարյանը դեմ չէ, սակայն նշում է, որ դա երկար գործընթաց է:

«Աշխարհում մի հողատարածքի միացումը մի պետության լինում է հետևյալ կերպ՝ սկզբում ընդունում են նրա անկախությունը, մի քանի դոմինանտ երկրների կողմից ճանաչվում է այդ պետությունը, հետո նոր՝ միացում պետությանը: Ներկա պահին, եթե ասում են՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այո՛, Արցախը Հայաստան է, և վերջ, բայց Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետություն չէ, մինչև ազդեցիկ երկրների կողմից չճանաչվի, հետո նոր արցախահայությունը պետք է իր որոշումը ընդունի, որ միացվի Հայաստանին: Հակառակ դեպքում՝ հայերը կհամարվեն օկուպանտ ու ագրեսոր, ինչը երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է տարածել ու հաստատել: Հայաստան-Ադրբեջան բանակցությունները պետք է վերադառնան այն համաձայնություններին, որ պետք է մոնիտորինգ իրականացվի, քանի որ, մոնիտորինգային կետեր դնելով Արցախ-Ադրբեջան սահմանագծին, նախ՝ ֆիքսվում է դե ֆակտո Արցախի ներկայիս սահմանը, և երկրորդ՝ արդեն մենք հիմնվելու ենք ոչ թե Ալիևի ազնիվ խոսքի վրա, որ այլևս չեն կրակելու, այլ իրոք այլևս չեն կրակելու, որովհետև այդ ամենը դիտարկվելու է, և բոլորը կտեսնեն, թե ո՞վ է նախահարձակ լինում»,- ասաց մեդիափորձագետը:

Տիգրան Քոչարյանը նշեց, որ կիսում է նաև Վիտալի Բալասանյանի մտահոգությունները: Ըստ նրա՝ ռազմական գործիչն ասում է այն, ինչ ուրիշները չեն կարողանում ասել, կամ՝ ասում են ոչ հրապարակային.

«Վիտալի Բալասանյանը շատ ճիշտ մտահոգություններ է հայտնել, թե ինչ է կատարվում Հայաստան-Արցախ հարաբերություններում: Պրոիշխանական լրատվամիջոցները փորձում են  ցույց տալ, որ Վիտալի Բալասանյանն ուզում է վերացնել Հայաստանի իշխանություններին, բայց մարդը շատ կոնկրետ բան է ասում, ասում է՝ ով կհամարձակվի սպառնալ Արցախի սուվերենությանը, անվտանգությանը, պետական դավաճանության փորձ է անում, և պետք է մեկուսացվեն, մեսիջը դա է: Վիտալի Բալասանյանը հնչեցնում է այն թեզերը, որոնք շատերը դիվանագիտորեն են ասում, ուղղակի ինքը կանգնեց ու ասաց այն, ինչ շատերը կցանկանային ասել, բայց չեն կարողանում:»:

Տիգրան Քոչարյանը կապ է տեսնում նաև Վիտալի Բալասանյանի հարցազրույցի և ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկության միջև.

«Բալասանյանի հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից հեռացրեց Գրիգորի Հայրապետովին: Ինչո՞ւ եմ սա կապում իրար հետ, քանի որ նա երեկ առաջին անգամ հիշեցրեց Դուշանբեի պատմությունները և տպավորություն ստեղծեց, որ իրեն հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել լիֆտում: Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսել է կասկածամտություն դրսևորել իր հետ չքայլած մարդկանց նկատմամբ, միգուցե այս խոսքերից հետո նա ինչ-որ սխալ հետևություններ է արել»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի երեկվա հանդիպմանը, որի ժամանակ բացակայել է Արցախի դրոշը, Տիգրան Քոչարյանը սա «փոքրիկ սրիկայություն» է որակում:

«Դրոշի հետ կապված՝ ասեմ՝ «мелкая подлость» էր, կարող էր դնել, կարող էր չդնել, բայց երբ աղմուկ բարձրացավ՝ միանգամից հանեցին նկարներ, որ առաջ էլ չի եղել: Եթե նախկինների բացթողումներով ձեր բացթողումներն եք հիմնավորում, ապա ինչո՞ւ էինք մերժում նախկիններին: Այս փաշինյանական պատասխանը, որ տրվեց մեդիաներին, ցույց է տալիս, որ առաջին՝ այդ նկարները պատրաստված էին, որ անհրաժեշտության դեպքում դրանով հարցը փակեն, և երկրորդ՝ նա շատ է սիրում մանր-մունր մեսիջներ ուղարկել մարդկանց, ովքեր իր հետ համաձայն չեն»,- պնդում է Տիգրան Քոչարյանը՝ հիշեցնելով Երևանում տեղի ունեցած՝ վրացի լրագրողի և Պուտինի հարցուպատասխանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ