Ունենք մի քանի մտահղացումներ. Իգոր Պոպովն՝ Արցախում ու Ադրբեջանում գտնվող ազատազրկված անձանց մասին
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/10/gi.thumb_.jpg)
Արցախում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Բակո Սահակյանը անդրադարձել են երկու երկրներում գտնվող ազատազրկված անձանց։
«Ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են»,-Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, հայտնում է «Արցախպրեսը»։
Նա նշել է, որ Ժնևում հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով զրույց են ունեցել:
Ավելի վաղ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ասել էր, որ Հայաստանի Հանրապետությունում գերիներ չկան:
«Եթե նկատի ունեք Արցախում քրեական պատիժը կրող երկու դիվերսանտներին, ապա դա Արցախի կառավարության գործն է, ես իրավասու չեմ պատասխանելու», – ասաց նա։
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիների հետ. «Մենք պատրաստ ենք փոխանակել Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ»:
Սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողներին ասել էր, որ Երևանում տեղյակ են և քննարկում են այդ հարցը։
«Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ դրա մասին հրապարակային կհայտնենք, երբ ինչ-որ որոշումներին մոտ լինենք», – ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Վերջինս հայտնվել էր Ադրբեջանի սահմանին 2018 թվականի հուլիսին՝ չպարզված պայմաններում, մինչդեռ Ադրբեջանում նրան դիվերսանտ են համարում:
Օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, զինծառայող 2000 թվականին ծնված Արայիկ Ղազարյանը լքել է մարտական դիրքերը: Ադրբեջանը հայտարարել է, որ զինծառայողը գտնվում է նրանց մոտ: Խախտելով միջազգային իրավունքի նորմերը՝ Ադրբեջանը հրապարակել է զինծառայողի լուսանկարը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևն ու Ասկերովը 2014 թվականի ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել են 22 տարվա ազատազրկման և ցմահ դատապարտման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենքի պահման և լռտեսության, ինչպես նաև հայոց բանակի սպայի սպանության համար: