Կարո Եղնուկյանը Սամվել Ալեքսանյանից բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում /վիդեո/
Վաղը, Հունիսի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը ` ընդդեմ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստը :
Այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Կարո Եղնուկյանը փաստեց, որ դատական նիստը շարունակ հետաձգվում է անհասկանալի պատճառներով և դա արդեն վկայում է, որ դատավորը անաչառ չէ:
Եղնուկյանը նշեց, որ Սամվել Ալեքսանյանը չի ներկայանում դատական նիստերին պատճառաբանելով, որ ինքը շուկայի սեփականատերը չէ, և որևէ կապ չունի հիշյալ պատմության հետ:
“Բայց մենք բոլորս էլ լավ գիտենք և ինքն էլ բազմիցս նշել է իր հայտարարություններում , որ ինքն է “Ծածկած շուկայի” սեփականատերը”,-նշեց Եղնուկյանը:
Եղնուկյանը պահանջում է Ալեքսանյանից .”Ես պահանջում եմ, որ ինքը իր արարքի համար ներողություն խնդրի, որ պաստառով վարկաբեկել է ինձ, զրպարտել է: Այդ ներողության ձևը ես եմ որոշել: Այստեղ կա նաև դրամական փոխհատուցում և դա օրենքով սահմանված գումար է”,-ասաց Եղնուկյանը հավելելով, որ այդ գումարը ըստ օրենքի պիտի 3 միլիոն դրամի չափով լինի:
Հիշեցնենք, որ “Նախախորհրդարան” նախաձեռնության կողմից “Ծածկած շուկայի”, որպես սուպերմարկետ վերաբացմանը դեմ և մշակութային կոթողի պահպանմանը միտված ակցիաների ժամանակ “Ծածկած շուկա”-ի վրա կախվել էր մի պաստառ, որի վրա Կարո Եղնուկյանի նկարն էր՝ “Մասոն” մակագրությամբ:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: