Ռուս լրագրողին ճանաչել ” պերսոնա նոն գրատա”

Ազգային ժողովի հունիսի 12-ի նիստում վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովին՝ պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին:
Վերջինս երեկ Ազգային ժողովում պատգամավորների, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպմանը անթույլատրելի հայտարարություններ է արել հայ ժողովրդի եւ հայոց լեզվի հասցեին: “Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է քննարկի նրան “պերսոնա նոն գրատա” ճանաչելու մասին հարցը: Խիստ դատապարտում եմ նաեւ ներկա պատգամավորների պահվածքը, ովքեր չեն եղել իրենց բարձրության վրա”, – ասաց Փաշինյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանելով՝ ասաց, որ պետք է միշտ մտածել, որ Հայաստանը եւ հայոց լեզուն հայերի համար մեծ հոգեւոր արժեք են, եւ եթե նման իրողություններ կան, նրանք կհետաքրքրվեն, թե որն է խնդիրը: Ի պատասխան՝ հանդիպմանը ներկա պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ նման բան տեղի չի ունեցել: Նման կարծիք հայտնեց նաեւ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը:
“Ներկա պատգամավորները շատ ակտիվ կերպով մասնակցել են եւ այնտեղ չի եղել վիրավորական որեւէ խոսք, բայց բանավեճի ընթացքում եղել են արգումենտներ, որոնց մենք պատասխանել ենք: Նրանք իրենց բարձունքի վրա են եղել”, – հայտարարեց նա:
Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հայտարարեց, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, եւ պահանջեց, որ այսուհետ նման հանդիպումները լինեն հայերենով եւ ուղեկցվեն թարգմանությամբ: