Միքայել Մինասյանի «Ազատ հասարակության հիմնադրամը» հիմնադրամը կսատարի անհատական թռիչքներին
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/10/40902_Miqayel_Minasyan3_M.jpg)
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առաջիկայում մտադիր են հիմնել «Ազատ հասարակության հիմնադրամը»։ Գրառման մեջ նշվում է․
«Ուրախ եմ, որ «Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն» արդեն սկսել է բնականոն գործել. կան առաջին հաղթողները, իրականացվում են առաջին ծրագրերը: Նպատակները շատ են, և հուսով ենք, որ հիմնադրամի աջակցությամբ շատերին կհաջողվի իրական հաջողության հասնել: Ավելացնեմ, որ առաջիկայում ավելի շատ ուշադրություն եմ դարձնելու մեր արվեստն աշխարհին ներկայացնելու համար առավել լայն հնարավորությունների ստեղծմանը:
Տեղեկացնեմ նաև մեկ այլ նախաձեռնության մասին. արդեն ավարտում ենք աշխատանքները և առաջիկայում հիմնելու ենք «Ազատ հասարակության հիմնադրամը», որը կօգնի մեր երկրում ազատ մտածողության, ազատ քաղաքացու, ազատ խոսքի և մեր արժեքային համակարգի հետագա ամրապնդմանն ու համահունչ զարգացմանը:
Մշակույթի, նորարարության, հասարակական և հոգևոր առաջընթացի ցանկացած անհատական թռիչք սատարում պետք է ունենա, և մենք կփորձենք մեր ներդրումն ունենալ այդ գործին»