՛՛Դուք ո՞նց եք բյուջեն կատարել, էդ ո՞ւմ եք սեղմել՛՛
”Դեռ տարիներ առաջ բյուջեում կարդում էինք` բյուջեն հաստատվել է այսքան, արտաբյուջետային ֆոնդերն եղել են էսքան, բյուջեն պետք է լիներ այսքան, կատարվել է այսքանով….մենք ունենք բյուջեի թվի ինտերպրետացիաներ: Իմ խորին համոզմամբ՝ արտաբյուջետային ֆոնդ չպիտի լինի՛՛,-այսօր ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ իր ելույթում ասեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: ՛՛Բյուջեն կատարվել է, թե չէ, ո՞նց ենք դատում. տնտեսական աճը նախատեսված էր 6,2 %, բայց եղել է 3,2%, էլ դուք ո՞նց եք բյուջեն կատարել, էդ ո՞ւմ եք սեղմել, եթե տնտեսության աճը ձեր ասած թվից 2,7% պակաս է՛՛,-ասաց նա:
Ապա պատգամավորը դիմեց Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին. ՛՛Ձեզ քանի անգամ ասել եմ, պարո՛ն Ջանջուղազյան, որ պետք էր պրոֆեսիոնալ անալիզ ստանալ՛՛: ՛՛Ձեր ներկայացրած փաստաթղթով նույնիսկ չեմ կարող հասկանալ, թե որտեղ կատարվեց, որտեղ ոչ. սա հասարակ, տնտեսագիտության առումով հասարակ տեխնիկական հարց է, անալիտիկ տեխնիկայի մեթոդների հարց է՛՛,-ասաց նա`ընդգծելով, որ ինչպես միշտ խորհրդարանը քննարկում է բյուջեի ծախսերը և ոչ թե եկամուտները, քանի որ եկամուտները մեկ էջով են ամփոփվում: Բագրատյանի խոսքով՝ բյուջեի ևս մեկ կարևոր թերություն է, որ փաստաթղթում չեն ամփոփվում պետական պարտքի մասին տվյալները, որը նույնպես բյուջետային թիվ է և պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից: