Մարզպետը չի կարող օգնել /վիդեո/
Վանաձոր քաղաքի քիմիական գործարանի մի քանի արտադրամասի աշխատակիցներ երեկ կրկին բողոքի ցույց են կազմակերպել Լոռու մարզպետարանի դիմաց: Նրանք պահանջել են վճարել իրենց տաս ամսվա աշխատավարձը:
Հինգ տասնյակից ավելի ցուցարարները ցանկացել են տեսնել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Վերջինս հանդիպելով աշխատակիցներին` նրանց չի խոստացել հարցի շուտափույթ լուծում: Մարզպետի տեղեկացմամբ այս պահին գործարանի խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում, որից էլ պարզ կդառնա նրա “լինել-չլինելու” հարցը:
Արթուր Նալբանդյանը մասնավորապես ասել է. “Ես չեմ կարող ձեր աչքին նայել ու սուտ խոստումներ տալ: Հարցն այնքան է հասունացել, որ նոր ծրագրեր են մշակվում: Կա նոր սեփականատեր, բայց պետք է հասկանանք՝ գործարանը հեռանկար ունի՞, թե չէ: Հիմա էդ ճանապարհի վրա ենք: Դուք եկել եք, ասում եք՝ էսօր մի պատասխան տվեք` հայա` հա, չէյա չէ: Ես էսօր պատասխան չունեմ` սուտ ո՞նց ասեմ”,- եզրափակել է մարզպետը:
Հիշեցնենք, որ Վանաձորի քիմգործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել: Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպել, որից հետո նրանց մեկ կամ երկու ամսվա աշխատավարձ էին տալիս:
Գործարանի տնօրինությունը իր բացատրությունն ունի` գործարանը վնասով է աշխատում, ինչի հետեւանքով պարտքեր են կուտակվում:
Քիմգործարանի աշխատակիցների ճակատագիրն առայժմ անհայտ է, բայց նրանք վճռական են տրամդված, եթե չվճարեն իրենց գումարնեը` գործադուլ կանեն:
Լուսանկարը՝ Aravot.am-ի