Ընդդիմությունն արդեն արձագանքել է ՕԵԿ-ին
”Մենք արդեն ասել ենք, հայտարարել ենք և շաբաթվա վերջին կլինի ասուլիս, մեր անելիքները պատշաճ ձևով կներկայացնենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ խոսելով իրենց առաջարկած քաղաքական խորհրդակցությունների մասին:
Նշենք, որ հունիսի 9-ից սկսում է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ: Դրանց նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ` ընտրական բարեփոխումների, մասնավորապես, 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ:
Հարցին՝ մյուս ընդդիմադիր կուսակցություններին ներկայացրել են իրենց բովանդակությունը, նա պատասխանեց. ՛՛Մեր հայտարարությունը կա, այն ինչ որ ասվել է, դրա շուրջ էլ կխոսենք: Սա այն խնդիրն է, որը խիստ կարևոր է և կարևորվում է քաղաքական ուժերից շատերի կողմից: Այս հարցը անմիջականորեն կապվում է նաև Հայաստանի քաղաքական համակարգի ձևավորման, կուսակցությունների ինստիտուցիոնալ կայացման հետ՛՛:
Դիտարկմանը, թե կարծես թե փորձում են ընդդիմությանը համխմբել, պատգամավորն արձագանքեց. ՛՛Մեր խնդիրը այլ է, մեր խնդիրն է ձևավորել ընդհանուր օրակարգ տվյալ խնդրի շրջանակներում: Ընտրական բարեփոխումներ և կարևորագույնը այդ բարեփոխումների 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելը՛՛: Շահգելդյանի խոսքով՝ արձագանքներ քաղաքական ուժերի կողմից արդեն կան: ՛՛Իրականում բոլոր քաղաքական ուժերի կողմից էլ կա դրական արձագանք՛՛: Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք համախմբման համար կա առաջնորդերի հանդիպման կարիք, ինչին Մհեր Շահգելդյանը պատասխանեց. ՛՛Այսօր մենք խոսում ենք Ազգային ժողովում քաղաքական ուժերի հանդիպումների վերաբերյալ՛՛: