Հունաստանի դեսպանը լավատես է
Այսօր ԵՊՀ հունագիտության կենտրոն էր այցելել ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Ալեքսանդր Մալխասյանը, Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ինչպես նաև ԵՊՀ հունագիտության կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանը:
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում դեսպանը կարևորեց երկու հնագույն ժողովուրդների համագործակցության ընդլայնմանն ու հունարեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրերը՝ նշելով, որ Մայր բուհն արտերկրում հունարենի զարգացմանը նպաստող կարևոր օղակներից մեկն է: “Չնայած Հունաստանում տիրող տնտեսական ծանր դրությանը՝ Հունաստանի Կառավարությունը ոչինչ չի խնայում աշխարհում հունարեն լեզվի ու մշակույթի զարգացման համար: Այդ նպատակով որոշում է կայացվել դրամական օժանդակություն ցուցաբերել ԵՊՀ հունագիտության կենտրոնին, ինչի շնորհիվ կենտրոնը կկարողանա նոր գրականություն ու բառարաններ ձեռք բերել հունարենը որպես առաջին լեզու ուսումնասիրող ուսանողների համար”,- ասաց Իոաննիս Տայիսը:
Հունագիտության կենտրոնի տնօրեն Լևոն Հակոբյանը դեսպանին ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, ուսանողների պատրաստվածության մակարդակը, կրթական ծրագրերը և հետագա անելիքները:
Պրոռեկտոր Արարատ Մալխասյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին ԵՊՀ հունագիտության կենտրոնի զարգացմանը միտված ծրագրերին ուշադրություն դարձնելու և օժանդակելու համար: “Հայաստանի և Հունաստանի բարեկամությունը դարերի պատմություն ունի: ԵՊՀ-ում գործող հունագիտության կենտրոնն այդ բարեկամության ամրապնդման ու ընդհանրապես հունական մշակույթի զարգացման գործում կարևոր առաքելություն ունի: Հարկ է նշել, որ մենք նույնպես շահագրգռված ենք հայ-հունական հարաբերությունների զարգացման գործընթացով”,- նշեց պրոռեկտորը:
Արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը խոսեց նաև հայ-հունական հարաբերություններում քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության ներկայիս փուլի և հետագա զարգացումների մասին:”Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական բնագավառներում Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև շփումները բարձր մակարդակով են իրականացվում, ինչի մասին են վկայում փոխադարձ այցելությունները: Իհարկե, տնտեսական կապերը բավականին զարգացած չեն, սակայն այդ ուղղությամբ նույնպես քայլեր են ձեռնարկվում. մասնավորապես աշնանը կկազմակերպվի բիզնես համաժողով, որը, կարծում եմ, դրական արդյունքների կհանգեցնի”,- ասաց դեսպանը և հավելեց, որ առանձնակի ուշադրություն է դարձվում նաև մշակութային կապերի ամրապնդմանը, որի զարգացման գործում էական ներդում ունեն դեսպանությունները: